Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԿԵՂԵՑԻՆ ՕԾՎԵՑ

Սեպտեմբեր 25,2001 00:00

ԵԿԵՂԵՑԻՆ ՕԾՎԵՑ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին նոր է կառուցվել, բայց, ինչպես խորհրդային տարիներին էր արվում, սա էլ կիսատ-պռատ վիճակում բացեցին՝ հետո ավարտելու նպատակով։ Եկեղեցու մուտքերը հսկում էր ոստիկանների մի հոծ բազմություն, որոնք մարդկանց չէին թողնում ներս մտնել առանց հրավիրատոմսի, իսկ հրավիրատոմս ունեցողներին էլ, որոնք մի քիչ ուշացել էին, ուղարկում էին այս ու այն կողմ (գլխավոր մուտքից ուղարկում էին Կրիվոյ փողոցում գտնվող մյուս մուտքի մոտ, այնտեղից՝ հակառակը)։ Անհրավիրատոմս լրագրողների համար նույնպես տաբու էր դրված։ Կապ չուներ՝ «Ա1+»-ի օպերատո՞րն է, թե՞ Գերմանիայից ժամանած լրագրողը։ Երբ գերմանացի լրագրողի հետ մոտեցանք փոխգնդապետին եւ բացատրեցինք, որ ինքնաթիռը առավոտյան է ժամանել, եւ նա չի հասցրել գրանցվել, չի՞ կարելի արդյոք բացառություն անել, չէ որ, վերջիվերջո, մեզ համար է ժամանել, մեր մասին պիտի պատմի աշխարհին։ Ո՞ւմ ես ասում։ Նրան նման բաներ չեն հուզում։ Չէ՛, ու վերջ։ Սա՝ դրսում, իսկ ներսում ավելի վատթար վիճակ էր։ Առաջին շարքերում ղեկավարության համար դրված աթոռներն ու թիկնապահները (որոնք, արձանի նման, մեջքով դեպի եկեղեցու բեմը կանգնած) խանգարում էին հետեւի շարքերում նստարաններին նստածներին։ Դա դեռ քիչ էր, մարդիկ չէին կարողանում լսել Գարեգին Բ-ի ձայնը, մինչդեռ դրսում բարձրախոսների ձայնը հասնում էր շատ հեռուն։ Վեհափառը դեռ կարդում էր, երբ մեր նախագահն ու նրա մերձավորները թողեցին «դահլիճը», քանի որ ավելի կարեւոր գործեր ունեին։ Ու սկսվեց աժիոտաժը. ոմանք գնում էին, մյուսները՝ գալիս, զրուցում էին իրար հետ, զարմանում, որ Սիրիայի դեսպանը հայերեն է խոսում, ծանոթություններ էին հաստատում, ինքնագրեր վերցնում։ Ու չես հասկանում, թե դու որտեղ ես գտնվում. եկեղեցո՞ւմ, թե՞ բուլվարում։ Ամենահետաքրքիրը վերջում էր, երբ նշխարք էին բաժանում։ Բաժանեցին մի քանի հոգու, իսկ մնացածին խորհուրդ տվեցին հետո գալ։ ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել