Լրահոս
Օրվա լրահոսը

Խորվաթիայի կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Ինո Միրկովիչը նախագահում էր Կոմիտասի անվան պետական կոնսե

Հունիս 19,2001 00:00

«ՄԵՐ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՀԱՐԱՏԵՎԻ» Խորվաթիայի կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Ինո Միրկովիչը նախագահում էր Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նվագախմբային ֆակուլտետի լարային բաժնի ավարտական պետական քննությունները։ – Ո՞րն է Ձեր եւ Երեւանի պետական կոնսերվատորիայի համագործակցության ակունքը։ – Համաձայն հին ու իմաստուն աֆորիզմի, արվեստում ոչ թե այն է լավ, որ ճիշտ է, այլ՝ հակառակը։ Ճշմարիտ է այն, ինչ լավ է։ Իրոք, ամեն ինչ լավ է։ Հպարտ եմ, որ երկրորդ տարին է, ինչ նախագահում եմ ավարտական քննությունների հանձնաժողովը եւ նստում եմ կողք կողքի այնպիսի հայ երաժիշտների հետ, ինչպիսիք են Արամ Շամշյանը, Էդուարդ Թադեւոսյանը, Հենրի Սմբատյանը, Էդուարդ Դայանը։ Երաժիշտներ, որոնք ուսանել են Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսորներ Օյստրախի, Կոգանի եւ այլոց դասարաններում։ Ես էլ «մոսկովյան դպրոցն» եմ անցել, ուսանելով Անդրեյ Կորսակովի մոտ։ Սա ասացի այն պարզ պատճառով, որ ձեր դասախոսների եւ իմ անցած «դպրոցները» նույնն են եւ տարաձայնություններ չեն կարող լինել։ – Ինչպե՞ս եք գնահատում մեր շրջանավարտների կրթական մակարդակը։ – Կոնսերվատորիայի շրջանավարտները, արդեն պրոֆեսիոնալ երաժիշտները, իրենց գործիքներով (ի դեպ, վերջիններին նրանք լիովին են տիրապետում), տեխնիկական ու մտավոր զինանոցի ամենաբազմազան միջոցներով արտահայտում են, ներկայացնում տվյալ ժամանակաշրջանի այս կամ այն կոմպոզիտորի մտքերն ու հույզերը, մի խոսքով՝ ասելիքը։ Ուսման հինգ տարիների ընթացքում հասկացել են, յուրացրել շատ կարեւոր մի բան, այն է՝ նրանց համար թանկ է ամեն մի առաջին հայացքից մանր թվացող ֆրազ։ Պետք է ասեմ, որ հաճախ հենց դրանք են հմայք տալիս երաժշտությանը։ – Ե՞րբ է եղել Ձեր առաջին շփումը Երեւանի պետական կոնսերվատորիայի դասախոսաուսանողական կազմի հետ։ – Երեւանի կոնսերվատորիայի շրջանավարտների, դասախոսների մասին շատ էի լսել, իսկ առաջին շփումս եղավ տարիներ առաջ, երբ ուսանողական նվագախմբի հետ ունեցա մենահամերգներ։ Ահավոր դժվար է այս մակարդակի նվագախումբ պահելը։ Պատճառը պետք է որ պարզ լինի՝ տարիների ընթացքում փոփոխվող կազմը, բայց եւ դրական մի բան կա, այն է՝ ընդունված է ասել՝ ուսանող-երաժիշտները միշտ ֆորմայի մեջ են։ – Իմ տեղեկություններով, Խորվաթիայում սովորում են հայ ուսանողներ… – Այսօր Խորվաթիայի կոնսերվատորիայում են ուսանում թվով տասը հայ ուսանողներ։ Ձեր թերթի միջոցով կուզեի հանգստացնել նրանց ծնողներին, ասելով, որ ամեն պայման ստեղծել ենք թե՛ ուսման, թե՛ հանգստի եւ թե՛ այլ կենսական ու ուսումնական խնդիրները պատշաճ կազմակերպելու համար։ Ուսանողների բոլոր հարցերը հոգում է մեր կոնսերվատորիայի ռեկտորատը։ Ուսանողներն են «մեղավորները», որ արդեն հինգերորդ տարին է, ինչ շփվում եմ Ձեր կոնսերվատորիայի կիրթ ու բարյացակամ, ոգեշունչ ու հմայիչ ռեկտորի եւ դասախոսական կազմի հետ։ Վերջապես պարոն Սմբատյանի եւ իմ զրույցները ծնում են մտքեր, որ վերջիններս տարիների ընթացքում բերել են ու կբերեն նոր որակ։ Անկեղծ ասած, մեր՝ ռեկտորներիս միջեւ բացառվում են տարակարծությունները, բայց եթե լինեն՝ կկրեն ստեղծագործական բնույթ։ Հանրահայտ ճշմարտություն է՝ ի վերջո, ստեղծագործական վեճերը սովորեցնում են՝ հանուն ճշմարտության կեղծ տեսակետից հրաժարվելու արիություն, իհարկե՝ հանուն իսկական արվեստի։ Երաժիշտներ կրթելու, պատրաստելու գործում կարեւորում եմ բարձրակարգ դասընթացների անցկացումը. Ձեր դասախոսները մեզ մոտ անցկացնեն բաց դասեր եւ հակառակը։ – Նոր մտահղացումներ ունե՞ք՝ հետագա համագործակցության առումով։ – Ունենք կարեւոր ու օգտակար հետագա ու հեռանկարային անելիքներ։ Կասկած չկա, որ մեր բարեկամությունը կհարատեւի։ Մեր երկու ժողովուրդները տաղանդավոր են, այո՛։ Դուք գիտեք, որ հայերդ տաղանդով ու բնավորության գծերով առանձնահատուկ եք ու անկրկնելի… Մեր մեծ երաժիշտների թողած հարստությունն ու կարողությունը մեզ համար վերելքի փարոս են։ Եվ պետք է միշտ վեր բարձրանալ՝ այդ լույսին ընդառաջ։ Որտեղ էլ սպառվեն մեր ուժերը, վերելքն այդ օրհնյալ է, քանի որ մեզանից հետո եկող մարդկանց կմնա նվաճած պատմություն, արվեստ, որի համար եւ աշխատում ենք, ստեղծագործում ու համագործակցում։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել