Լրահոս
Օրվա լրահոսը

Սովորաբար գործարարները որեւէ երկրում ներդրում կատարելուց առաջ ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրու

Մայիս 17,2001 00:00

ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԾԱԽԵՑԻ՞ՆՔ, ԹԵ՞ ԱՌԱՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԸ Սովորաբար գործարարները որեւէ երկրում ներդրում կատարելուց առաջ ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրում են ոչ միայն այդ երկիրը, այլեւ ամբողջ տարածաշրջանը։ Գործարարներին շատ դժվար է հետաքրքրել նույնիսկ ամենափայլուն պոտենցիալ ունեցող, սակայն ռազմական կոնֆլիկտի մեջ ներքաշված պետությամբ։ Սակայն ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարար Կարեն Ճշմարիտյանի հավաստմամբ, Հայաստանում ներդրումներին նվիրված Նյու Յորքի համաժողովի ընթացքում «այդքան էլ շատ չի խոսվել հակամարտության մասին։ Մարդիկ ավելի շատ այլ բաներից էին խոսում, որովհետեւ նրանք գործարարներ են»։ Մենք գիտենք, որ դեռեւս չլուծված հակամարտություն ունենք, բայց գործարարները նույնիսկ դրա մասին հարկ չեն համարել խոսել։ Ուրեմն կամ այն լուծված է՝ մենք տեղյակ չենք, կամ չարժե լուրջ ընդունել այդպիսի գործարարների՝ մեր երկրի նկատմամբ ունեցած հետաքրքրությունը. եթե գան այստեղ, ապա լավագույն դեպքում՝ կարճ ժամանակով, հետո էլ «կգցեն» մեզ ու կգնան։ Հետաքրքիր է միայն, որ հակամարտության եւ գործարարության միջեւ կապը չի տեսնում կամ չտեսնելու է տալիս արդյունաբերության նախարարը։ Թե այս երկու «կամ»-երից որն է մեզ համար նախընտրելի՝ ապագայում կերեւա, իսկ երեկ Նյու Յորքի համաժողովի մարաթոնի գովքի ջահը ՀՀ նախագահից եւ էներգետիկայի նախարարից ստացած Կարեն Ճշմարիտյանը լրագրողներին էր փոխանցում միջազգային կազմակերպությունների զարմանքը՝ հայկական կողմի պատրաստվածությամբ։ Զարմացել է նաեւ մեր պատվիրակությունը՝ լսելով Պեռնո Ռիկարի ներկայացուցչի «ավելի շատ՝ դրական ելույթը» Հայաստանի ներդրումային դաշտի մասին։ Վերջինս հայտնել է, որ ճիշտ է, ՀՀ կառավարության հետ պրոբլեմներ են ունեցել, բայց ամեն ինչ հաղթահարվել է։ Ամենազարմանալին՝ մեր եւ հիշարժանը՝ պրն Ճշմարիտյանի կարծիքով, Ջեմս Թուֆենկյանի ելույթն էր՝ մոտավորապես այս բովանդակությամբ. «Հայաստանում ես ընկեր ու հովանավոր չունեմ, բայց կարողանում եմ աշխատել եւ շահույթ ստանալ»։ Նյու Յորքում իհարկե չեն եղել այն գործարարները, որոնք «փոշմանել են» Հայաստանում ներդրումներ անելու համար. նրանք վաղուց Հայաստանում չեն (դժվար էլ է պատկերացնել, որ այդպիսիք կհասնեին Նյու Յորք- Ա. Գ.)։ Իսկ որ Հայաստանը չափից դուրս վարդագույն չներկայանա եւ կորցնի արժանահավատությունը, նույնպես հոգացել է հայրենի կառավարությունը, ինչպես եւ խոստացել էր նախօրոք։ Մասնավորապես պրն Ճշմարիտյանը, իր ազգանվանը տեր կանգնելով, պատմել է հանքարդյունաբերության զարգացմանը խոչընդոտող՝ տրանսպորտի բարձր գնի եւ տնտեսության զարգացմանն ընդհանրապես խանգարող բյուրոկրատական խոչընդոտների մասին։ «Ներդրողը պետք է իմանա, թե ինչ խոչընդոտներ կան տվյալ երկրում, բայց պետք է իմանա նաեւ, թե ինչ քայլեր է ձեռնարկում կառավարությունը՝ դրանք վերացնելու ուղղությամբ»։ Այնպես որ, պոտենցիալ ներդրողներին տեղյակ են պահել գործարարության աջակցման խորհրդի գոյության մասին։ Լրագրողներից մեկի այն հարցը, թե համաժողով ինչո՞ւ չի մեկնել այդ խորհրդի նախագահ վարչապետը, այլ ՀՀ նախագահը, պրն Ճշմարիտյանը կոռեկտ չհամարեց իրեն ուղղել, մանավանդ որ նախագահն ու վարչապետը հազվադեպ են միասին որեւէ միջոցառման մեկնում։ Մեզ թույլ տանք այն դիտարկումը, որ ՀՀ նախագահի՛ մասնակցությունը տնտեսական համաժողովին դրան քաղաքակա՛ն բնույթ է տալիս. ի՞նչ են տնտեսական երաշխիքները քաղաքականի հետ համեմատած։ Մինչ մեր պատվիրակությունը Նյու Յորքում գերակատարում էր համաժողովին մասնակցության, ներդրումային ծրագրերի ներկայացման պլանները («300 հոգի՝ նախատեսված 250-ի փոխարեն, 25 ծրագիր՝ նախատեսված 22-ի փոխարեն», ինչպես հաղորդեց արդյունաբերության նախարարը), ՀՀ Ազգային ժողովը երկու օր առաջ այնքան էլ դրական չգնահատեց 1998- 2000թթ. մասնավորեցման գործընթացը, ինչի պատճառ նշվեց սեփականաշնորհման ենթակա օբյեկտների գրավիչ չլինելը։ Նախարարը հայտնեց, որ հենց պոտենցիալ գնորդի համար գրավիչ դարձնելու նպատակով են իրենք վերագործարկում պետական բաժնեմաս ունեցող ձեռնարկությունները։ Նյու Յորքում ներկայացվել են ՀՀ տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը՝ սննդարդյունաբերություն, շինանյութերի արտադրություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, էներգետիկա, հանքարդյունաբերություն, տրանսպորտ, զբոսաշրջություն։ Առաջին ներդրումները, ըստ Կ. Ճշմարիտյանի, հավանաբար կլինեն սննդարդյունաբերության եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում, համաժողովի առաջին արդյունքները կերեւան այս տարվա չորրորդ եռամսյակում։ Գոնե սա՛ ապահովեր ՀՀ նախագահի խոստումը 40 հազար աշխատատեղի մասին։ Ի դեպ, խոստումների մասին։ Նախարարը հայտարարեց, որ, ինչպես ցանկացած նախարար, ինքը եւս կիսում է նախագահի եւ վարչապետի ցանկացած խոստման պատասխանատվություն՝ տվյալ դեպքում այս տարվա ընթացքում 100 հազար զբոսաշրջիկ ունենալու մասին։ Իսկ խոստումներ տալիս՝ նախագահ լինի, թե վարչապետ, տեսնես հարցնո՞ւմ են որեւէ նախարարի կարծիքը՝ ռեա՞լ խոստում է տվածը, թե՞ ֆանտաստիկայի ոլորտից։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել