Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՀԱՄԱԿԱՐԳԸ ՊԱՐԱՊ ՉԻ ՄՆԱ

Սեպտեմբեր 26,2001 00:00

ՀԱՄԱԿԱՐԳԸ ՊԱՐԱՊ ՉԻ ՄՆԱ Իշխանության որոշ օղակներում հայտնաբերվող առանձին բացահայտումներ (կաշառակերությանը, կոռուպցիային եւ պաշտոնեական դիրքի չարաշահմանը վերաբերող) տեղիք են տալիս հետեւյալ եզրակացության. այդ հանցագործության կատարողները կամ մենակ են «ուտում», չեն «կիսվում», կամ քաղաքական այն թիմից են, որն այդ բացահայտումներով զբաղվողների «դուրը չի գալիս», ուստի գործի է գցվում «քցումի» տարբերակը։ Անշուշտ, հանցագործությունների բացահայտումը դրական նշանակություն ունի ոչ միայն բյուջեից կամ ինչ-որ մեկից խլած գումարները վերադարձնելու առումով, այլեւ՝ այլ տեսանկյունից. չէ՞ որ այդքան «բացահայտվածներ» հաստատ չեն կարող արտագաղթել, իսկ մեկուսարանների կոնտինգենտը կհամալրվի համաներումով ազատվածների փոխարեն, դատաիրավական համակարգը պարապ չի մնա եւ աշխատանքային կրճատումների սպառնալիքը այս համակարգի աշխատողների գլխին չի կախվի, այլ՝ ընդհակառակը, նորանոր հաստիքների ավելացման անհրաժեշտություն կառաջանա, հետեւաբար առաջ կգա նաեւ նոր կադրերի պատրաստման անհրաժեշտություն։ Ինստիտուտներն էլ կընդլայնեն իրավաբանական բաժինների գործունեությունը, այդտեղ ընդունվելու գումարների չափը կմեծանա, իսկ եթե գումարների չափը մեծանում է, ուստի առաջանում է դրանց աղբյուրների որոնման ուղիներ գտնելու անհրաժեշտություն, որի արդյունքում հնարավոր է… կրկին հանցագործություններ ծնվեն։ Գ. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել