Լրահոս
Օրվա լրահոսը

Հունանյանը պաշտպանում է նախագահին…

Փետրվար 16,2002 00:00

Հունանյանը պաշտպանում է նախագահին… Ընտրարշավի երաշխիքներ տալով նրան «Հոկտեմբերի 27» քրգործով երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան էին բերվել ամբաստանյալ Էդիկ Գրիգորյանից բացի՝ մնացած 6-ը։ Վերջիններիս համար պետք է հրապարակվեին ամբաստանյալ Է. Գրիգորյանի դատաքննական ցուցմունքների արձանագրությունները։ Մինչ դահլիճ մտնելս ամբաստանյալ Նաիրի Հունանյանի պաշտպան Բենիամին Մինասյանից տեղեկացա, որ նա վայրկյաններ առաջ տեսակցել է իր պաշտպանյալի հետ, որն ասել է, թե «Հայտարարություն ունեմ, դա էլ անեմ ու վերջ»։ «Սպասված» հայտարարությունը չուշացավ։ Ամբաստանյալ Նաիրի Հունանյանը ատելության թիրախ դարձնելով դատարանին, ապա մեղադրանքի կողմին, մեղադրեց նրանց, որ նրանք «ամեն ինչ անում են դատավարությունը արհեստական ձգձգելու համար եւ վերջին ամիսները դրա վառ վկայությունն են։ Սա ուղեկցվում է դատարանից դուրս ընթացող նախապես ծրագրավորված քարոզչական շահարկումներով, որին էլ կուլ է գնում դատարանը, չհիմնավորված որոշումներով… մեկուսացնելով ամբաստանյալներին։ Մեղադրանքի կողմը որեւէ հանգամանք պարզելու խնդիր չի հետապնդում»։ Ամբաստանյալի կանխատեսմամբ՝ դատավարությունը ձգվելու է մինչեւ աշուն. «Երբ սահմանադրությամբ նախագահն իրավունք չի ունենա ցրելու ԱԺ-ն, որպեսզի մի անգամ էլ փորձեն նախագահի հրաժարականի պահանջով ստորագրություններ հավաքել»։ Ամբաստանյալը «վստահ» էր, որ «դա չի ստացվելու, նրանք հնարավոր է դատավարությունը ձգեն մինչեւ նախագահական ընտրություններ, այն ուղեկցելով արտադատարանական շահարկումներով»։ Ամբաստանյալը հայտարարեց, թե հոկտեմբերի 27-ի գիշերվանից սկսած «իշխանությունը զավթելու դավաճանությունը շարունակվում է՝ դավադրությունը դատավարության օգտագործելու ճանապարհով»։ Նա սպառնաց, թե իր մասնակցությունը կդադարեցնի։ Ինչ վերաբերում է ժողովրդին, ապա կոչ արեց (ուղղակի, առանց կանխարգելիչ գործողությունների) «այս ամենին վերջ տալու միակ ճանապարհը ժողովրդի հավաքական ուժի գործադրումն է»։ Իր «իշխանության» հաստատման անունն էլ ասելով. «երկրում հայկազյան իշխանություն հաստատելու» համար։ Ամբաստանյալը հայտարարեց, որ իր նամակը տրվել է լրատվամիջոցներին։ Դատավոր Ս. Ուզունյանը փորձեց ճշտել, թե ինչ կերպ է նամակը փոխանցվել լրատվամիջոցներին։ Ամբաստանյալը հայտնեց, որ փոստով, իսկ մի օրինակն էլ տվել է պաշտպանին։ Մեղադրող Հակոբ Մարտիրոսյանը ժողովրդին ուղղված կոչի հետ կապված ասաց, թե ժողովուրդը եկել է դատարանի մուտքի մոտ եւ վանկարկել է «թուրք, դավաճան» բառերը։ Դա առիթ դարձավ, որ տեղից ոստնի ամբաստանյալ Կարեն Հունանյանը եւ «թուրք, դավաճան, վիժվածք» ու այլ վիրավորանքներ հասցնի մեղադրող Հակոբ Մարտիրոսյանին։ Մեղադրող Արմեն Հարությունյանը հայտարարեց, որ ասված խոսքերը, որ մեջբերեց մեղադրող Հ. Մարտիրոսյանը, լսվել է դատարանի դահլիճից դուրս եւ ժողովուրդն այդպես էր վանկարկում։ Այստեղ արդեն ամբաստանյալի հիստերիան եւ սանձարձակությունը դուրս եկան սահմաններից (եթե սահմաններ եղել են)։ Նա սպառնաց մեղադրողին «արյունը խմել», իսկ «դաստիարակված եւ խելացի» Ն. Հունանյանն էլ սպառնաց, թե «բոլորիդ գնդակահարելու ենք մեկ-մեկ»… Դատավոր Սամվել Ուզունյանին այլ բան չէր մնում, քան ընդմիջել նիստը։ Կարճ դադարից հետո նախագահողը նախազգուշացրեց ամբաստանյալներին դուրս չգալ դատավարության էթիկայի կանոններից։ Շարունակվեց ընթերցվել Է. Գրիգորյանի ցուցմունքների արձանագրությունները։ Մինչ այդ, ամբաստանյալ Համլետ Ստեփանյանի պաշտպան Աղասի Աթաբեկյանը միջնորդեց, որ իր պաշտպանյալի եւ մնացյալ ամբաստանյալների ձեռնաշղթաներն արձակվեին։ Առաջին անգամ էր, որ ձեռնաշղթաներով էին նրանք նստած վանդակաճաղերի ետեւում, հավանաբար հաշվի էին առնվել միջադեպի հնարավոր զարգացումները։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ Հ. Գ. Դատավոր Ս. Ուզունյանը տեղեկացրեց, որ դատարանից զինդատախազությունը պահանջել է նախկին կասկածյալներ Ն. Բադալյանի եւ Ա. Հարությունյանի դատարանում նրանց վերաբերյալ նյութերը։ (Առանձնացված մասով քննության համար)։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել