Լրահոս
Օրվա լրահոսը

Բացակա ամբաստանյալները կբերվեն դատարան

Հուլիս 07,2001 00:00

Երեկ «Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննության ժամանակ Վ. Սարգսյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Մարինա Ջանոյանը տեղեկացրեց դատարանին, որ իրենք ունեն մի շարք միջնորդություններ, որոնց քննարկմանը պետք է մասնակցեն բոլոր ամբաստանյալները։ Նա խնդրեց, որ գալիք երկուշաբթի ապահովեն բացակա ամբաստանյալների ներկայությունը։ Հետեւաբար, դատական հաջորդ նիստին դատարանում մենք կտեսնենք ամբաստանյալներ Կարեն Հունանյանին, Էդիկ Գրիգորյանին, Դերենիկ Բեջանովին, Վռամ Գալստյանին, Համլետ Ստեփանյանին, Աշոտ Կնյազյանին։

Ի դեպ, հոգեբանական առումով հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում. համաներումից հետո նրանք առաջին անգամ են բերվում նիստերի դահլիճ։

Բացակա ամբաստանյալներից բացի, հավանաբար, դատարան կներկայանան եւ նրանց պաշտպանները, որոնցից երկուսը՝ Աղասի Աթաբեկյանն ու Համլետ Ստեփանյանը երեկվա նիստից բացակայում էին դատարանին անհայտ պատճառներով։ Երեկ մեղադրող Հակոբ Մարտիրոսյանը հարցեր էր տալիս ամբաստանյալ Նաիրի Հունանյանին գլխավորապես քաղաքական կազմակերպություն ստեղծելու մասին։

Ամբաստանյալը հայտարարեց, որ հայաստանյան չափանիշներով 100 հազար դոլար է պետք ամսական, «լիարժեք աշխատելու» համար։

Մեղադրողը հարցրեց՝ «Հայ ուսանողական դաշինք» կազմակերպության գործունեությունն ապահովելու ժամանակ է՞լ է այդքան գումար ծախսվել։ Ամբաստանյալը 1988 եւ 1999թթ. իրավիճակները բացառապես «իրար հետ որեւէ կապ չունեցող» համարեց եւ նշեց, որ «88թ. ուսանողական շարժման անդամները ոչ ընտանիք ունեին, ոչ ընտանիքի հոգս, իրավիճակն էլ այնպիսին էր, որ նրանք նյութականի կարիք չունեին»։

Ամբաստանյալը երեկ հայտարարեց, որ անիմաստ է համարվել քաղաքական կազմակերպություն՝ այդ իմաստով, ստեղծելը, ապա քիչ անց, մոռանալով ասվածը, պնդեց այլ բան։ Երբ մեղադրողը հրապարակեց 2000թ. մայիսի 27-ի նրա ցուցմունքը «ՀՀ-ում ինչ-որ լուրջ գործ անելու մասին չեմ մտածել։ Ես փողը բերել եմ հետս ապրելու համար… որպեսզի կարողանամ պայքարել հանցագործ իշխանությունների դեմ եւ այդ պայքարը մի օր հաջողությամբ կպսակվի», նա ասաց, որ ցուցմունքի այդ հատվածը վերաբերել է բիզնեսին։

– Անելանելի վիճակի մեջ եք ձեր գրածից,- ասաց մեղադրողը։ Դրան հետեւեց. – Ոչ, դուք եք անելանելի վիճակում։ Մեղադրողը վկա Ղազար Սարգսյանի ցուցմունքից մեջբերեց, որի համաձայն՝ Ն. Հունանյանը հավաքագրել է մարդկանց։ Ամբաստանյալն այս կապակցությամբ որեւէ բան չասաց եւ հայտնեց, թե՝ «Երբ Ղազարը կգա, կպատասխանի, նոր ցուցմունք կտամ»։

Ի դեպ, այս կարգի «պայմաններ» մեկ անգամ չէ, որ ամբաստանյալը առաջ է քաշում, հետեւաբար, հարցն էլ մնում է բաց։ Ամբաստանյալը հավանաբար շփոթում է իր կարգավիճակը վկայի կարգավիճակի հետ։ Մեղադրողի հետեւյալ հարցը ձեւակերպման առումով խոցելի էր, բայց ապշեցուցիչ էր եւ ամբաստանյալի պատասխանը.

– «Հոկտեմբերի 27»-ը համարո՞ւմ եք հաջողություն։

– Ոչ։

– «Հոկտեմբերի 27»-ը համարո՞ւմ եք ձեր պարտությունը։
– Ոչ։

– Ինչո՞ւ չեք համարում ձեր հաջողությունը։

– Որովհետեւ այն խնդիրը, որը դրվում էր, ապստամբության միջոցով չի իրականացել։

Կարճ ընդմիջումից հետո ամբաստանյալ Ն. Հունանյանը հանդես եկավ մեղադրող Հ. Մարտիրոսյանի դեմ հայտարարությամբ. «Հատուկ միտում է նկատվում, որ խեղաթյուրում է մեղադրողը իմ մտքերը, հարցաքննությունը վերածելով վիճաբանության»։

Մեկ այլ մեղադրողի՝ Արմեն Հարությունյանի նախորդ դատական նիստի ժամանակ հնչեցրածն էլ, թե՝ «ես խուսափում եմ հարցերին պատասխանել» նա գտավ, որ «ի վնաս իրեն է մեկնաբանվում»։ «Հոկտեմբերի 27»-ի նախապատրաստական փուլում ամբաստանյալը Եվպատորիայից կանչում է եղբորը՝ Արմենին։ «Ի՞նչ նպատակով էիք հրավիրում» մեղադրողի հարցին էլ պատասխանեց. «կարոտել էի նրան, նախատեսվում էր օծանելիքի վաճառքի տեղ ստեղծել, որպեսզի նա դրանով զբաղվեր»։ Ափսոսանքով նկատեց. «Եթե այստեղ լիներ, հետս կտանեի «Հոկտեմբերի 27»-ին»։

Մեղադրողը հիշեցրեց ԱԱ փոխնախարար Գրիգոր Գրիգորյանի ցուցմունքը, ըստ որի, ոճրագործությունից հետո ամբաստանյալը նրան Ալիկ Հարությունյանի հետ կապված ասել է, թե նա «իր ցրիչն է» եղել։ Ամբաստանյալը ժխտեց, թե նման միտք է արտահայտել։ «Ուժ գործադրելու» հետ կապված ամբաստանյալը հայտնեց, որ «տնից դուրս գալուց առաջ նորից խոսք է եղել Էդիկի հետ, պլանը նշել եմ, հավանական սպանության միտքը մի կողմ ենք դրել»։

Ամբաստանյալը իրեն բնութագրեց չափազանց զգուշավոր եւ ոչ վախկոտ մարդ։ Խոսելով 99թ. ընտրությունների խախտումների մասին էլ, ասաց. եթե մի բան գիտի ժողովուրդը, այն պաշտոնական փաստաթղթով հաստատելու անհրաժեշտություն չկա։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031