Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Թե՞

Սեպտեմբեր 25,2001 00:00

Վետերանները՝ անկախության տոնին Թե՞ անկախության տոնը՝ վետերաններին Սեպտեմբերի 21-ին «Արմենիա» ռեստորանում, մեր պետության հոբելյանի առիթով վետերաններին էր հավաքել «Ֆիլիպ Մորիս» Մ.Ս.Բ.Վ. Հայաստանի ներկայացուցչությունը։ Շնորհիվ այս կազմակերպության, պատերազմի վետերաններն արդեն 3-րդ անգամ են հնարավորություն ստանում հավաքվել մեկտեղ, հանդիպել, զրուցել անցած հուշերից ու, թերեւս, ամենակարեւորը, հասկանալ, որ իրենք գնահատված ու սիրված են այս հասարակության կողմից։ Հուզմունքից ու բարի վերաբերմունքից ծերունիների անընդհատ արցունքակալվող աչքերում միայն երախտիքի ու շնորհակալության արտահայտություններ էին։ Որքան քիչ բան է պետք, որ մարդն իրեն լավ զգա։ Բարի վերաբերմունք, մի ժպիտ, մի քիչ սիրալիրություն, որ դաժան պատերազմն անցած մեր պապիկները հասկանան՝ իրենք թանկ ու գնահատելի են մեզ համար։ «Ֆիլիպ Մորիս Հայաստանը 2-րդ համաշխարհային պատերազմի վետերաններին» ծրագիրը «Ֆիլիպ Մորիս»-ը իրականացնում է «Երկրորդ համաշխարհային պատերազմի արդարացված ռազմագերիների միության հետ»։ Ծրագրի առաջին փուլը նվիրված է եղել Կարմիր բանակի տոնին, 2-րդ փուլը՝ Մեծ հաղթանակին եւ 3-րդը՝ այս փուլը՝ Հայաստանի անկախությանը։ Նախորդների նման, այս փուլի նպատակը եւս սննդամթերքի տեսքով օգնություն տրամադրելն է Երկրորդ համաշխարհային պատերազմի 201 վետերաններին։ «Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներին օգնություն ցուցաբերելով, մենք ցանկանում ենք եւս մեկ անգամ արտահայտել մեր երախտագիտությունը նրանց անգնահատելի հերոսության համար»,- նշեց «Ֆիլիպ Մորիս» Մ.Ս.Բ.Վ. Հայաստանի ներկայացուցչության կորպորատիվ գծով ղեկավար Ահարոն Թադեւոսյանը։ Կազմակերպվող հանդիսություններին, սակայն, ոչ բոլոր վետերաններն են կարողանում մասնակցել։ Քանի որ, ինչպես նշեց «Երկրորդ համաշխարհային պատերազմի արդարացված ռազմագերիների միության» նախագահ Շամիլ Հայրապետյանը՝ վետերաններից ամենաերիտասարդն արդեն 77 տարեկան է, իսկ ամենատարեցը՝ 100-ն անց։ Լ. ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել