Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՃՊՀ-ում ուսանողների հետ հանդիպման ժամանակ բազմաթիվ ուսանողների ներկայությամբ Ռոբերտ Քոչարյանը հայտա

Դեկտեմբեր 12,2001 00:00 Share

«Իշխանությունը սովոր է ստել» ԵՃՊՀ-ում ուսանողների հետ հանդիպման ժամանակ բազմաթիվ ուսանողների ներկայությամբ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ նոյեմբերի վերջին կհանդիպի լրագրողներին եւ մեկ առ մեկ՝ թվերով, կհրապարակի իր ստեղծած աշխատատեղերի մասին։ Սակայն Ռ. Քոչարյանը, ինչպես միշտ, խոստացավ ու չարեց։ Երեկ Ռ. Քոչարյանի մամուլի խոսնակ Վահե Գաբրիելյանից փորձեցինք պարզել, թե ինչո՞ւ Ռ. Քոչարյանը չկատարեց իր խոստումը, եւ ո՞րն է այդ հանդիպման հետաձգման պատճառը։ Ըստ Վահե Գաբրիելյանի, մոտ օրերս Ռ. Քոչարյանը կկատարի իր խոստումը. «Օրերս կլինի, ժամանակի, գրաֆիկի ծանրաբեռնվածության պատճառով է հետաձգվում»։ Իսկ շատերը միամտաբար կարծում էին, թե Ռ. Քոչարյանն իր ժամանակի ու գրաֆիկի մեջ առաջնային տեղը կհատկացնի հենց 40 հազար նոր աշխատատեղերի ստեղծման մասին լուրն աշխարհով մեկ հայտարարելուն, որով եւ փորձ կանի, իր բնորոշմամբ, թունավոր ընդդիմության, այսպես ասած, հացն ու ջուրը կտրել։ Սակայն, պարզվում է, Քոչարյանը շատ «բարի» է եւ թույլ է տալիս, որ Արտաշես Գեղամյանը մի քիչ էլ շարունակի ասել, թե 40 հազար նոր աշխատատեղերի ստեղծումը Քոչարյանի միֆն է, եւ որ այս անցած 9 ամիսների ընթացքը համեմատելով 2000 թ. գանձված եկամտահարկի հետ, ոչ թե ավելացել, այլ 18,7%-ով պակասել է եկամտահարկի ստացումը, իսկ 20,1%-ով՝ շահութահարկը։ Այնինչ այդքան նոր աշխատող մարդ պետք է եկամտահարկը վճարեր, իսկ այն հիմնարկները, որտեղ նրանք աշխատում են՝ շահութահարկը։ Իսկապես, հետաքրքիր է, թե ինչպիսի՞ պատճառաբանությամբ է Ռ. Քոչարյանը բացատրելու, թե ինչու են այդ վիճակագրական թվերը ոչ թե աճել, այլ՝ նվազել։ Գուցե այդ 40 հազար նոր աշխատատեղերի ստեղծման արդյունքո՞ւմ են ստացվում եկամտահարկերից եւ շահութահարկերից գոյացած թվերը, եւ չերեւացող եկամուտներն ու շահութահարկը ստվերայնության հետեւանք են։ Եվ Կենտրոնական բանկը բյուջեի վերաբերյալ իր պաշտոնական եզրակացության մեջ ընդգծել է, որ երկրում ստվերայնությունն ընդլայնվել է։ Իսկ Կենտրոնական բանկը, կարելի է ենթադրել, որ այդ տողը հենց Ռ. Քոչարյանի համար էլ նախատեսել էր։ Թե չէ, ինչպե՞ս բացատրել այն, որ բոլորը հայտարարում են, թե ստվերայնությունը, որի դեմ պայքարի համար հսկայական գրանտներ են ստացվում, կրճատվել է, իսկ ԿԲ-ն հակառակն է պնդում։ Այնուամենայնիվ, արդյո՞ք ստեղծվել է 40 հազար նոր աշխատատեղ։ ՀԺԿ պատգամավոր Ստեփան Զաքարյանը նշեց. «Մենք անընդհատ խոսում ենք 40 հազար աշխատատեղ ստեղծելու մասին, բայց երբեք չենք խոսում, թե որքան աշխատատեղ է փակվում։ Օրինակ, վերջերս հենց էներգետիկ ոլորտում կրճատումներ եղան։ Հաշվե՞լ են, թե քանի հոգի է կրճատվել։ Իսկ այս տարվա ընթացքում նման բազմաթիվ կրճատումներ են եղել։ Նախ, այդ փակվածը պիտի հաշվել եւ հանել այն թվից, որը ստեղծվել է»։ Ըստ Ս. Զաքարյանի, ծիծաղելի իրավիճակ է. մի կողմից՝ աշխատատեղերը փակում են, մյուս կողմից՝ ստեղծում։ «Բոլորս կցանկանայինք, որ ոչ թե 40, այլ՝ 60 հազար աշխատատեղ ստեղծվեր։ Բայց ես հոռետես եմ, որովհետեւ այս իշխանությունը սովոր է նայել երեսիդ ու սուտ ասել։ Ինքն էլ գիտի, որ դու գիտես, որ սուտ է, բայց ասում է։ Կասի՝ մեկ է, ուժն իմ կողմն է, սուտս ճշտի տեղ կանցկացնեմ»։ Իսկ այս պայմաններով, Ս. Զաքարյանի համոզմամբ, անօգուտ է սպասել, թե այդ աշխատատեղերը կլինեն։ «Իսկ հնարավո՞ր է արդյոք, որ Ռ. Քոչարյանը վերը նշված ստվերայնության ընդլայնման փաստն արձանագրի» հարցին Ս. Զաքարյանը պատասխանեց. «Այս իշխանությունն ինքը ստվերային ու կլանային է, իսկ կլանային եւ ստվերային իշխանությունն ինչ-որ տեղ միաձույլ ու միակամ են լինում։ Այսօր շահերի միահյուսման վրա է ամեն ինչ կառուցված. ո՛չ ապացուցելու խնդիր կա, ո՛չ տրամաբանելու։ Այստեղ, կոպիտ ասած, փայի խնդիր է։ Ժողովուրդն ավելի լավ խոսք ունի՝ թուլափայ։ ԱԺ-ում ոչ թե երբեմն փայ է տրվում, այլ՝ թուլափայ։ Եվ այդպես որոշվում են խնդիրներ, քվեարկություններ…»։ ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել