Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Ուսադիրները մեծ նշանակություն ունեն»

Մարտ 05,2002 00:00

«Ուսադիրները մեծ նշանակություն ունեն» Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում կլսվի ավտովարորդ Հովհաննես Դավթյանի հայցն ընդդեմ ՊԱՏ տեսուչի։ Սա առաջին դեպքը չէ, երբ վարորդը փորձում է ավտոտեսուչի գործողությունները վիճարկել դատարանում, այնուամենայնիվ Հայաստանում դեռեւս ձեւավորված չէ նման ավանդույթ եւ վարորդները շատ հաճախ չգիտեն իրենց իրավունքները պաշտպանել։ Այս մասին մեզ հետ զրույցում նշեց ավտովարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլլես» միության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը։ «Աքիլլեսը» ստեղծվել է 2000-ի մարտին եւ մինչեւ օրս բազմաթիվ բողոքներ է ստացել վարորդներից եւ, ինչպես պրն Հովհաննիսյանը նկատեց, վերջին շրջանում այդ բողոքներն ակտիվացել են, գրեթե ամեն օր մի քանի վարորդ դիմում է իր խախտված իրավունքների մասին բողոքով։ Սակայն շատ հաճախ վարորդները հետեւողական չեն իրենց բողոքներում, հետամուտ չեն լինում հարցի վերջնական լուծմանը, այսինքն՝ ճանապարհի կեսից նահանջում են։ Վարորդները նախընտրում են պարզապես վճարել տուգանքը, հետ ստանալ իրենց վարորդական իրավունքը, նույնիսկ եթե համոզված են, որ խախտում թույլ չեն տվել։ Լինում են նաեւ դեպքեր, երբ պետավտոտեսչության տվյալ բաժանմունքում վարորդը կարողանում է ապացուցել, որ ինքը մեղավոր չէ, սակայն, միեւնույն է, ստիպված է լինում վճարել, քանի որ տեսուչն արդեն արձանագրություն է կազմել։ Մեր հարցին՝ կարելի՞ է եզրակացնել, որ մեր վարորդները հիմնականում չգիտեն իրենց իրավունքները եւ թե ինչպես դրանք պաշտպանել, պրն Հովհաննիսյանն ի պատասխան համաձայնեց, որ վարորդների իրավունքների ոտնահարման հիմնական պատճառը նրանց անիրազեկությունն է։ «Վարորդները մեծ մասամբ չգիտեն գործող օրենքները, հաճախ չեն տիրապետում ճանապարհաերթեւեկային կանոններին, չգիտեն իրենց իրավունքները ու պարտականությունները եւ ավտոտեսուչների իրավունքները»,- նկատեց պրն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ երբեմն տեսուչներն էլ չգիտեն ճանապարհաերթեւեկային կանոնները եւ օրենքները, կամ էլ գիտեն, սակայն, օգտվելով վարորդների անիրազեկությունից, թյուրիմացության մեջ են գցում նրանց, սպառնում ինչ-որ գործողություններով, ինչի իրավունքը չունեն։ Լինում են նաեւ դեպքեր, երբ վարորդի թույլ տված խախտման համար վարչական տույժեր նշանակում են «անօրինական, առանց գործը քննելու, վարորդի բացատրությունը լսելու, իրավունքները բացատրելու»։ «Եվ դա տեւում է մեկ-երկու րոպե։ Մեկ-երկու րոպեում հնարավո՞ր է պարզել վարորդը խախտում՝ արե՞լ է, թե՞ ոչ, մեղավո՞ր է եւ որքանո՞վ է մեղավոր, եւ այլն»,- ասում է պրն Հովհաննիսյանը։ Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենքը կարգավորում է այս հարցերը, սակայն օրենքի պահանջները հաճախ անտեսվում են։ Օրենքի առթիվ պրն Հովհաննիսյանը նկատեց, որ այն անկատար է, չի համապատասխանում մեր այսօրվա պահանջներին։ «Աքիլլեսը» այս առթիվ իր առաջարկներն ու դիտողությունները նախատեսում է ներկայացնել ԱԺ-ի քննարկմանը։ Սակայն սա առանձին հրապարակման թեմա է։ Տեսուչի անօրինական գործողությունները վիճարկելու համար դատարան դիմելը եւս նախատեսված է այդ օրենքով։ Եթե վարորդը տեսուչի որոշումից բողոքում է նրա վերադասներին եւ բավարար պատասխան չի ստանում, կարող է դիմել դատարան։ Սակայն, ինչպես պրն Հովհաննիսյանը նկատեց, դրան շատ քչերն են դիմում։ Երկու նման դեպքի առնչվել է «Աքիլլեսը». մեկը նախաբանում նշված դեպքն է, մյուսը եղել է ավելի վաղ եւ վարորդի հայցը մերժվել է։ Այս կապակցությամբ պրն Հովհաննիսյանը նկատեց. դատավարությունը ցույց տվեց, որ «ուսադիրները մեծ նշանակություն ունեն»։ Այսինքն՝ վարորդն ու տեսուչը հայտնվում են անհավասար պայմաններում. վարորդը պետք է ապացուցի, որ ինքը խախտում չի արել, իսկ ավտոտեսուչը պարտավոր չէ ապացուցել, որ վարորդը խախտում է թույլ տվել եւ իր նշանակած տույժը արդարացի է։ Վարորդների բողոքների հիման վրա «Աքիլլեսը» հաճախ գրավոր դիմում է ՆԳՆ ՊԱՏ ղեկավարությանը, սակայն այդ պատասխանները հիմնականում լինում են ոչ ըստ էության եւ հարցին բավարար լուծում չի տրվում։ Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել