Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԲ ԴՈՒ ՉԵՍ ԽՓՈՒՄ

Մարտ 06,2002 00:00

ԵՐԲ ԴՈՒ ՉԵՍ ԽՓՈՒՄ Երեկ Արարատ քաղաքում գտնվող «Արաքս» ակումբի «Այգ» մարզահամալիրի խաղադաշտում կայացավ ֆուտբոլի Եվրոպայի պատանեկան (մինչեւ 17 տարեկաններ) առաջնության ընտրական մրցաշարի 9-րդ խմբի մեկնարկային հանդիպումը, որում Հայաստանի հավաքականը հյուրընկալեց Մալթայի թիմին։ Հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ մեր պատանիների գլխավոր մարզիչ Գեւորգ Քամալյանը, խոսելով իր սաների ցուցադրած խաղի մասին, ասաց, որ տղաներն իրենց վատ չդրսեւորեցին, սակայն մեր թիմի բախտը չբերեց։ Գործեց ֆուտբոլի չգրված օրենքը. «Երբ դու չես խփում, քեզ են խփում»։ Մարզիչն ավելացրեց նաեւ, որ իրենք գիտեին, որ հյուրերն իրենց խաղը կառուցելու էին պաշտպանությունից ու պատրաստ էին դրան, գտել էին այդ տակտիկայի «հակաթույնը»։ Սակայն մեր պատանիները ամեն բան կատարելով լավ, առնվազն հինգ անգամ դարպասը գրավելու հարյուր տոկոսանոց հնարավորություն ունեցան, որոնցից եւ ոչ մեկը չկարողացան իրացնել։ Մինչդեռ, մալթացիները հաջողության հասան չեղած տեղից։ Պատասխանելով լրագրողներին հետաքրքրող հարցերին, Գ. Քամալյանն ասաց, որ հարձակվողներից դժգոհ է, պաշտպանները կոպիտ սխալներ թույլ տվեցին, միջին գծի խաղացողների գործողություններն ընդհանրապես չգնահատեց։ Ու վերջում նորից հայտարարեց, որ իր թիմը լավ խաղաց, որ խաղացողներն սկսել են հասկանալ ֆուտբոլը։ Ճիշտն ասած, իմ եւ, կարծում եմ, իր գործընկերներից շատերն այդպես էլ չհասկացան, թե մարզիչն ինչպես է պատկերացնում առնվազն երեք բացասական երեւույթների համադրումից հետո իր գոհ մնալը։ Մանավանդ, որ ՀՖՖ-ն մեր պատանեկան հավաքականի համար ստեղծել է այս պատասխանատու մրցաշարին լիարժեքորեն նախապատրաստվելու անհրաժեշտ բոլոր պայմանները, եւ ասում են, որ հավաքականի անդամները երեք ամիս ուսումնամարզական հավաքներում են գտնվել։ Հակառակ մերոնց, ինչպես պարզվեց Մալթայի մարզիչ Մարկ Միլլերի խոսքից, իր թիմը ընդամենը վեց օր է համատեղ հավաք անցկացրել, բայց մեկ ամիս առաջ երկու անգամ ընկերական հանդիպում է ունեցել Շոտլանդիայի իր հասակակիցների հետ։ Մարզիչներն իրենց ասելիքն ասացին։ Մենք էլ հակիրճ խոսենք մեր տպավորությունների մասին։ Երբ խաղից առաջ հնչեցին երկու երկրների օրհներգերը, դաշտում շարված տասնմեկ հայորդիներն ու պահեստայինների նստարանը զբաղեցրած նրանց թիմակիցները ձեռք ձեռքի տված կամ ձեռքները սրտներին երգում էին «Մեր հայրենիքը»։ Դա ուրախացնում էր եւ հույս ներշնչում, որ այդ միասնականության դրսեւորումը կգործի նաեւ հանդիպման ժամանակ։ Բայց տղաներն, ինչպես սպորտում են ասում, հավանաբար, «վառվեցին»։ Խաղասկիզբը մալթացիների օգտին էր խոսում։ Նրանք գործում էին ավելի ակտիվ ու համախմբված, ավելի նպատակային։ Իսկ մեր տղաները պաշտպանվում էին հիմնականում տարերայնորեն, ու նրանց մոտ չէր ստացվում խելամիտ ու մտածված գրոհ կամ հակագրոհ կազմակերպելը։ Այս ամենին, թերեւս, նպաստում էր նաեւ տեխնիկական խոտանը, որ նկատելի էր թե՛ գնդակին տիրապետելու տեխնիկայում, թե՛ փոխանցումներում եւ թե՛ գրոհների եզրափակիչ փուլում։ Եվ օրինաչափ է, որ առաջին խաղակեսում մալթացիներն ունեին խաղային եւ տարածքային առավելություն։ Նրանց կազմում հատկապես ակտիվ էր թիմի ավագ Կլավեն Ֆրենդոն, որը ստանձնել էր դիսպետչերի պարտականությունները եւ հիմնականում ինքն էր իրացնում ստանդարտ դիրքերից հարվածները։ Հերթական գրոհներից մեկի ժամանակ նույն Ֆրենդոն ձախ եզրից գնդակը փոխանցեց տանտերերի տուգանային հրապարակ, որտեղ ստեղծված խառն իրադրությունում Դարսոն Ֆալզոնը գնդակն ուղարկեց դարպասից ներս։ Դրանից հետո մեր ֆուտբոլիստների գործողություններում որոշակի ակտիվություն երեւաց։ Բայց, ավաղ, նրանք չափից ավելի էին տարվում անհատական խաղով։ Եվ դա, ամենայն հավանականությամբ, գրոհները զարգացնելու հարմար շարունակություն չգտնելու հետեւանք էր։ Ընդմիջումից հետո տարածքային առավելությունն արդեն մեր պատանիների կողմն էր։ Նրանք մի քանի անգամ հաշիվը հավասարեցնելու եւ նույնիսկ առաջ անցնելու հարյուր տոկոսանոց պահեր ստեղծեցին, սակայն ամեն անգամ վերջին, վճռորոշ հարվածը դիպուկ չէր ստացվում։ Այս որակներով աչքի ընկան նաեւ հյուրերը, իսկ նույն Ֆրենդոնի՝ խաղակեսի միջնամասում կատարած հուժկու հարվածից հետո մերոնց օգնության հասավ ուղղահայաց ձողափայտը։ Ինչեւէ, երկու թիմերի գործադրած ջանքերը հաշվի մեջ նոր փոփոխություն կատարելու ուղղությամբ անարդյունք էին։ Հանդիպումն ավարտվեց մեր պատանեկան հավաքականի դառը պարտությամբ՝ 0։1։ Այսօր Երեւան է ժամանում խմբի երրորդ թիմը՝ Մոլդովայի հավաքականը, որը մարտի 7-ին կհանդիպի Մալթայի հետ։ Հենց այս եւ մարտի 9-ին կայանալիք Հայաստան-Մոլդովա հանդիպման արդյունքներից է կախված լինելու, թե խմբում որ հավաքականը կգրավի առաջին տեղը ու Եվրոպայի պատանեկան առաջնության եզրափակիչի ուղեգիր կնվաճի։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել