Լրահոս
Օրվա լրահոսը

Մի՛ ավերեք մեր քաղաքը

Մարտ 16,2002 00:00

Մի՛ ավերեք մեր քաղաքը Հնաբնակ երեւանցիների բողոքը ստիպեց նորովի նայել իրականությանը։ Եթե անձնական օգտագործման ավտոմեքենան այսօր շքեղություն է դիտվում, ապա տրամվայը միշտ եղել եւ մնում է քաղաքակրթության չափանիշ ու ավելին՝ յուրաքանչյուր քաղաքի շունչ, կյանք, կեցվածք հաղորդող։ Էկոլոգիապես մաքուր այս փոխադրամիջոցից ամեն քաղաք չունի (տարիներ առաջ մերձբալթյան երկրներում շրջագայելիս, մեր քաղաքի մասին պատկերացում կազմելու համար տեղացիները հարցնում էին՝ տրամվայ կա՞)։ Ցավոք, գլխապտույտ հետընթաց ապրող մեր հանրապետությունում չտրամաբանված քայլերն աստիճանաբար տանում են այդ փոխադրամիջոցի վերացմանը։ Երեւանն աննկատ զրկվեց տրամվայի 10, 3, 1 եւ 2 երթուղիներից, հիմա էլ հերթը մյուսներինն է։ Ինչո՞ւ եւ ո՞ւմ է ձեռնտու։ Պարզ է, տրամվայն այսօր մրցակից է բազմաթիվ տերեր ունեցող, էժան երթուղային տաքսիներին, որոնց հեղեղը մի քանի անգամ գերազանցում է ուղեւորների թվին, ապահովելով մթնոլորտի աղտոտվածության եւ չխլացող աղմուկի բարձր մակարդակ։ Այս իրողությանը ավելի վաղ՝ տարիներ առաջ անդրադարձել էին տրամվայի վագոնավարները, երբ փոխադրավարձի իջեցման պահանջով բազմաթիվ առաջարկներով դիմեցին կառավարությանը, սակայն հասկանալի պատճառով սայլը տեղից չշարժվեց։ Այժմ արդեն ակնհայտ է՝ դրության տերերի (գիծը «նայողները» պատահական մարդիկ չեն) գրգռված ախորժակը հայտնաբերել է պղնձե լարերի կամ ռելսերի հանձնման նոր կետ, կամ ոմանք էլ հասկացել են, որ տրամվայը «խփում» է իրենց գործին։ Ուրեմն՝ ոչնչի առջեւ չկանգնելու գնով հարկ է «մաքրել» գծերը։ Քանդվում է եւս մի օղակ, որ Երեւանինն էր ու երեւանցունը (այն դեպքում, երբ տրամվայի վագոններն այժմ ե՛ւ մաքուր են, ե՛ւ բարեկարգ, ե՛ւ նորոգ)։ Բարոյախոս չպետք է համարվել հիշեցնելու համար, որ էկոլոգիապես մաքուր քաղաքային փոխադրամիջոց լինելուց զատ տրամվայը (ինչպես նաեւ տրոլեյբուսը, որի հերթն էլ կգա) մեր տարեցների ու հաշմանդամների միակ փոխադրման միջոցն է եւ վերջիններիս աջակցելու հրամայականն էլ ստիպում է վճարունակ շատերիս հաճախակի օգտվել էլեկտրատրանսպորտից։ Դառնությամբ ընդունենք, որ Երեւանը գավառամիտ որոշ պաշտոնյաների համար «խոպան» է ու փորձենք հասկանալ այն խենթ երեւանցուն, որը դեռ 70-ականներին վարձել էր տրամվայն ու ողջ գիշեր՝ մինչեւ լուսաբաց, ընկերների ու հյուրերի հետ զբոսնել ու քեֆ արել երեւանյան փողոցներում։ ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել