Լրահոս
Օրվա լրահոսը

2001 թվականի հուլիսի 8-ին Երեւանում կանադական «Քընստրաքշն ԱՌՄԲՌՈ ԲԻ ԷՖ ՍԻ ԻՆՔ» ընկերությունը եւ հայկ

Հուլիս 11,2001 00:00

«Կլինի էկոլոգիապես մաքուր արտադրություն» 2001 թվականի հուլիսի 8-ին Երեւանում կանադական «Քընստրաքշն ԱՌՄԲՌՈ ԲԻ ԷՖ ՍԻ ԻՆՔ» ընկերությունը եւ հայկական «Մանես եւ Վալլեքս» ՓԲԸ-ն ստորագրեցին փոխհամաձայնության հուշագիր՝ Ալավերդիի պղնձաքիմիական գործարանի վերակառուցման եւ Թեղուտի բազմամետաղային հանքավայրի զարգացման վերաբերյալ։ Այնուհետեւ կանադական եւ հայկական կողմերն իրենց շահագրգռությունն են հայտնել նշված գործընթացի հետագա քննարկումների, «Հայկական պղինձ» ծրագրի զարգացման, այդ թվում Հայաստանի Լոռու մարզի տարածքում գտնվող Ալավերդիի եւ Թեղուտի հանքավայրերի շահագործման վերաբերյալ։ Երեկ հրավիրված ասուլիսում «Մանես-Վալլեքս» ՓԲԸ-ի նախագահ Վալերի Մեջլումյանը հայտնեց, որ վերոնշյալ ֆիրման ունի լուրջ փորձ հանքավայրերի խտանյութ արտադրող ֆաբրիկաների կառուցման ասպարեզում։ Ըստ Վ. Մեջլումյանի, «Հայկական պղինձ» ծրագիրը, որը ներկայացվել է Նյու Յորքում, մեծ հետաքրքրություն է առաջացրել նաեւ մի շարք այլ ֆիրմաների միջեւ։ Ծրագիրը, ինչպես «Մանես-Վալլեքսի» նախագահը նշեց, ունի 2 մաս։ Առաջինը մետալուրգիականն է։ «Առաջին անգամ Հայաստանում կլինի էկոլոգիապես մաքուր արտադրություն՝ տարեկան 30-40 հազար տոննա հզորությամբ,- տեղեկացրեց Վ. Մեջլումյանը։- Նախատեսված է, որ այդ քանակից 10 հազար տոննան կլինի զտած պղինձ»։ Պրն Մեջլումյանի հավաստմամբ, Թեղուտը Քաջարանից հետո 2-րդ հանքավայրն է, որտեղ մեծ քանակով պաշարներ կան։ Վերջինիս հաղորդած տվյալներով, Թեղուտի հանքանյութերում կա 1,6 միլիոն կամ ավելի տոննա պղինձ եւ մոտ 100 հազար տոննա մոլիբդեն։ Ըստ Վ. Մեջլումյանի, առաջին հերթին պետք է կառուցվի բաց հանքավայր՝ տարեկան մոտ 6 մլն տոննա հանքաքարի հզորությամբ, որի մեջ պղնձի պարունակությունը առաջին 15-18 տարիներին կլինի մոտ 20 հազար տոննա։ «Դա նշանակում է տարեկան արտադրություն՝ մոտավորապես 70 հազար տոննա պղնձի խտանյութով եւ մոտ 29% պղնձի պարունակությամբ»,- ասաց պրն Մեջլումյանը։ Ինչպես տեղեկացանք, Թեղուտի վերակառուցողական աշխատանքները, որը կարժենա մոտ կես միլիոն դոլար, կկատարվեն մեկ տարվա ընթացքում։ Ըստ Վալերի Մեջլումյանի կանխատեսումների, 2005-ից կարտադրվի տարեկան 30-40 հազար տոննա պղինձ։ Մոտավորապես 2007-ին Թեղուտի արտադրության ընդհանուր քանակը կավելանա (տարեկան մոտ 50 հազար տոննա պղինձ՝ խտանյութի մեջ)։ Եվ չնայած Քաջարանի համեմատությամբ մոլիբդենի պարունակությունը ցածր է, բայցեւայնպես, պրն Մեջլումյանի կարծիքով, Թեղուտում եղած 100 հազար տոննա մոլիբդենի պաշարը այնքան էլ փոքր թիվ չէ։ Հ. ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել