Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Նրանց ձեռքերը կեղտոտ են

Սեպտեմբեր 27,2001 00:00

Նրանց ձեռքերը կեղտոտ են «Այս իշխանությունների հետ որեւէ համագործակցություն՝ նշանակում է հանցակցություն» Այսպես արտահայտվեց «Արմատ» կենտրոնի հիմնադիր անդամ Արա Սահակյանը ի պատասխան այն հարցի, թե ինչո՞ւ չընդունեցիք ՀՀ նախագահի հրավերը՝ մասնակցելու անկախության տասներորդ տարեդարձի եւ Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին եւ ընդունելությանը։ – Եթե տարվա 364 օրը այս վարչախումբը սեւացնում է այն ժամանակաշրջանը, որտեղ գործել է իմ քաղաքական թիմը, ապա այս հրավերը եւս ընդունում եմ իբրեւ անարգելու լրացուցիչ առիթ։ Ստալինն էր այդ ձեւը կիրառում։ Նա ամենաշատը շոյում էր իր զոհերի երեխաների գլուխը եւ իր շուրջ պահում մարդկանց, որոնց ազգականների «քոքը կտրել էր»։ Հիշո՞ւմ եք՝ Օրջոնիկիձեի եւ Կագանովիչի եղբայրներին սպանել էր, Կալինինի եւ Պոսկրեբիշեւի կանանց ճամբար էր գցել։ Ես գտնում եմ, որ այս վարչախմբից որեւէ մեկի կողքին չպետք է կանգնել՝ սահմանագծերը վաղուց գծված են։ Եվ, ընդհանրապես, բոլոր իրենց հարգող ընդդիմադիրները պետք է նրանց մեկնած ձեռքը չընդունեն, որովհետեւ այդ ձեռքերը շատ կեղտոտ են ու ոչ մի կերպ դրանք չեն լվացվի։ – Այսի՞նքն։ – Միայն ձեռքերը չեն կեղտոտ. նրանց մտքերը, հոգիներն են կեղտոտ։ Նրանք չեն կարողանում ազատագրվել տոտալիտարիզմի կապանքներից։ Միշտ ասվում է՝ մի հակադրեք հայաստանցիներին եւ ղարաբաղցիներին։ Բարի։ 20 օր առաջ ճոխությամբ նշվում էր Ղարաբաղի անկախությունը։ Մի պետություն, որի անկախությունը ոչ ոք չի ճանաչել, այդ թվում նաեւ արդեն այս 4 տարվա իշխանությունները։ Իսկ Հայաստանի՝ միջազգային իրավունքի սուբյեկտի, անկախությունը նվաստացվում, հավասարեցվում է հողին։ 1990-98-ի Ղարաբաղը ներկայացվում է դրախտ, Հայաստանը՝ դժոխք։ Նույնիսկ այստեղ իրենց գավառականությունը չեն կարողանում հաղթահարել։ Հակադրվում է Հայաստանը Ղարաբաղին՝ պետական քարոզչամեքենայով Ղարաբաղը ներկայացնելով կայացած պետություն, Հայաստանը՝ ոչինչ։ Դա հանցագործություն է մի հայրենիքի, Հայաստանի, Ղարաբաղի ողջ հայերի միասնականության դեմ։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել