Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՆԿԱՎԱՐԺԻ՞ ՀԱՇՎԻՆ

Սեպտեմբեր 07,2001 00:00

ՄԱՆԿԱՎԱՐԺԻ՞ ՀԱՇՎԻՆ Դեռեւս նախորդ տարի ԿԳ նախարարն ու պետական բուհերի ռեկտորները համատեղ որոշում էին կայացրել, որ վճարովի համակարգ ընդունված այն ուսանողները, ում երկու ծնողներն էլ մանկավարժ են աշխատում սահմանամերձ կամ հեռավոր լեռնային գյուղերում, ուսման վարձը մուծում են 50% զեղչով։ Այս օրերին, երբ վճարովի համակարգ ընդունված ուսանողների ծնողները միայն մի մտահոգություն ունեն, թե ինչպե՞ս մինչեւ սեպտեմբերի 15-ը վճարեն ուսման վարձը, սահմանամերձ ու հեռավոր լեռնային գյուղերում չաշխատող մանկավարժները արդարացիորեն բողոքում են այդ որոշման սահմանած տարբերությունից։ Ոչ ոք չի ժխտում, որ սահմանամերձ եւ լեռնային գյուղերի մանկավարժների աշխատանքը պետք է խրախուսել որոշակի արտոնություններով։ Սակայն անժխտելի է նաեւ, որ մյուս բոլոր մանկավարժների աշխատանքն էլ այս պետությունն ըստ արժանվույն չի գնահատում եւ նրանք եւս նման արտոնությունների, անշուշտ, արժանի են։ Առանց այդ էլ այնքան էլ մեծ թիվ չեն կազմի այն ընտանիքները, ուր թե՛ հայրը, թե՛ մայրը մանկավարժ են աշխատում։ Թե՞ մայրաքաղաքի դպրոցների մանկավարժները այնքան փող են աշխատում, որ կարող են վճարել իրենց որդիների ուսման վարձը։ Կամ գուցե ԿԳՆ-ն թյուրիմացության մե՞ջ է, որ այնպիսի կատարյալ ընդունելության համակարգ է ստեղծել, որ արժանավորները ընդունվում են պետպատվերով։ ԿԳՆ-ից տեղեկացանք, որ չունեն վիճակագրություն այն մասին, թե քանի՞ դիմորդ կա, որի ե՛ւ հայրը, ե՛ւ մայրը մանկավարժ են։ Իսկ դա նշանակում է, որ նույնիսկ փորձ էլ չի արվել ճշտել այդ թիվը, այսինքն, բոլոր մանկավարժներին նման արտոնություն չտալը պայմանավորված չէ նրանով, որ նման դիմորդները շատ են եւ բուհերին ֆինանսական մեծ վնասներ կհասցներ այդ որոշումը։ Բուհերի մասին իսկապես մտահոգվողները ֆինանսական վիճակը բարելավելու այլ ճանապարհ կարող էին գտնել, ասենք, օրինականացնելով ընդունելության ժամանակ շրջանառվող ստվերային գումարների գոնե 5%-ը։ Ն. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել