Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՐԱՏՈՒՄ Է ԿԱՍԿԱԾՆԵՐԸ

Մարտ 07,2002 00:00

ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՐԱՏՈՒՄ Է ԿԱՍԿԱԾՆԵՐԸ «Հոկտեմբերի 27» քրգործի երեկվա դատաքննությանը մի կարճ ժամանակով դատական նիստերի դահլիճ բերվեցին ամբաստանյալներ Նաիրի եւ Կարեն Հունանյանները։ Նրանց համար հրապարակվեց ամբաստանյալ Դերենիկ Բեջանովի դատաքննական ցուցմունքը։ Հիշեցնենք, որ նրա ցուցմունք տալու ժամանակ Հունանյանները հեռացվել էին դահլիճից։ Ամբաստանյալ Ն. Հունանյանը նորից հարց բարձրացրեց տեղեկատվություն դուրս բերելու կապակցությամբ, ինչին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Սամվել Ուզունյանը պատասխանեց մերժմամբ։ Նա ասաց, որ տեղեկատվություն դուրս հանելու համար պետք է ամբաստանյալը դիմի վարույթն իրականացնող մարմնին։ Որքան էլ ամբաստանյալ Ն. Հունանյանը ջանաց մեջբերումներ անել Սահմանադրությունից, իրավունքներից, այս անգամ չհաջողվեց, քանզի նախագահող դատավորը նրա միջնորդության մերժումը բացատրեց նույն Սահմանադրության 48 հոդվածով. «Յուրաքանչյուր ոք պարտավոր է պահպանել Սահմանադրությունը եւ օրենքները, հարգել այլոց իրավունքները, ազատությունները եւ արժանապատվությունը։ Արգելվում է իրավունքների եւ ազատությունների օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն եւ պատերազմ քարոզելու նպատակով»։ Ամբաստանյալը հակասություն նկատեց այս ամենի մեջ, ինչի կապակցությամբ դատավորի դիրքորոշումը հստակ էր։ Նա ասաց. «Ձեր տրամաբանությամբ, ճաղավանդակներից ձեզ պիտի դուրս հանել մինչեւ դատավճիռը…»։ Սկսվեց ամբաստանյալ Դերենիկ Բեջանովի հարցաքննությունը։ Նրան հարցաքննում էր զինդատախազ, մեղադրող Անահիտ Եղիազարյանը։ Վերջինիս ընդամենը մի քանի հարցի պատասխանեց ամբաստանյալ Բեջանովը։ Մասնավորապես՝ կա՞ դատավարության մասնակիցներից որեւէ մեկը, որի հարցին դուք կցանկանայիք պատասխանել։ Ամբաստանյալը պատասխանեց, որ չկա։ Գուցե ներկա գտնվող ամբաստանյալների ներկայությո՞ւնն է պատճառը, որ չեք պատասխանում հարցերին, Բեջանովը պատասխանեց բացասաբար։ Նա ասաց, որ ցուցմունք կտա վիճաբանության փուլում։ Վերջինս, անշուշտ, չի պատկերացնում քրեական դատավարության կարգը, այն, որ վիճաբանության փուլում նա չի կարող օգտվել երեկ նախապայմանի նման հնչեցրած ցուցմունքներ տալու հնարավորությունից։ Չնայած, ինչպես ամբաստանյալը խոստովանեց, իրեն «իրավաբանական օգնություն էին ցույց տվել» իր հետ նույն խցում գտնվող կալանավորները։ Անշուշտ, թե մեղադրող կողմը, թե դատավարության մասնակիցները Բեջանովի հարցերին չպատասխանելը կապում էին նրա ընտրած մարտավարության հետ։ Իմիջիայլոց, հարցաքննության ժամանակ ամբաստանյալների «մարտավարության» նմանակումը հաստատում է այն, որ նրանք ինչպես միասնական են եղել ԱԺ-ում կատարված գործողություններում, այնպես էլ այսօր՝ դատարանում։ Ամբաստանյալի հարցաքննության ժամանակ մի միամիտ պարզաբանում տվեց՝ ասելով, թե «չէի սպասում, որ գործը դատարան կհասնի»։ Երբ մեղադրող Ա. Եղիազարյանը հարցրեց, թե նա զղջացել է իր կատարած գործողությունների համար, նա չպատասխանեց այս հարցին, սակայն նույն հարցին՝ տրված մեղադրող Հակոբ Մարտիրոսյանի կողմից, նա բառացիորեն ասաց, որ ափսոսել է մարդու կյանքը խլելու համար։ Ի դեպ, նա մի քանի անգամ շեշտեց, որ ցավում է Արմենակ Արմենակյանի սպանության համար։ Մի տարօրինակ արտահայտություն էլ թույլ տվեց ամբաստանյալը, ասելով՝ «Եթե սխալ բան հնչի, ես հարցերը կլուծեմ… Էսի ստեղի գործ չի»։ Երբ նախագահող Ուզունյանը փորձեց ճշտել, թե կա՞ մի տեղ, որտեղ ինչ-որ հարցեր են լուծվում, նա բառացիորեն ասաց հետեւյալը. «Դատից հետո իրար հետ ենք լինելու»։ Մեղադրող Ա. Եղիազարյանի հարցաշարը հետաքրքիր էր նրանով, որ, փաստորեն, դատաքննական եւ նախաքննական ցուցմունքները համընկել էին, իսկ ամբաստանյալը նախաքննական ցուցմունքներից հրաժարվել էր դեռ նախորդ նիստին։ Հաճախ էր հնչում այն հարցը, որ ամբաստանյալը չի պատասխանում, որովհետեւ վախենո՞ւմ է, թե՞ առաջնորդվում է ամբաստանյալ Հունանյանի կոչով։ Մեղադրողը շարունակում էր հարցնել. «Աշոտ Կնյազյանի հետ զրուցելիս ասել եք, որ անհրաժեշտության դեպքում 30 մարդ կբերեք… Ինչո՞ւ էր 2-րդ մեքենան անհրաժեշտ… Ասացիք, որ ժամը 3-ի սահմաններում ձեզ խաչապուրի եւ օղի են բերել։ Խմել եք քաջության համար։ Դուք ձեր քաջությա՞ն համար էիք խմում… Բացի խմբի անդամներից, Նաիրի Հունանյանը, Էդիկ Գրիգորյանը, այլ անձանց հետ խոսե՞լ են… Դուք Վանո Սիրադեղյանի դեմ սուտ ցուցմունք տալու համար ինքնասպանության փո՞րձ եք արել… Եթե սուտ ցուցմունք տալու համար փորձել եք ինքնասպանություն գործել, կարո՞ղ եք ասել, որ մյուս ցուցմունքները ճիշտ են… Ջոկատի տղաներին զանգելով ասե՞լ եք՝ «այն, ինչ չէր արել Մանվելը 95-ին, ես եմ արել», ո՞վ էր Մանվելը, ի՞նչ չէր արել…»: Ամբաստանյալին չկարողացան խոսեցնել մեղադրող Արմեն Հարությունյանը, տուժողի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանը։ Ամբաստանյալը նույնիսկ վերջինիս հարցի ժամանակ ասաց. «Ձեր հարցը լավ հոլանդական կուտ էր», ինչին հետեւեց փաստաբանի հետեւյալ ռեպլիկը, թե բացի հոլանդական կուտ տալուց կոդավորել են քեզ։ Տուժողի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Օլեգ Յունոշեւին եւս չհաջողվեց պատասխաններ ստանալ ամբաստանյալից։ Անսպասելի պոռթկում տեղի ունեցավ ամբաստանյալ Վռամ Գալստյանի կողմից (Հունանյանների քեռի), երբ Ա. Սարգսյանը ասաց, թե կենսագրություն ունեցող ազատամարտիկը ինչպե՞ս է համաձայնել գնալ Հունանյանների ետեւից, որոնք իրենց մորը, հոր կենդանության օրոք, փորձել են ամուսնացնել։ Վ. Գալստյանը առարկեց հարցին, ասելով. «Թող նրանց ներկայությամբ հարցը տրվեր եւ թող… չխոսի բարոյականության մասին»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել