Լրահոս
Օրվա լրահոսը

«Սամասուդը» հայաստանյան իշխանությունների ու նրանց հարող շրջապատի համար կենսակերպ է դառնում, եւ դա ար

Սեպտեմբեր 27,2001 00:00

Ինքնադատաստանը՝ իբրեւ արդարադատության նոր մեթոդ «Սամասուդը» հայաստանյան իշխանությունների ու նրանց հարող շրջապատի համար կենսակերպ է դառնում, եւ դա արդեն վտանգավոր է: Սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը «Պապլավոկի» տարածքում Վրաստանի քաղաքացի Պողոս Պողոսյանի սպանությունը, թերեւս, հենց այդ շարքից է: Ու մինչ տեղի ունեցած քաշքշուկի ու քստմնելի սպանության մասին տեղյակ մարդիկ շարունակում են լռել, դրա մասին համարձակվում են խոսել մեր շուրջ եղած հատուկենտ, բայց իրական մտավորականները: Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը, որն այդ օրը նույնպես եղել է սկանդալային պատմությունների առանցք դարձած սրճարանում, մեր թղթակցի հետ զրույցի ժամանակ խոստովանեց, թե ինքը իրարանցումի պահին սրճարանում չի եղել եւ սրճարան է վերադարձել արդեն բանը բանից անցնելուց հետո: Պարոն Սարգսյանն ասաց նաեւ, թե ներկաների հետ հարցուպատասխանից իր համար պարզ է դարձել, որ կատարվել է սպանություն եւ իբրեւ մեղավորներ բոլորը մատնանշել են նախագահի թիկնապահներին: «Դա բոլորը գիտեն, եւ պետք չէ տպավորություն ստեղծել, թե պարզապես մի դիակ է գտնվել: Տեղի ունեցածն ահավոր է եւ մեծապես ստվերել է մինչ այդ տեղի ունեցած համերգն ու ջերմ մթնոլորտը: Կատարվածը լուրջ քննարկման առարկա պետք է լինի, մեղավորները պետք է պատժվեն: Հակառակ դեպքում ես այս երկրում որեւէ բանի այլեւս չեմ հավատա»,- ասաց պարոն Սարգսյանն ու նկատեց, թե մեր երկրում նման բան կարող են իրենց թույլ տալ ու անպատիժ մնալ միայն օրգանի աշխատողները: Նա միաժամանակ կարծիք հայտնեց, թե ճիշտ կլինի, եթե նախագահ Քոչարյանն ինքը հայտարարի, որ հետամուտ է լինելու հանցագործության բացահայտմանն ու մեղավորների դատապարտմանը: Ի պատասխան մեր այն հարցադրման՝ որքանով են բարոյական այն մտավորականները, ովքեր գիտեն, բայց թաքցնում են ճշմարտությունը, պարոն Սարգսյանը պատասխանեց, թե ճիշտ չէ, երբ ողբերգության ականատեսները լռում են: «Միաժամանակ այդ ամենը չպետք է ուղղել նախագահի դեմ կամ դարձնել նրա դեմ արշավի ու շահարկումների առիթ»,- կարծիք հայտնեց Զ.Սարգսյանը: Ն. Մ. Հ. Գ. Հաշվի առնելով այն փաստը, որ երեկ արդեն առանձին պաշտոնյաներ «ջրել» են «դժբախտ պատահարի» մասին հապշտապ հրապարակված վարկածը, եւ այն, որ նախագահ Քոչարյանն արդեն որոշակի միջոցառումներ է ձեռնարկել տեղի ունեցածի առնչությամբ, պետք է ենթադրել, որ Պապլավոկում եղածներն այսօրվանից ակտիվորեն, առանց վախենալու ու, ամենակարեւորը, հրապարակայնորեն կմեկնաբանեն տեղի ունեցածը՝ օրինապահ ու ազնիվ քաղաքացի երեւալու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել