Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ «Հայէլեկտրամեքենա» ԲԸ տարածքում կայացավ քրիստոնեության 1700-ամյակին

Մայիս 08,2001 00:00

Ծավալը՝ փոքր, բովանդակությունը՝ մեծ Երեկ «Հայէլեկտրամեքենա» ԲԸ տարածքում կայացավ քրիստոնեության 1700-ամյակին նվիրված Փոքր ծավալի բրոնզե քանդակի սիմպոզիումի բացումը։ Երկու ամիս տեւողությամբ սիմպոզիումը, որին մասնակցում է 12 քանդակագործ՝ Մարիամ Հակոբյանը, Գետիկ Բաղդասարյանը, Լեւոն Վարդանյանը, Սամվել Ղազարյանը, Աշոտ Բաղդասարյանը, Գարեգին Դավթյանը, Նունե Թումանյանը, Էմիլ Պետրոսյանը, Արմենակ Վարդանյանը, Գագիկ Ղազարյանը, Էդուարդ Շախիկյանը եւ Թոմ Գեւորգյանը, կազմակերպվել է «Հայէլեկտրամեքենա» ԲԸ-ի, «Արազա» ՀԲԿ-ի եւ «Նորէոն» ստեղծագործական խմբի նախաձեռնությամբ։ Ինչպես սիմպոզիումի բացման ժամանակ նշեց «Հայէլեկտրամեքենա» ԲԸ-ի գործադիր տնօրեն Գեւորգ Մանասյանը. «Փոքր ծավալի քանդակի սիմպոզիումի գաղափարին ժամանակին հավանություն էր տվել նաեւ Կարեն Դեմիրճյանը»։ Ազգային պատկերասրահի տնօրեն Շահեն Խաչատրյանն էլ պարզաբանեց. «Փոքր չափի քանդակագործությունը չի նշանակում փոքր չափի արվեստ։ Կարող է աշխատանքի չափը փոքր լինել, բայց բովանդակությունը՝ մեծ։ Փոքր չափը մեր ժողովրդի՝ արվեստի մասին պատկերացումների սպեկտրն է»։ Ինչ-ինչ, բայց «Հայէլեկտրամեքենա» գործարանն իր ահռելի չափսերով, ակնհայտորեն, չէր մտնում արվեստի մասին մեր ժողովրդի պատկերացումների սպեկտրի մեջ։ Եվ երբ սիմպոզիումի բացմանը ներկաներին էքսկուրսի տարան «Հայէլեկտրամեքենայի» տարածք, որտեղ ԲԸ ղեկավարները հպարտացան իրենց արտադրած տրանսֆորմատորներով եւ գեներատորներով, ամենքս ընկանք նոստալգիկ հիշողությունների գիրկը՝ անընդգրկելի երկրի ու նրա նույնքան անընդգրկելի գործարանների մասին։ Երկու ամսվա ընթացքում «Հայէլեկտրամեքե նայի» տարածքում տրամադրված սենյակներում քանդակագործները կկերտեն իրենց աշխատանքները, որոնք կձուլվեն տեղի ձուլարանում եւ կտարվեն Ժամանակակից արվեստի թանգարան, որտեղ հուլիսի 7-ին կկայանա սիմպոզիումի եզրափակիչ ցուցահանդեսը։ Մ. Բ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել