Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՄՈՒԼՆ ՈՒ ԳԵՐՄԱՆԻԱՆ

Մարտ 07,2002 00:00

ՄԱՄՈՒԼՆ ՈՒ ԳԵՐՄԱՆԻԱՆ Գերմանիայում չկա ֆեդերալ օրենք մամուլի մասին, յուրաքանչյուր երկրամաս ունի իրենը։ Սակայն այստեղ մամուլի նկատմամբ վերահսկողության լավագույն ձեւը ինքնավերահսկողությունն է, որն իրականացվում է մամուլի խորհուրդ ոչ պետական մարմնի միջոցով։ Վերջինիս մշակած կոդեքսով էլ առաջնորդվում են Գերմանիայի լրագրողները։ Կոդեքսում նշվում են այն հիմնական դրույթները, որոնցով պետք է առաջնորդվի լրագրողը։ Դրանցից հիմնականներն են՝ ինֆորմացիան պետք է լինի ճշգրիտ եւ հիմնավորված, հարգվի մարդու արժանապատվությունը, ինտիմ կյանքը, պետք է խուսափել դաժանության, բռնության քարոզչությունից, արգելված է կաշառք վերցնել տեղեկատվությունը տարածելու համար եւ այլն։ Որեւէ հրապարակումից դժգոհ քաղաքացին կարող է դիմել ե՛ւ մամուլի դատարան, որը ոչ պետական է եւ կազմված է լրագրողներից ու Մամուլի խորհրդի անդամներից, ե՛ւ սովորական դատարան՝ քաղաքացիական թե քրեական։ Որեւէ թերթ փակելու իրավունք ունի միայն Սահմանադրական դատարանը։ Սա Գերմանիայի համար տեսական կարելի է համարել։ Բացառությամբ այն դեպքերի, երբ որեւէ կուսակցության գործունեության արգելմանը բնականաբար հետեւում է այդ կուսակցության օրգան-թերթի փակումը։ Իսկ դրանք արգելվել են ծայրահեղ կրոնական, հակասեմիտական, մարդու հիմնարար իրավունքները խախտող կամ ֆաշիստական պրոպագանդա տարածելու համար։ Վերջինը նույնն է, թե գցել Գերմանիայի վարկը։ Գերմանացիները գտնում են, որ մամուլի մասին օրենքը չպետք է կարգավորի յուրաքանչյուր վիճելի դեպք։ Դրա համար կա երկրի Սահմանադրությունը։ Իսկ այն ազդարարում է մամուլի ազատությունը իբրեւ հիմնարար դրույթ, որը վեր է անգամ անձի արժանապատվության դրույթից։ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ Հ. Գ. Տեղեկությունները ստացել ենք Ֆր. Նաումանի անվան հիմնադրամի ներկայացուցիչներ դոկտ. Վոլֆգանգ Յոնից եւ Միխայիլ Լինքից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել