Լրահոս
Օրվա լրահոսը

Թաղային դատարանը հեղինակությունների համար չէ

Մայիս 09,2001 00:00

Թաղային դատարանը հեղինակությունների համար չէ Գերմանական համագործակցության կազմակերպությունը երեկ Թեքեյան մշակութային կենտրոնում, դատարանակազմության թեմայով, հանդիպեց Հայաստանի երեք ատյանների դատավորների, ԱԺ իրավաբանական ծառայության իրավաբանների հետ։ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Հենրիկ Դանիելյանը ներկայացնելով մասնակիցներին՝ ասաց, որ մեր հյուրերը Հայաստանի հետ համագործակցության տերն ու տիրակալներն են, մասնավորապես, Համբուրգի համալսարանի դոկտոր Ֆուլ դե Խանդը, տիկին Բրիջիդո Դիլմանը, Հեսսեյի արդարադատության նախարարության պատասխանատու դոկտոր Շուլցեն, գերմանական ֆեդերալ վարչական ԳԴ ներկայացուցիչը։ Հյուրերը կարեւորեցին Հայաստանի իրավական պետություն դառնալու հանգամանքը, «երես տալու» պես նշելով, որ իրենք այդ ուղղությամբ բազմաթիվ սեմինարներ, դասախոսություններ են կազմակերպել։ Նրանք ասացին, որ իրենք հիմնականում աշխատելու են ոստիկանական եւ վարչական իրավունքի ոլորտներին առնչվող հարցերի ուղղությամբ։ Տիկին Դիլմանը նախ զարմացավ, որ հավաքին կին դատավորները քիչ են եւ մեր կին դատավորների ջգրու էլ տեղեկացրեց, որ Գերմանիայում ՍԴ նախագահը կին է եւ 24 երկրամասային դատարանների ԳԴ նախագահներից 5-ը կին է։ «Ես գիտեմ, որ Հայաստանում էլ հիմա վիճում են, թե քանի աստիճան պիտի ունենա դատական համակարգը»,- ասաց տիկին Բրիջիդոն եւ հայտնեց, որ Գերմանիայում իրենք ունեն հատուկ իրավասության դատարաններ, ինչպես եւ ընդհանուր իրավասության։ Ի դեպ, գոյութուն ունեն առաջին ատյանի՝ թաղային դատարաններ, որոնք ոչ թե քննում են թաղային հեղինակությունների հետ առնչվող գործեր, այլ այնպիսի, որոնց հայցի գինը մինչեւ 10 հազար մարկ է… Հեսսեյում 58 միջին թաղային եւ 5 խոշոր թաղային դատարան կա, ուր գործում է 680 դատավոր, որն էլ լսում է տարեկան 120 հազար քաղաքացիական գործ։ Երկրամասային՝ երկրորդ ատյանի դատարանը լսում է 30 հազար քաղաքացիական գործ, մինչեւ 12 ամսվա ընթացքում, որոնց 80%-ը վերջնական որոշում է ստանում։ Նկատենք, որ երեկվա հանդիպմանը դարձյալ մասնակցում էին մայրաքաղաքի դատավորները եւ այս էլ որերորդ անգամ ուշադրության չեն արժանանում մեր մարզերի դատավորները։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել