Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԷԻՆ

Մարտ 07,2002 00:00

ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԷԻՆ Երեկ Սպորտվարչության նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀԱՕԿ-ի նախագահ Իշխան Զաքարյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված Սոլթ Լեյք Սիթիում անցկացված ձմեռային 19-րդ օլիմպիական խաղերին։ Խոսելով Հայաստանը ներկայացնող մարզիկների մրցելույթների մասին, նա ընդգծեց, որ մենք ձմեռային օլիմպիական խաղերում երբեք լուրջ ակնկալիք չենք ունեցել, ինչպես ամառայինում։ «Այստեղ կան ավանդույթների, մասնագետների եւ ֆինանսական խոշոր ներդրումների խնդիրներ, որոնցից ոչ մեկը, ցավոք, չունենք,- ասաց ՀԱՕԿ-ի նախագահը։- Սակայն կա մի հարց, որն ինձ անչափ մտահոգում է։ Երբ մեր հավաքականներում ընդգրկում ենք այլ երկրների ներկայացուցիչների, ես դա դրական եմ համարում, մանավանդ, երբ խոսքը մեր հայրենակիցների մասին է։ Բայց դա ինքնանպատակ չպետք է լինի։ Նկատի ունեմ հատկապես այլազգիներին։ Խոսքս մասնավորապես վերաբերում է գեղասահորդներին։ Այդ թեմայով Սոլթ Լեյքում ես շատ լուրջ խոսակցություն եմ ունեցել մարզաձեւի մեր ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանի հետ, որպեսզի այսուհետ մեր դրոշի ներքո հանդես չգան այնպիսի մարզիկ-մարզուհիներ, որոնք վերջին տեղեր են զբաղեցնելու։ Բացարձակ անտրամաբանական եմ համարում, երբ Ռուսաստանի մարզիկներից մեր թիմում չեն ընդգրկվում նրանց չորրորդ, հինգերորդ կամ յոթերորդ համարները։ Ի դեպ, այս մասին ԱՄՆ-ում գործնական լուրջ զրույցներ եմ ունեցել ՌԴ սպորտի նախարարի եւ ՌՕԿ-ի նախագահի հետ։ Առաջիկայում դուք էլ կհամոզվեք՝ տեսնելով, որ Եվրոպայի եւ Աշխարհի առաջնություններում մենք վերջին տեղեր գրավող գեղասահորդներ չենք ունենա։ Խաղերի օրերին բազմաթիվ հանդիպումներ եղան մեր գործընկերների՝ սպորտի նախարարների եւ ՕԿ նախագահների հետ։ Դրանք երկու տասնյակից շատ էին, սակայն կխոսեմ մի քանիսի մասին։ Դա Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահի տեղակալ Կոզլովսկու հետ բանակցություններն էր։ Շոշափվեցին բազմաթիվ ծրագրեր, որոնցից ամենակարեւորը գույքայինն է։ Մոտ օրերս ԵՕԿ-ը 50 հազար դոլարի գույքային ծրագիր է իրականացնելու Գյումրիում. դա բավական հաջող գործարք է։ Ամբողջ գումարը տրվելու է որպես օգնություն եւ նպատակաուղղվելու է հատկապես ավանդաբար ուժեղ մարզաձեւերի զարգացմանը, դրանց համար մարզագույք ձեռք բերելուն։ ՌԴ սպորտի նախարար Ռիժկովի եւ ՌՕԿ-ի նախագահ Տյագաչովի հետ մի քանի գործնական հանդիպում ունեցանք։ Դրանցում, ինչպես նաեւ իմ մյուս գործընկերների հետ հանդիպման ժամանակ, հիմնական թեման եղել է Ծաղկաձորի օլիմպիական բազայի շահագործումը։ Եկանք ընդհանուր կարծիքի, որ այն պետք է համատեղ օգտագործվի նախկին ԽՍՀՄ հանրապետությունների ներկայացուցիչների կողմից։ Այդ նպատակով ապրիլ-հունիսին սպորտի ղեկավարների երկու հանդիպում է լինելու՝ Մինսկում եւ Մոսկվայում»։ Ի. Զաքարյանը տեղեկացրեց, որ հանդիպել է նաեւ ՄՕԿ-ի անդամ եւ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Թոմաշ Այանի հետ։ Թեման Հայաստանում ծանրամարտի շուրջ ստեղծված իրավիճակն է եղել։ Չմանրամասնելով զրույցը, նա համոզմունք հայտնեց, որ մեր հավաքականներն այս տարի իրավունք կունենան մասնակցելու աշխարհի ու Եվրոպայի բոլոր պաշտոնական առաջնություններին։ Այդ հարցի վերջնական պատասխանը տրվելու է մարտի 23-25-ը անցկացվելիք այդ կազմակերպության գործկոմի նիստում։ Այնուհետեւ ԱՕԿ-ի նախագահը մանրամասն խոսեց դոպինգի դեմ մղվող պայքարի ներկայիս հիմնախնդիրների մասին։ Նպատակը նա գնահատեց դրական, բայց ինչ-որ տեղ, ինչպես շատերն են համոզված, նկատեց, որ պայքարի ձեւերն ու մեթոդները ծայրահեղացվում են։ Այս պարագայում Հայաստանից պահանջվում է առավելագույնս խուսափել կասկածելի խթանիչներ օգտագործելուց։ Ավանդույթի համաձայն՝ Ի. Զաքարյանը ներկայացրեց նաեւ խաղերի մասնակցության վրա ծախսված գումարները։ Ընդհանուր առմամբ ծախսվել է 23 մլն 113 հազար դրամ, որից՝ պետական միջոցները կազմել են 3 մլն 61 հազար դրամ, մնացածը՝ 15 մլն 52 հազար դրամ, փոխհատուցել է ՀՕԿ-ը եւ 5 մլն դրամ էլ՝ որպես հովանավորություն, տրամադրել է պղնձամոլիբդենային կոմբինատը։ Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ճի՞շտ է, արդյոք, որ հայաստանցի մարզիկներից ոչ բոլորն են Սոլթ Լեյքից վերադարձել, ՀԱՕԿ-ի նախագահն ասաց հետեւյալը. «Մեր պատվիրակության անդամները տարբեր չվերթերի տոմսեր ունեին։ Միակ բացառությունը, որին անձամբ թույլ եմ ժամանակավորապես մնալ՝ լեռնադահուկորդ Արսեն Հարությունյանն է։ Նա 1,5-2 ամիս բուժելու է ծնկի վնասվածքը»։ Հետաքրքրվեցին նաեւ Արամ Հաջիյանով։ «Նա պետք է վերադառնա։ Ոչ ոք նրան մնալ թույլ չի տվել։ Սովորաբար օլիմպիական խաղերից հետո տարբեր երկրների առաջատար մարզիկները նոր պայմանագրեր են կնքում, փոխում են քաղաքացիությունը։ Այդպես էր նաեւ Սիդնեյում։ Մեր մարզիկները, մանավանդ՝ ձմեռային ձեւերի, չունեն այն մակարդակը, որ նրանց հետ պայմանագրեր կնքեն։ Նրանք դրսում անելիք չունեն։ Եվ մի բան էլ. բազմիցս հայտարարել եմ ու հիմա էլ կրկնում եմ՝ քանի դեռ ես զբաղեցնում եմ պետական կառույցի ղեկավարի եւ ՀԱՕԿ-ի ղեկավարի պաշտոնը, ոչ մի հայաստանցի մարզիկ այլ երկրի դրոշի ներքո հանդես չի գալու։ Դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե տվյալ երկիրը սահմանված կարգով ցանկանա ձեռք բերել մարզիկին, այսինքն՝ Հայաստանին գումար վճարի»,- ավարտեց Իշխան Զաքարյանը։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել