Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազությունը փորձում է խաբե՞լ

Հունվար 31,2002 00:00

Դատախազությունը փորձում է խաբե՞լ Այն բանից հետո, երբ «Առավոտը» հաղորդեց Վազգեն Սարգսյանի նկատմամբ հարուցված եւ կարճված երկու քրեական գործերի մասին, ՀՀ գլխավոր դատախազության Հասարակական կապերի եւ լրատվության բաժինը մեզ ուղարկեց հետեւյալ պարզաբանումը։ «Առավոտ» օրաթերթի 2002 թվականի հունվարի 30-ի համարում տպագրված «Երկու քրգործ Վազգեն Սարգսյանի դեմ» վերնագրով հրապարակման կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում հայտնել հետեւյալը. ՀՀ դատախազությունը ինչպես Վազգեն Սարգսյանի դեմ, այնպես էլ նրա մասնակցությամբ կատարված որեւէ արարքի կապակցությամբ երբեւէ քրեական գործ չի հարուցել։ Պետք է ենթադրել, որ ինչպես նշված թերթի, այնպես էլ զանգվածային լրատվության մի շարք այլ միջոցների այս խնդրին վերաբերող շահարկումների համար հիմք է հանդիսացել այն, որ առանձին քաղաքացիների հայտարարությունների հիման վրա Մուշեղ Սաղաթելյանի նկատմամբ հարուցված եւ մեկ քննչական վարույթում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է 1995 թ. հունիսի 21-ին Երեւանի Բուսաբանական այգում տեղի ունեցած դեպքերին Մուշեղ Սաղաթելյանի ակտիվ մասնակցությունը եւ նրա կողմից թույլ տրված բռնությունների հետ զուգորդված իշխանազանցությունը, որի համար նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 183 հոդվածի 2-րդ մասով։ Նույն քրեական գործի նախաքննության շրջանակներում որպես վկա հարցաքննված Վովա Հախվերդյանը ցուցմունք է տվել, որ 1996 թ. հոկտեմբերի 26-ին իր նկատմամբ բռնություններ գործադրողը եղել է ոչ թե Մ. Սաղաթելյանը, այլ Մովսես Գեղանգուլյանը եւ Վազգեն Սարգսյանը։ Հետագա նախաքննության ընթացքում նրա այդ ցուցմունքները հիմնավորող բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել, ինչի կապակցությամբ նախաքննությունն իրականացնող մարմնի կողմից կայացվել է համապատասխան որոշում։ Նշենք նաեւ, որ հիշատակված քրեական գործով, որը գտնվում է ծանոթացման փուլում, դեռեւս մեղադրական եզրակացություն չի կազմվել եւ չի ներկայացվել գլխավոր դատախազի հաստատմանը։ Հետաքրքիր է, այս հերքման հետ ինչպե՞ս է զուգորդվում ՀՀ գլխավոր դատախազին առընթեր հատկապես կարեւոր գործերի քննիչ Հակոբ Բաբայանի 2002 թ. հունվարի 17-ի որոշումը «Քրեական գործի մասով վարույթը կարճելու մասին», որում մասնավորապես նշված է, թե 62206401 քրգործի նախաքննությամբ պարզվել է, որ 1995 թ. հունիսի 21-ին Մուշեղ Սաղաթելյանը ՀՀ պետնախարար Վազգեն Սարգսյանի, ՀՀ Ներքին զորքերի հրամանատար, ՀՀ ՆԳՆ փոխնախարար Արծրուն Մարգարյանի եւ պետնախարարի թիկնազորի հրամանատար Մովսես Գեղանգուլյանի հետ է ժամանել Բուսաբանական այգու տարածքում գտնվող զորանոց. «Եվ ակնհայտորեն դուրս գալով իրենց պաշտոնեական լիազորությունների սահմաններից, ֆիզիկական բռնություն են գործադրել եւ ձեռքի ու ոտքի հարվածներով ծեծի են ենթարկել ՀՀ պետական եւ հասարակական կարգը բռնությամբ փոխելու հրապարակային կոչեր անելու կասկածանքով այնտեղ բերման ենթարկված ՆԳՆ բարձրաստիճան սպաներին»։ ՀԿԳ քննիչ Հակոբ Բաբայանը մեջբերել է նաեւ ԿԸՀ նախկին անդամ Վովա Հախվերդյանի նախաքննական ցուցմունքը, որը հիշատակել էինք հունվարի 30-ի հրապարակման մեջ։ Եվ այս ամենից հետո նշված է բուն որոշումը, որ մասնավորապես հետեւյալն է. «2) Վազգեն Սարգսյանի, Արծրուն Մարգարյանի եւ Մովսես Գեղանգուլյանի վերաբերյալ քրգործի մասով վարույթը կարճել նրանց մահվան կապակցությամբ։ 3) ՀՀ ԿԸՀ անդամներին ծեծի ենթարկելու վերաբերյալ դրվագով քրգործի մասը կարճել Վ. Սարգսյանի եւ Մ. Գեղանգուլյանի գործողություններում հանցակազմի առկայությունը հիմնավորող բավարար ապացույցների բացակայության պատճառաբանությամբ»։ Այն, ինչը եւ մենք գրել էինք։ Եվ իզուր է դատախազությունն այժմ փորձում հերքել անհերքելին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել