Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Ներկայացնում ենք «Հոկտեմբերի 27»-ի գործով հարցաքննված որոշ

Օգոստոս 22,2001 00:00

ՎԿԱՅՈՒՄ ԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ Ներկայացնում ենք «Հոկտեմբերի 27»-ի գործով հարցաքննված որոշ նախարարների ցուցմունքներ։ Դավիթ Զադոյան Այդ շրջանում էներգետիկայի նախարար Դավիթ Զադոյանը հարցաքննվել էր բավական ուշ՝ 2000 թ. փետրվարի 14-ին։ Շուրջ 3 ժամանոց նրա հարցաքննության արձանագրությունից արժանահիշատակ է այն տեղեկությունը, թե առաջիններից մեկն ում է զանգահարել Նաիրի Հունանյանը. «Ինչ որ տեղ զանգահարեց եւ ասաց, որ անհրաժեշտ է ժողովուրդ հավաքել եւ բերել Ազգային ժողով, ասելով, որ իրենք իրենց գործն արել են։ Որից հետո զանգահարեց նաեւ Վահան Շիրխանյանին եւ հրավիրում էր բանակցությունների։ Խոսակցությունից հասկացա, որ Շիրխանյանը չի գալու»։ Ըստ Զադոյանի՝ միայն դրանից հետո է Նաիրի Հունանյանը զանգահարել Ալեքսան Հարությունյանին։ Հիշեցնենք, ամիսներ առաջ Շիրխանյանին ահաբեկչի հեռախոսազանգի մասին գրել էր թերթերից մեկը, որի առնչությամբ նախկին նախարարը պարզաբանեց, թե իրականում ինքն էր իրավիճակը պարզաբանելու համար ԱԺ նիստերի դահլիճ զանգահարել՝ Վահան Հովհաննիսյանի առանձնասենյակից։ Դավիթ Զադոյանի ցուցմունքի մեկ այլ հատված Հայկ Բաբուխանյանի նկատմամբ կասկածների առիթներից մեկն էր դարձել. «Պատգամավորներից Հայկ Բաբուխանյանը մի քանի անգամ գնաց դուրս եւ նորից վերադարձավ,- իր ձեռքով գրել է պրն Զադոյանը։- Երբ բժիշկներն իմ ճնշումը չափեցին, դեղ տվեցին եւ մի հատ էլ սրսկեցին, ահաբեկիչներին ասացին, որ իմ վիճակը լավ չի, թույլ տվեք, թող դուրս գա՝ նրանք պատասխանեցին, որ ոչ, դա թող նստի իր տեղը։ Դրանից մի կես ժամ հետո ինձ մոտեցավ Հայկ Բաբուխանյանը եւ նկատելով, որ վատ եմ զգում՝ ինձ առաջարկեց դուրս գնալ։ Ես պատասխանեցի, որ ինձ թույլ չեն տալիս։ Նա գնաց, նրանց համոզեց, եւ ինձ թույլ տվեցին դուրս գալ»։ Ինչքան էլ հետո պրն Զադոյանն արդարացավ, թե որեւէ վատ բան ի նկատի չի ունեցել եւ միայն շնորհակալ է Հայկ Բաբուխանյանին աջակցության համար՝ այս ցուցմունքն ընթերցելիս մի նստվածք է մնում, որ այդ պատգամավորն ազատ ելումուտ է ունեցել եւ նրա խոսքն ահաբեկիչների համար կշիռ է ունեցել։ Հետաքրքրական է նաեւ Դավիթ Զադոյանի այն վկայությունը, թե այն ժամերին, երբ դեռ դիակներն ԱԺ նիստերի դահլիճից դուրս բերված չէին, եւ պատանդներն ազատ արձակված չէին՝ ի՞նչն էր առավել մտահոգում Ռոբերտ Քոչարյանին։ ԱԺ նիստերի դահլիճից դուրս գալուց հետո Զադոյանին մի պահ հրավիրում են Կարեն Դեմիրճյանի աշխատասենյակ, «որտեղ նստած էր հանրապետության նախագահը, Սերժ Սարգսյանը եւ Ալբերտ Բազեյանը։ Այնտեղ խոսակցություն գնաց այդ չարաբաստիկ ցուցակի մասին»։ (Ի դեպ, Սերժ Սարգսյանն իր ցուցմունքում նշում է, թե չի հիշում ո՛չ այդ աշխատասենյակում զրույցների, եւ ո՛չ էլ ընդհանրապես բանակցությունների մանրամասները)։ Դավիթ Զադոյանի ցուցմունքի այս մի հատվածն էլ մեջբերված էր Ալեքսան Հարությունյանի խափանման միջոցը երկարաձգելու միջնորդության մեջ։ Պատմելով ԱԺ նախագահի հանգստի սենյակում Ալեքսան Հարությունյանի հեռախոսազրույցների մասին՝ Զադոյանը գրում է. «Երբ նա խոսում էր բջջային հեռախոսով, մտնում էր դեպի խոհանոց տանող միջանցքը, իսկ դռան մոտ նախագահի թիկնապահներից մարդ էր կանգնում, որ չխանգարեն»։ Դավիթ Հարությունյան Արդարադատության նախարարն ավելի ուշ է հարցաքննվել՝ 2000 թ. մարտի 9-ին։ Համեմատաբար կարճ՝ ընդամենը 2 ժամանոց հարցաքննության ընթացքում Դավիթ Հարությունյանն, այնուամենայնիվ, բազմաթիվ ուշագրավ մանրամասներ էր պատմել։ Ասենք, որ մի շարք պատգամավորների եւ նախարարների մասնակցությամբ ահաբեկիչ Էդիկ Գրիգորյանի հետ սկսվել էր «քաղաքական բանավեճ»։ Դավիթ Հարությունյանը գրում է. «Ընթացքում սկսեցինք քննարկել, թե ինչ պահանջներ ներկայացնեն նախագահին հանձնվելու համար։ Քննարկվեցին բազմաթիվ տարբերակներ՝ – ապահովում փաստաբանով ձերբակալման պահից, – դռնբաց դատավարություն, – ֆիզիկական ճնշման բացառում (որի համար նախընտրեցին ԱԱ մեկուսարանը)»։ Ուշագրավ է նաեւ արդարադատության նախարարի պատասխանը զինդատախազության քննիչ Ն. Ամբարյանի հետեւյալ հարցին. «Ահաբեկիչների հետ ունեցած զրույցների ժամանակ եւ բանակցությունների ընթացքում ի՞նչ տպավորություն թողեցին նրանք Ձեր վրա, ինչպիսի՞ հոգեբանական վիճակում էին գտնվում եւ ի՞նչ էին ասում իրենց կատարածի դրդապատճառների եւ շարժառիթների մասին»։ «Մտքերը կցկտուր էին, կարելի է ասել՝ պրիմիտիվիզմի հասնող տրամաբանություն էր,- գրում է Դավիթ Հարությունյանը։- Էդիկը պնդում էր, որ Նաիրին մշակել է մի սխեմա, որով կարելի է հեշտորեն գուշակել, թե ինչ վիճակում կլինի երկիրը որոշ ժամանակ անց։ Ըստ Էդիկի՝ պատկերը խիստ մտահոգիչ է։ «Բա սա երկի՞ր ա, որ Վանոն ազատ ման ա գալիս, որ մինչեւ հիմա գնդակահարված չի»,- ասում էր նա։ Դերենիկի մտքերն ավելի պարզունակ էին. «Էսքան կռվել ենք, որ երկիր լինի, իսկ երկիրը թալանում են»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել