
«Խորհուրդներով» կբարելավվի հարկային քաղաքականությունը ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության հրավերով Հայաստանում են գտնվում Հարկերի եւ ներդրումների միջազգային կազմակերպության նախագահ Դեն Ուիթթը եւ ՀՆՄԿ ԱՊՀ երկրների տնօրեն Վլադիմիր Սամույլենկոն։ Ներկայացուցիչները համառոտ ներկայացրին իրենց ծրագրերը։ Երեկ այս առիթով ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունում մամուլի ասուլիս էր հրավիրվել։ ՀՆՄԿ նպատակն էր՝ հանդիպել ֆինանսների եւ էկոնոմիկայի, պետեկամուտների, առեւտրի եւ արդյունաբերության նախարարների հետ, ինչպես նաեւ՝ քննարկումներ կազմակերպել ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի հետ։ Կքննարկվեն հնարավոր համագործակցության ընդլայնման հետագա հնարավորությունները, քանզի, ինչպես շեշտեց պրն Ուիթթը՝ «Հանգամանքների բերումով Հայաստանում մեր կազմակերպությունը պասիվ գործունեություն է ծավալել, եթե հաշվի առնենք, որ ԱՊՀ մի շարք երկրների հետ բավականին արդյունավետ աշխատանքներ են տարվում։ Ուստի, հուսով ենք, որ այս այցելության արդյունքում ավելի գործնական պայմանավորվածություններ ձեռք կբերվեն»։ Պրն Ուիթթը հատկապես կարեւորեց իրենց գործոնը խորհրդատվական ոլորտում, քանզի« ըստ նրա, իրենց «խորհուրդները» կօգնեն Հայաստանում ստեղծել հարկային հավասարակշռված դաշտ եւ համակարգել պետբյուջեի եկամուտները։ «Հարկային քաղաքականությունը կարեւորագույն նշանակություն ունի տվյալ երկրի զարգացման համար, ուստի, վերլուծելով կատարված աշխատանքները, կարելի է ասել, որ Հայաստանը միանշանակ այս բնագավառում կատարել է իր առաջին լուրջ քայլերը»,- ասաց պրն Ուիթթը։ ՀՆՄԿ-ն ստեղծվել է 1993 թվականին, սակայն արդեն մասնաճյուղեր ունի Ռուսաստանում, Ղազախստանում, Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում։ Կազմակերպությունն իր ծրագրերը իրականացնում է շնորհիվ Կանադայի, Ավստրալիայի եւ Միացյալ Նահանգների ներդրումների։ Տեղեկացանք նաեւ, որ կազմակերպության ծրագրերի մեջ են մտնում ԱՊՀ երկրների կառավարությունների եւ օրենսդիր մարմինների ներկայացուցիչների հետ երկարաժամկետ կապերի հաստատումը, կրթական ծրագրերի մշակումն ու իրականացումը, արեւմտյան փորձագետների եւ ԱՊՀ երկրների պետական պաշտոնյաների միջեւ հանդիպումների կազմակերպումը։ Կրթական ծրագրերում շեշտը կդրվի հիմնականում հարկային եւ մաքսային գործնական խնդիրների լուծման վրա։ Կապված ԱՊՀ երկրներում միասնական մաքսային համակարգի ստեղծման առաջին քայլերի հետ, ՀՆՄԿ-ն նախատեսել է այս խնդրին վերաբերող մի շարք հետազոտություններ անցկացնել, որոնց նպատակն է ապահովել վերոնշյալ ծրագրի քաղաքական աջակցությունը։ ԱՆՆԱ ԴԱԲԱՂՅԱՆ


















































