Լրահոս
Օրվա լրահոսը

Նորաձեւությունը

Սեպտեմբեր 13,2001 00:00

Նորաձեւությունը եւ բնավորությունը Նորաձեւությունը սոցիալական-հոգեբանական երեւույթ է։ Իսկ ինչպիսի՞ն է մարդկանց վերաբերմունքը այժմ դրա նկատմամբ։ Ինչո՞ւ է երիտասարդությունը ձգտում հագնվել նորաձեւ, ի՞նչ կապ գոյություն ունի նորաձեւության եւ բնավորության կամ բարեկրթության միջեւ։ Այս հարցերի պատասխանը ստանալու նպատակով որոշեցինք ստուգել տարբեր բուհերի ուսանողների մի փոքրիկ խմբի վերաբերմունքը համամարդկային որոշ արժեքների նկատմամբ։ Հարցաթերթիկում նշված էին դրանցից 11-ը՝ արվեստ, դասընկերներ (գործընկեր), նորաձեւություն, հասարակական գործունեություն, սպորտ, տեխնիկա, աշխատանք, ուսում, մարդիկ եւ գեղարվեստական գրականություն։ Հարցվողներից պահանջվում էր իրենց վերաբերմունքը արտահայտել եւ գնահատականներ դնել հինգ բալանոց համակարգով։ Այսպես, 1- բացասական վերաբերմունք 2- անորոշ (ոչ լավ, ոչ վատ) 3- լավ (նորմալ) 4- շատ լավ 5- գերազանց։ Չզարմանաք, որ այդ արժեքներից առաջին տեղում հայտնվեց նորաձեւությունը, ըստ որում, տոկոսային հարաբերությամբ աղջիկներն ավելի շատ էին հետաքրքրվում նորաձեւությամբ (44%), քան տղաները (38%)։ Պարզվեց նաեւ, որ աղջիկները նորաձեւությունից բացի առավել գնահատում են գեղարվեստական գրականությունը, արվեստը եւ աշխատանքը, իսկ տղաները՝ սեփական պարտականությունները, ուսումը եւ աշխատանքը։ Վերջին տեղում աղջիկները նշել էին հասարակական աշխատանքը եւ տեխնիկան, իսկ տղաները՝ արվեստը։ Այժմ դիտարկենք այն դրդապատճառները, որոնք ստիպում են աղջիկներին այդքան շատ հետաքրքրվել նորաձեւությամբ։ 1. Ժամանակի հետ համահունչ քայլելու անհրաժեշտությունը (55%): 2. Գեղեցիկ եւ հրապուրիչ լինելու մշտական ցանկությունը: 3. Շրջապատին դուր գալու ձգտումը: 4. Բարձր տրամադրություն եւ լավ ինքնազգացողություն ունենալու ցանկությունը: 5. Գեղագիտական հաճույք եւ բավականություն ստանալու անհրաժեշտությունը: 6. Այլ աղջիկների հետ մրցակցելու եւ շատ երկրպագուներ ունենալու ձգտումը։ Տղաները նույնպես առաջին տեղում նշել էին ժամանակի հետ համահունչ լինելը, ապա գեղագիտական հաճույք ստանալը եւ, վերջապես, շրջապատին դուր գալն ու գեղեցիկ լինելը։ Ի վերջո, հետազոտության արդյունքում որոշակիորեն երեւաց հարցվողների վերաբերմունքը նորաձեւության նկատմամբ։ Տոկոսային հարաբերությամբ այն կարելի է դասակարգել հետեւյալ կերպ. 1-ին խումբ- դրական վերաբերմունք նորաձեւության նկատմամբ (31%), 2-րդ խումբ- անորոշ վերաբերմունք (27%), 3-րդ խումբ- լավ վերաբերմունք (25%), 4-րդ խումբ- գերազանց վերաբերմունք (17%)։ Ոչ մի հարցվող բացասական վերաբերմունք նորաձեւության նկատմամբ չէր արձանագրել։ Մեզ հետաքրքրում էր նաեւ, թե ինչ կապ գոյություն ունի բարեկրթության եւ նորաձեւության միջեւ։ Պարզվեց, որ էական ոչ մի կապ չկա։ Չհաստատվեց որոշ հոգեբանների այն կարծիքը, թե էքստրավերտները ունեն ավելի շատ դրական արտահայտված վերաբերմունք նորաձեւության նկատմամբ. բնավորության տեսակը նույնպես ոչ մի էական նշանակություն չի գործում մարդու՝ նորաձեւության նկատմամբ ունեցած վերաբերմունքում։ ՄԵԼՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել