Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Օրերս «Վասպուրական» մանկական երգի-պարի թատրոնը վերադարձավ Աջարիայի Բաթում քաղաքում «15-ամյա բեմական

Մայիս 16,2001 00:00

«ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆ» ՀԱՄՈՒՅԹԻ 15-ԱՄՅԱ ԲԵՄԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ Օրերս «Վասպուրական» մանկական երգի-պարի թատրոնը վերադարձավ Աջարիայի Բաթում քաղաքում «15-ամյա բեմական կյանք» խորագրով անցկացված հյուրախաղերից։ Մեկնելուց առաջ «Վասպուրական» համույթն իր գործունեության 15-ամյակն է նշել Երեւանում, իսկ մի քանի օր անց ստացել էր Բաթում մեկնելու հրավերը, որը թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն, երաժշտագետ Անահիտ Խեչումյանի խոսքերով, իրենց ծննդյան օրվա ամենամեծ նվերը դարձավ։ Տիկին Խեչումյանի գնահատմամբ, համերգները պսակվել են հաջողությամբ, քանզի վերջին համերգին նրանց է մոտեցել Աջարիայի մշակույթի փոխնախարարը եւ առաջարկել մասնակցել հաջորդ օրը կայանալիք միջազգային փառատոնին։ Դա նրանց անակնկալի է բերել, բայց փոխնախարարն ասել է, որ իրենք Հայաստանին հրավեր են ուղարկել փառատոնին մասնակցելու, սակայն արձագանք չեն ստացել։ «Կարծում եմ, շատ հարմար առիթ է Հայաստանը Աջարիայում ներկայացնելու»,- ասել է փոխնախարարը։ «Քանի որ մենք հաջորդ օրը պետք է Երեւան վերադառնայինք, ուստի ժամը 14-ին մասնակցել ենք փառատոնին, իսկ ժամը 16-ին արդեն ավտոկայարանում էինք»,- պատմեց տիկին Խեչումյանը։ Շուտով համույթին կտեղեկացնեն փառատոնի արդյունքների մասին եւ, եթե որեւէ տեղ զբաղեցրած լինեն, կմասնակցեն նաեւ փառատոնի կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ փուլերին։ «Ճիշտն ասած, նման անսպասելի առաջարկը մեծ փորձություն էր՝ հատկապես երեխաների համար, բայց նրանք իրենց լիովին արդարացրին»։ «Վասպուրական» համույթն իր 15-ամյա գործունեության ընթացքում մասնակցել է 9 հանրապետական փառատոնի՝ շահելով բազմաթիվ մրցանակներ, պատվոգրեր։ Երեւանյան տարբեր բեմահարթակներում, ինչպես նաեւ Ջավախքում, Արցախում, Ախալցխայում, Ծալկայում, Թբիլիսիում հանդես է եկել 200-ից ավելի համերգներով, այդ թվում՝ բարեգործական, որի ողջ հասույթը փոխանցվել է զոհված ազատամարտիկների ընտանիքներին։ «15-ամյա բեմական կյանք» խորագրով առաջին՝ երեւանյան համերգին մասնակցել է 40 երեխա՝ 4-16 տարեկան։ Ներկայացվել են տարբեր ժանրեր՝ ժողովրդական երգեր, պարեր, հեղինակային երգեր, ժողովրդական մանրապատումներ, գործիքային մենանվագներ, իսկ ամենավերջին՝ «Առականի» երաժշտական ստեղծագործության պրեմիերան հանդիսատեսի կողմից ընդունվել է մեծ ոգեւորությամբ, քանզի բեմականացման մեջ ընդգրկվել են միայն 4 տարեկան երեխաներ, որոնք առակներն արտասանել են արեւմտահայերենով։ Ի դեպ, նույն ծրագրով համույթը հանդես է եկել նաեւ Բաթումում։ Համույթն ունի նաեւ լուրջ ֆինանսական խնդիրներ։ Տիկին Խեչումյանը նշեց, որ իրենց գոյատեւման միակ միջոցը ծնողների նվիրաբերումներն են։ «Մենք ունենք հրավերներ նաեւ սփյուռքից, բայց ես նույնիսկ վախենում եմ արձագանքել, քանզի ֆինանսական հնարավորությունները չեն ներում այդքան ծավալվել»,- ասաց տիկին Խեչումյանը։ Նա վերջերս դիմել է երեւանյան բանկ երին եւ մի շարք անհատ ձեռներեցների՝ ֆինանսական աջակցություն ցուցաբերելու խնդրանքով, սակայն մերժվել է։ Տեղեկացանք, որ համույթը «սրտատրոփ» սպասում է Յարոսլավլում մանկական երգի միջազգային փառատոնին մասնակցելու հրավերին։ Մինչ այդ, մայիսի 27-ին Աշտարակի Վասպուրական կոթողի մոտ կնշվի «Վասպուրական» հայրենակցական միության տարելիցը։ Իսկ օգոստոսին համույթը կսկսի իր ամենամյա «գործուղման սեզոնը»՝ Արցախ աշխարհից։ ԱՆՆԱ ԴԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել