Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հրահանգ են ստացել…

Մարտ 05,2002 00:00

Հրահանգ են ստացել… Օրերս «Առավոտի» թիվ 38-ում կարդացի. «Ի դեպ, պրն Արթուր Բաղդասարյանը հիշեցրեց, որ Վլ. Պուտինը խումբ- խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ կարեւորել է ռուսաց լեզվի դրվածքը Հայաստանում»։ Այս ձեւով պատգամավոր Ա. Բաղդասարյանը փորձել է հիմնավորել «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին «Օրինաց երկրի» օրենսդրական նախաձեռնությունը։ Ասել կուզի, ինքը՝ ռուսաց թագավորն է հրահանգել (Ռուսաստանի ղեկավարն այս կերպ իր երկրի շահն է հետապնդում եւ սա հասկանալի է) ու իրենք էլ պիոներական «միշտ պատրաստով» կատարում են հրամանը։ Ի՞նչ խոսք, հզոր հիմնավորում է, հզոր եւ, ըստ երեւույթին, հիմնավորման հեղինակի կարծիքով՝ անթերի։ Երեւի սա նաեւ միակ հիմնավորումն է, որովհետեւ այլ կերպ ինչպե՞ս բացատրես, որ խորհրդարանը պետք է քննարկի մի օրենսդրական նախաձեռնություն, որը կոչված է ոտնահարելու պետական լեզվի իրավունքները եւ դրանով իսկ, բնականաբար, խարխլելու պետականության հիմքերը։ Այլ կերպ ինչպե՞ս բացատրես, որ հայ մարդուն դուր չի գալիս իր երկրի օրենքներից գուցե ամենակարեւորը՝ հայոց լեզուն պետականորեն պաշտպանող օրենքը։ Այո, այլ կերպ հիմնավորելու համար պետք է ասես, թե այդ ո՞ր կետով, ո՞ր հոդվածով է հիշյալ օրենքը խանգարում ռուսերենի ու «եվրոլեզուների» (ինչ էլ բառ են գտել) տարածմանը։ Կամ էլ պետք է վկայակոչես գոնե մեկ հոդված, որն այս կամ այն կերպ անառողջ ազգայնամոլություն է քարոզում։ Չկան այդպիսի կետեր եւ հոդվածներ։ Ինչեւէ, հրահանգը տրված է, այն ի կատարումն ընդունված է, օրենսդրական նախաձեռնությունը կազմված եւ ներկայացված է։ Եվ ամենեւին էլ փույթ չէ, որ պետականության հիմքին է հարվածն ուղղված, փույթ չէ, որ ազգերի, պետությունների շարքում խեղճ ու կրակ ենք երեւալու։ Փույթ չէ, որ այսօր Հայաստանում հենց հայոց լեզուն է կարոտ պաշտպանության ու հոգատարության (պետական լեզվի իրավունքների ոտնահարման շատ ցավալի փաստերն ամենուր են, չորս բոլորը)։ Փույթ չէ, որ այսպիսով մենք բռնում ենք ինքնանսեմացման, ինքնաոչնչացման ճանապարհը… Շատ հետաքրքիր է, թե ուրիշ ո՞ր երկրում է հնարավոր նման բան։ Ո՞ր երկրում պատգամավորը կհամարձակվի օրենսդրական նախաձեռնություն ներկայացնել պետական լեզվի դեմ։ ԱՐԵԳ ԳՐԻԳՈՐՅԱՆ Տեխ. գիտ. դոկտոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել