Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Աճուրդի

Մայիս 05,2001 00:00

ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ԹԻՎԸ ԿԱՎԵԼԱՆԱ ԵՎՍ 200-ՈՎ Աճուրդի է հանվում «Մանկական աշխարհը» ՀՀ պետական գույքի կառավարման նախարարությունում երեկ կայացավ աճուրդային հանձնաժողովի նիստ եւ որոշում ընդունվեց, որ հունիսի 1-ին կկայանա «Մանկական աշխարհ» հանրախանութի աճուրդը։ Երեկ նախարարության մոտ էին հավաքվել հանրախանութի կոլեկտիվի անդամներ, որոնք ինչպես ասացին, այդ մասին իմացել էին «ներքին կարգով»։ Նրանց անհանգստացրել էր հատկապես աճուրդի գնի իջեցումը, որը 2 մլն ԱՄՆ դոլարից իջել է 1,5 մլն դոլարի։ Դեռեւս հայտնի չէ գնորդի անունը, բայց խանութի աշխատակիցները համոզված են, որ դա մի մարդ է, որը ինչ-որ մեկի հովանավորության տակ, անօրինական ճանակապարհով կարողացել է միլիոններ վաստակել։ «Մենք պայքարելու ենք խանութի համար եւ նա (գնորդը) այդ շենքը չի մտնելու»,- ասում էին հանրախանութի աշխատակիցները։ Արդեն 10 օր է, «Մանկական աշխարհի» կոլեկտիվը գիշերն անցկացնում է խանութում։ Նրանց պատմելով՝ քնում են աթոռների վրա։ Ոմանք հերթապահություն են անում գիշերը, իսկ ցերեկը գնում են տուն՝ հանգստանում եւ երեկոյան նորից գալիս։ Հանրախանութի կոլեկտիվը դիմում է ներկայացրել ՀՀ կառավարություն, ՀՀ նախագահին, բայց անարդյունք՝ ոչ մի պատասխան չի ստացել։ Նրանց 8 հոգիանոց պատվիրակությանը ընդունել եւ լսել է միայն քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը։ Բայց քանի որ իրենից ոչինչ կախված չէ, դարձյալ պատասխան չի տվել։ Հանրախանութն այժմ գործում է, կամ ինչպես ներկաներն ասացին՝ «բոլորն իրենց տեղերում կանգնած աշխատում են»։ Ըստ հանրախանութի աշխատակիցների, քաղաքապետի թույլտվությամբ՝ ապրիլի 28-ից մինչեւ օրս, առանց կարգավիճակի աշխատում են՝ սպասելով հարցի լուծմանը։ Հանրախանութի աշխատակիցների կարծիքով, երկրի ղեկավարությունն է ուզում, որ իրենք լքեն հայրենիքը եւ օտար երկիր մեկնեն. «Իսկ մենք հայրենիքում ենք ուզում մնալ, աշխատել այստեղ, ոչ թե ուրիշի համար։ Այսպես վարվեցին նաեւ Լենինյան հանրախանութի հետ, որը շուրջ 6 տարի փակված է, իսկ 150 աշխատող մնացել է փողոցում։ Նույն ձեւով վարվեցին նաեւ «Սեւան» հյուրանոցի հետ»,- լրագրողների հետ կիսվում էին մարդիկ։ Հանրախանութն ունի 200 աշխատող, որից ներկայումս աշխատում է 140-ը, իսկ 60-ը, հրդեհի պատճառով, գտնվում է հարկադիր պարապուրդում։ Կոլեկտիվի պահանջը իշխանավորներից այդ տարածքը վարձակալելն է։ Նրանք պատրաստ են պայքարել եւ համոզված են. «Մեզ ոչ մի կերպ այդ խանութից չեն կարող հանել»։ Նրանց կարծիքով՝ այդ հարցով հատկապես պետք է զբաղվեն երկրի նախագահն ու վարչապետը, սակայն «երեւի ավելորդ են համարում զբաղվել 200 հոգու հարցով։ Մենք ուզում ենք աշխատել, ուրիշ ճար չունենք, ոչ մի տեղ չենք կարողանա աշխատանք գտնել։ Թե ինչպես պետք է մեր գոյությունը պահպանել, չգիտենք»,- բողոքում էին հավաքվածները։ Ըստ նրանց՝ այդ 200 հոգին պետք է համալրեն հանրապետությունում եղած գործազուրկների շարքերը. «Իբրեւ այսօր քիչ են գործազուրկները, մենք էլ պիտի ավելանանք նրանց կողքին։ Մի հատ գործարան են բացում՝ 10-20 աշխատատեղով, հարյուր անգամ հեռուստացույցով ցույց են տալիս, զարմացնում, բայց թե ինչպես կապրեն 200 հոգին, որոնց ուզում են զրկել այդ մանր կոպեկներն աշխատելուց, չգիտենք»,- ասում էին նրանք։ Հարցն օրինական լուծում չստանալու դեպքում, հանրախանութի ողջ անձնակազմը նախ դիմելու է բոլոր դեսպանատներին, այնուհետեւ փակելու է Աբովյան փողոցը։ Պետական գույքի կառավարման փոխնախարար Միքայել Մելքումյանը հայտնեց, որ «Մանկական աշխարհ» հանրախանութը՝ որպես գույք, գտնվում է Կենտրոն համայնքի թաղապետի հաշվեկշռում եւ, ըստ ավագանու որոշման, գինը 2 մլն-ից իջել է 1,5 մլն-ի։ Իսկ ինչ վերաբերում է կոլեկտիվին. «Մենք կոլեկտիվի հետ գործ չունենք, մենք գույք ենք վաճառում։ Կոլեկտիվի խնդիրը քաղաքապետարանինն է, եւ պետք է գործ ունենան նրա հետ, ում հետ պայմանագիր են կնքել։ Մենք իրականացնում ենք օրենքով սահմանված մեր լիազորությունը՝ որպես վաճառող կամ օտարող մասնագիտացված կազմակերպություն»,- եզրափակեց պրն Մելքումյանը։ ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել