Լրահոս
Օրվա լրահոսը

Բայց դարձյալ թերություններ կան

Մայիս 02,2001 00:00

Նախորդից լավն է Բայց դարձյալ թերություններ կան Շատ քիչ է պատահում, որ ազգովի սպասենք ինչ-որ բանի, սպասենք տենդագի՛ն, ջղագրգի՛ռ, անհամբե՛ր։ Վերջին ամիսներին բոլորիս այդպիսի տվայտանքներ էր պատճառել ընդամենը… մի գիրք՝ «Հայոց լեզվի շտեմարանը»։ Հարցարաններին ծանոթանալիս նախեւառաջ ուսումնասիրում ենք հարցաշար 1-ը։ Բնական է, քանզի այդ բաժնին տրվում են ամենաբարձր միավորները, միաժամանակ այն ամենավտանգավոր ու բարդ հատվածն է։ Հարկ է նշել, որ սույն ժողովածուում ուղղագրական եւ կետադրական նյութերը կազմված են բարեխղճորեն եւ ընդգրկում են հայոց լեզուն համակողմանիորեն։ Ամենակարեւորն այն է, որ տեքստերը համակարգված են, զերծ անիմաստ բառակուտակումներից, որոնց առկայության դեպքում միտքը դառնում է դժվար հասկանալի, հետեւաբար կետադրելը՝ դժվար։ Հեղինակներն աշխատել են հստակեցնել կետադրական կառույցները եւ հնարավորինս խուսափել երկվություններից։ Եվ, այդուամենայնիվ, շտեմարանի ամենախոցելի տեղը առաջին հարցաշարն էր, որտեղ սպրդել են այնպիսի նախադասություններ, որոնց առանձին մասերը չգիտես ինչպես կետադրել։ Նախորդ հարցարաններով քննություն ընդունելիս հնարավոր չէր ստուգել՝ դիմորդը կարողանո՞ւմ է, արդյոք, ճիշտ գրել հատուկ անունները, գծիկով, առանձին կամ միասին գրվող բառերը։ Այնինչ ներկա հարցարանը կազմված է այնպես, որ դիմորդի գիտելիքները երեւան համակողմանիորեն։ Ցանկալի կլինի, որ գրքի վերահրատարակման դեպքում հատուկ անունների ուղղագրությունն ստուգող նախադասություններում բառերը գրվեն ոչ թե մեծատառերով, այլ փոքրատառերով, որովհետեւ գրության այս եղանակը հոգնեցնող է եւ կարող է անհարկի առիթ տալ սխալների։ Միասին, անջատ կամ միության գծիկով գրվող բարդությունների ուղղագրությունն ստուգող առաջադրանքներում հեղինակներն աշխատել են ըստ հնարավորին բացառել զուգաձեւությունները։ Գերազանց է կազմված երկրորդ հարցաշարն իր ութ ենթաբաժիններով։ Լուծումները ճիշտ կատարելու համար անհրաժեշտ է խոր պատկերացում ունենալ արմատի եւ ածանցի մասին, օժտված լինել բառը ստուգաբանելու հմտությամբ, մի բան, որ դպրոցը գրեթե չի տալիս։ Դպրոցներում մեծ մասամբ բառերի ուղղագրությունը ուսուցանվում է մեխանիկորեն, առանց խորանալու դրանց բուն կառուցվածքի մեջ։ Խորությամբ չեն ներկայացվում «արմատ» եւ «ածանց» հասկացությունները, չեն կատարվում ստուգաբանական վերլուծություններ։ IV եւ V հարցաշարի օրինակները հարթ են, փոխակերպումները՝ առանց խորդուբորդությունների եւ ենթադրում են մեկ պատասխան։ Որոշ սպրդումներ կան 4.3. հարցաշարում, ուր պահանջվում է ընդգծել տրված նախադասություններից հանված բառերի ձեւաբանական վերլուծության տարբերակներից ճիշտը։ Օրինակ՝ N15 պահանջում իրենց բառի դիմաց տրված է՝ ուղղական հոլով, բացառական հոլով, գործիական հոլով։ Որի՞ տակ գծի դիմորդը, եթե տվյալ դեպքում իրենց բառը դրված է տրական հոլովով։ ՌՈՒԲԻՆԱ ՆԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031