Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբերի

Սեպտեմբեր 29,2001 00:00

Պարզվում է Ղարաբաղի հիմնախնդիրը «լուծված» է Սեպտեմբերի 14-15-ը Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում, Երեւանի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ, ընդգծելով, որ ղարաբաղյան հիմնահարցի լուծման փոխընդունելի կոմպրոմիսներ պետք է գտնեն հակամարտող կողմերը, ՌԴ նախագահ Պուտինը որպես կողմեր նշեց Հայաստանն ու Ադրբեջանը: Իսկ երբ նրան հարցրին, թե մի՞թե Ղարաբաղը հակամարտության կողմ չէ, նա պատասխանեց. «Ես ասացի՝ լուծում պետք է գտնեն Հայաստանն ու Ադրբեջանը»։ Մեկնաբանելով հիմնահարցի լուծման վերաբերյալ ՌԴ նախագահի դիրքորոշումը, Ղարաբաղի արտաքին գերատեսչության ղեկավար Նաիրա Մելքումյանն այն գնահատեց «միանգամայն արդարացի», ինչպես նաեւ «շատ արդիական, կշռադատված, կոնստրուկտիվ մոտեցում» եւ իր գոհունակությունը հիմնավորեց, ասելով. «Փաստորեն միջազգային հանրությունը, մասնավորապես Ռուսաստանը, հրաժարվում է հակամարտության կողմերից որեւէ մեկին պարտադրել այս կամ այն միջազգային սկզբունքը եւ պահանջում է կողմերից՝ փոխընդունելի կոմպրոմիս գտնել»։ Մի խոսքով, Նաիրա Մելքումյանը ոգեւորված է այն փաստից, որ, ըստ Ռուսաստանի նախագահի, լուծում պետք է գտնվի առանց Ղարաբաղի։ Ոչ վաղ անցյալում, երբ Ղարաբաղը պնդում էր, որ հակամարտությունն ինքնորոշման հարց է, եւ ուստի հիմնախնդրի լուծման համար արդյունավետ կարող է լինել միայն Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ անմիջական երկխոսությունը, հանդես էր գալիս տրամագծորեն հակառակ դիրքերից։ Մասնավորապես 1997 թ. հոկտեմբերին Արկադի Ղուկասյանը հայտարարում էր. «Հայաստանը չի կարող Ղարաբաղի փոխարեն խնդիրը լուծել։ Մենք նման լիազորություններ չենք տվել Հայաստանին եւ երբեք չենք տա»։ Հետեւաբար, Նաիրա Մելքումյանի գոհունակությունն անհնար է այլ կերպ մեկնաբանել, քան հակամարտությունը որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային վեճ արձանագրելու եւ ինքնորոշման իրավունքից հրաժարվելու պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշում։ Բարեբախտաբար, կա մի բայց։ Արդեն բազմիցս նշվել է, որ վերջին երեք տարիների ընթացքում հակամարտությունն աստիճանաբար ինքնորոշման հարցից նենգափոխվում է տարածքային վեճի։ Մեկ առ մեկ վերհիշելով այն սակավաթիվ հայտարարությունները, երբ Հայաստանի իշխանությունները կիսաձայն հիշատակել են ինքնորոշման իրավունքի մասին, համոզվում ենք, որ դրանք տեղ են գտել բացառապես հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ թռուցիկ հարցուպատասխաններում։ Սակայն սեպտեմբերի 7-ի ասուլիսի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը հաճելիորեն զարմացրեց, ասելով. «Ուզում եմ ընդգծել՝ հակամարտության հիմքում ժողովրդի ինքնորոշման հարց է, այլ ոչ տարածքային»։ Այսպիսով, Հայաստանի իշխանությունների կողմից վերջապես միանշանակորեն ընդգծվեց, որ Հայաստանն իր հարեւան Ադրբեջանից տարածքային պահանջ չունի։ Եզրակացությունը հետեւյալն է. եթե Ստեփանակերտը ոգեւորությամբ համաձայնում է, որ հակամարտությունն ինքնորոշման հարց չէ, իսկ պաշտոնական Երեւանը արդարացիորեն հայտարարում է, որ Հայաստանն Ադրբեջանից պահանջ չունի, ապա Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված է։ Մնում է այդ մասին տեղյակ պահել Ադրբեջանին։ Մ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել