Լրահոս
Օրվա լրահոսը

ԾՈՒԽ ԾԽԱՆԻ՞

Մարտ 06,2002 00:00

ԾՈՒԽ ԾԽԱՆԻ՞ Կոմունիստների իշխանության օրոք հավատացյալները մայթեզրերով էին քայլում՝ թաքցնելով իրենց ինքնությունը, ապա այժմ ամեն մի հայորդի հպարտանում է իր քրիստոնյա-հավատացյալ լինելով։ Հիմա մարդկանց աչքից թաքնվելու հերթը աթեիստներինն է՝ մի ծայրահեղությունից մյուսը։ Այսօր նոր նշանակություն են ստացել նաեւ եկեղեցական տոները՝ Հիսուս Քրիստոսի ծնունդը, սրբերի՝ Հովհաննես, Սարգիս եւ այլոց անվանակոչության օրերը եւ վերջապես Տյառնընդառաջը (Տրնդեզը)։ Վերջինից անցել է շուրջ մեկ ամիս, բայց տոնակատարության հետեւանքը դեռ զգացնել է տալիս՝ ծայրամասային փողոցների անկյուններում կուտակված, վառված անվադողերի մուր ու ռետինի մնացորդներ, լքված գործարանների մրոտված, կեղտոտված պարսպապատեր։ Ամեն տարի այսպես են նշում Տրնդեզը մեր քաղաքի անչափահասները։ Ծնողների ու շրջապատի ներողամիտ ժպիտների ներքո, այդ ավանդույթի նորօրյա հետեւորդները երեկոյան ընտրում են հարմար տեղ, աղբանոցներից (դրանք ամենուրեք են) բերում են անվադողեր ու վառում։ Պատանիների ճիչ ու աղաղակի ուղեկցությամբ սեւ ծուխը բռնում է շրջակայքը, «ներկում» լվացքի պարանները, ներթափանցում բնակարանները։ Մինչեւ ուշ գիշեր այդպես էին «ուրախանում» Ծերենցի, Ջիվանու եւ քաղաքի այլ փողոցների պատանիները։ Այս օրերին գարնանային փոշին այդ մրակույտերը մաղում է տների ու փողոցների վրա։ Կարգ ու կանոն շրջանցող մեր շատ քաղաքացիներ թող շատ չվրդովվեն, չէ՞ որ հենց իրենք էին դիտողություն անողներին ասում. «Երեխաներ են, էլի, թող մի քիչ ուրախանան»։ Այնուամենայնիվ, այս մի տոնը կարծես «մարսեցինք»։ Առջեւում ամառն է՝ Վարդավառը, «երեխաների» հերթական ուրախանալու առիթը։ Այդ օրը կասկածելի մաքրությամբ ջուրը նրանց ձեռքերից ուժեղ շիթերով ներխուժելու է փոխադրամիջոցներ, ջրելու-շշպռելու ուղեւորներին։ Ավելի անօգնական վիճակում են հայտնվում հետիոտն աղջիկները. հանդիպելով ջրամաններով զինված անչափահասների սանձարձակ խմբին՝ անհուսալիորեն փախչում են այս ու այն կողմ, վերջապես թրջվում են, խայտառակվում ու անիծում այդպիսի տոնն ու սովորույթը։ Երանի թե այդ տուժողների մեջ շատ լինեին Ազգային ժողովի պատգամավորների քույրերն ու աղջիկները։ Այս կերպ գուցե մի գործող օրենք ընդունվեր հիշյալ այլանդակությունների դեմ։ Բայց դե նրանք հո հետիոտն ման չե՞ն գա։ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել