Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է

Սեպտեմբեր 11,2001 00:00

«ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է «ԱրմենՏելի» կողմից րոպեավճարի կիրառումն առաջացրել է բնակչության լայն շերտերի արդարացի բողոքը։ Ժողովրդի զայրույթը ՀՀ իշխանությունները փորձում էին ուղղել դեպի OTE ընկերությունը, գերազանց գիտակցելով, որ դրանով իսկ նպաստում են հայ-հունական հարաբերությունների հնարավոր վատթարացմանը։ Կանխազգալով, որ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, Քոչարյանի կլիկան սեպտեմբերի 7-ին դիմեց բացահայտ սադրանքի։ Բռնաճնշվեց քաղաքապետարանի կողմից արտոնված հանրահավաքը։ Այս խայտառակ գործառույթում Գապոն քահանայի դերակատարությունը դրված էր քաղաքապետի ու ՆԳ եւ ԱԱ նախարարությունների բարձրաստիճան սպաների վրա։ Նույն օրը երեկոյան հրոսակային հարձակում իրականացվեց «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պ. Մակեյանի բնակարանի վրա, իսկ նրա բացահայտ առեւանգումը հանրությանը ներկայացվեց որպես ձերբակալություն։ Ստալինյան տեռորին բնորոշ «արտագնա արտակարգ կոմիտեի» (տրոյկա) գործելակերպ հիշեցնող գիշերային դատավարությունը «Պ. Մակեյանի գործով» վկայում է, որ Քոչարյանն ընտրել է ամեն գնով երկրում դիկտատուրա հաստատելու ուղին։ Բռնազավթելով եւ իր մենաշնորհը դարձնելով իշխանությունը եւ տնտեսության առավել եկամտաբեր ոլորտները, Քոչարյանը եւ նրա կլիկան արդեն հավակնում են հասարակական կարծիքի մենաշնորհման եւ զրկում ժողովրդին սեփական կարծիքն արտահայտելու իրավունքից։ Խորությամբ գիտակցելով այս զարգացումների վտանգավորությունը, կոչ ենք անում բոլոր առողջ քաղաքական ուժերին, բոլոր նրանց, ում համար թանկ են ժողովրդավարության արժեքները, միավորվել եւ կասեցնել մեր երկրի անկումը դեպի բռնապետություն։ Իշխանություններից պահանջում ենք անհապաղ եւ առանց որեւէ նախապայմանի ազատ արձակել Պ. Մակեյանին եւ խստագույնս պատժել բոլոր այն պաշտոնյաներին, որոնք մեղավոր են խաղաղ ցուցարարների դեմ բռնության կիրառման մեջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել