Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱԲԱԹՎԱ ՀՈՒՄԱՆԻՍՏՆԵՐԸ

Սեպտեմբեր 29,2001 00:00

ՇԱԲԱԹՎԱ ՀՈՒՄԱՆԻՍՏՆԵՐԸ Ռոբերտ Քոչարյանը Թուրքիայի նախագահ Սեզարը դրական արձագանքեց Եվրամիության պահանջին՝ մահապատիժը վերացնելու մասին. դա այդ կազմակերպությանը անդամակցելու պահանջներից մեկն է: Սեզարը վերապահում արեց միայն ահաբեկչության համար: Մեր նախագահն իր հումանիզմով շատ ավելի առաջ է գնացել՝ նա խոստացել է Եվրոպայի խորհրդին (թե՞ Նաիրի Հունանյանին) մահապատիժ ընդհանրապես չկիրառել՝ նույնիսկ տեռորի դեպքում: Ինչ արած, խորթ է պրն Քոչարյանին, նրա շրջապատին եւ հատկապես թիկնազորին բռնությունը, արյունահեղությունը, սպանությունը: Ակնհայտ է, որ Հայաստանի մարդասեր նախագահի տեղը Ալբերտ Շվեյցերի եւ Մահաթմա Գանդիի կողքին է: Հմայակ Հովհաննիսյանը Քաղաքագետների միության նախագահը որոշեց տեսական բանավեճի մեջ մտնել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանի հետ եւ գիտականորեն ապացուցել. եթե ՀՀ նախագահ լիներ ՀՀՇ-ի Գեւորիկը, Պուտինը Հայաստան չէր այցելի: Այդ լրջագույն խնդիրը պարզելու համար «Առավոտը» պատրաստվում է դիմել Հայաստանում ՌԴ դեսպանատուն եւ անձամբ Գեւորիկին: Միջադեպի ականատեսները Հենց որ իշխանությունը, քաղաքական կոնյունկտուրայից ելնելով, կարծես թե, որոշեց չկոծկել ճշմարտությունը սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը «Առագաստ» սրճարանում տեղի ունեցած իրադարձությունների մասին, սպանության ականատեսների, պետական եւ քաղաքական գործիչների մեջ արթնացավ բարձր հումանիզմը եւ քաղաքացիական պարտքի զգացողությունը՝ նրանք սկսեցին վրդովված ելույթներ ունենալ: Բայց ամբողջ սեպտեմբերի 25-ի ընթացքում, երբ ՆԳՆ-ն եւ դատախազությունը ակնհայտորեն պաշտպանության տակ էին առնում նախագահի թիկնապահներին եւ պնդում «սրտի կաթվածի» վարկածը, այդ բոլոր հումանիստները բերանները ջուր էին առել: Միակ երջանիկ բացառությունը Մարկ Գրիգորյանն էր, որը հենց 25-ին ամեն ինչ պատմեց «Ա1+»-ի եթերում: Այնուամենայնիվ, ուրախալի է, որ ոչ բոլոր մտավորականներն են ծախվել կամ փախել Հայաստանից: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել