Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Մարդու տալու դասական օրինակով

Մարտ 05,2002 00:00

Մարդու տալու դասական օրինակով ՀՀ էներգետիկայի նախարարի կարծիքով՝ հայկական բաշխիչ էլեկտրացանցերի միավորման արդյունքում կբարձրանան դրանց կառավարելիության աստիճանն ու գանձման մակարդակը, կնվազեն գերկորուստները: Իսկ իրականում բաշխիչ ցանցերը պարզապես նախապատրաստվում են մասնավորեցման կամ գոնե հավատարմագրային կառավարման տրամադրելուն: Իսկ արդյո՞ք նախանշված խնդիրները լուծելու համար բավական են միայն կառուցվածքային փոփոխությունները, որոնք արդեն իսկ ձեռնարկված են ոլորտում: Իհարկե՝ ոչ: Եթե կառավարելիության աստիճանի ու գանձման մակարդակի բարձրացման համար բավական են զուտ կազմակերպչական միջոցառումները, ապա գերկորուստների նվազման խնդիրը հնարավոր կլինի լուծել լուրջ կապիտալ ներդրումների շնորհիվ միայն: Սա՝ ոլորտի գիտակների կարծիքով: Եթե կորուստը նորմավորված չէ, այսինքն տեխնոլոգիական պրոցեսի հետեւանք չէ, ապա այն հնարավոր է վերացնել: Մաշված սարքավորումները, որոնց պատճառով տեղի է ունենում կորուստը, պետք է փոխարինվեն նորերով՝ անհրաժեշտ են գումարներ: Թաղային էլեկտրիկը գործարքի մեջ է մտնում սպառողի հետ /այս դեպքում էլեկտրաէներգիայի կորուստը գողության արդյունք է/, պետք է հոսանքի բաշխման համապատասխան հանգույցներում տեղադրվեն նոր, որակական հատկանիշներով օժտված հաշվիչներ եւ բացառել մարդու միջամտությունը: Դարձյալ անհրաժեշտ է որոշակի գումարի ներդրում կատարել: ՀՀ էներգետիկ կարգավորող հանձնաժողովում կատարված հաշվարկները ցույց են տալիս, որ մոտ 99 մլն դոլար ներդրում է անհրաժեշտ՝ մասնավորապես 0,4 կվ էլեկտրահաղորդման գծում արժութային արտահայտմամբ 6մլն դոլարին համարժեք կորուստը կրճատելու համար: Այսինքն, մինչեւ ընթացիկ տարվա առաջին եռամսյակի ավարտը հավատարմագրային կառավարման հանձնվելիք բաշխիչ ցանցերը գրավիչ դարձնելու համար անհրաժեշտ է լուրջ գումարներ ներդնել: Ու որքան էլ ջանան համակարգի ղեկավարները թաքնվել գեղեցիկ ձեւակերպումների քողով, թե «բաշխիչ ցանցերը մեկ ընկերության կազմում միավորելը եւ էներգետիկ այդ հատվածում իրականացվող կառուցվածքային փոփոխությունները տնտեսական գործունեության ցուցանիշների բարելավման տեսանկյունից կլինեն բավականին արդյունավետ», միեւնույն է, ՀՀ նախագահի դիպուկ բնորոշմամբ՝ «տանը մնացած» մեր ցանցերը պետք է շահեկան որեւէ «վերադիրով» հրամցվի ոչ միայն ապագա կառավարչին, այլ նաեւ սեփականատիրոջը: Որպեսզի խելքը գլխին փեսացու գտնենք մեր «տանը մնացածների» համար, նախ նրանց պետք է տեղը տեղին զուգել-զարդարել: Դեռ ավելին՝ հետն էլ մի կարգին օժիտ է պետք: Այս մասին էլ է ժամանակին մտածված: Խոսքը «Բարձրավոլտ էլեկտրացանցերի» կազմից առանձնացված եւ «Հայկական էլեկտրացանցեր» անունը կրող ընկերությանը միացած 110 կվ ենթակայաններն են: Ինչ պակաս օժիտ է, առավել եւս, եթե հաշվի առնենք, որ հայկական էներգետիկ համակարգը 110 կվ էլեկտրահաղորդման գծով կապված է վրացական էներգահամակարգի հետ: Իսկ դա նշանակում է, որ բաշխիչ ցանցերի տերը /թող որ առայժմ ժամանակավոր/ Հայաստանից էլեկտրաէներգիա արտահանելու հնարավորություն է ունենալու: Եվ չնայած բավականին գայթակղիչ օժիտին, շատ մասնագետների կարծիքով, հայկական ցանցերի համար «մուշտարի» հազիվ թե գտնվի՝ խեղճերն ախր շատ են հալից ընկած: Բնական է, որ հազիվ թե մեկին պետք լինի մեր մի քանի անգամ «նշանը հետ տված աղջիկը»: Միակ ելքը, կարծում եմ, ապագա փեսացուին /եթե այդպիսի համարձակը գտնվի/ «թազա «Մերսեդեսով» գայթակղելն է՝ արտադրող կայանի տեսքով: Արդյունքում ի՞նչ կստացվի: Պարզապես ի հայտ կգա հզոր մի սեփականատեր, որը կզբաղվի թե էլեկտրաէներգիայի արտադրությամբ, թե բաշխմամբ եւ թե արտահանմամբ: Քիչ հավանական է, որ ԱրմենՏելի սարքած խաղերից հետո հանդուրժվի որեւէ ուրիշ մենիշխանի առկայությունը Հայաստանում, սակայն, ինչպես ասում է ռուսական առածը՝ «սատանան ինչի հետ ասես չի կատակում»։ Առավել եւս՝ Հրազդանի ջերմակայանը պարտքի դիմաց Ռուսաստանին տրամադրելու մասին ՀՀ վարչապետի հավաստմամբ արդեն իսկ ընդունված որոշման ֆոնի վրա: Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել