Լրահոս
Օրվա լրահոսը

Ով էլ լինի՝ իր սեւ գործն է անելու

Մարտ 16,2002 00:00

Ով էլ լինի՝ իր սեւ գործն է անելու Մեր հարցումների նպատակն էր՝ պարզել, թե Մանկավարժական համալսարանի ուսանողները որեւէ կուսակցության պատկանո՞ւմ են, մասնակցություն ունենալո՞ւ են նախագահական ընտրություններին, քարոզարշավներին եւ ո՞ւմ են ընտրելու 2003թ. ընտրություններին։ Մ. Միրաքյան, ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 2-րդ կուրս- Ոչ մի կուսակցության չեմ պատկանում, քանի դեռ նրանք ապրում են անբարոյականությամբ՝ ես կուսակցական չեմ դառնա։ Իսկ ինչ վերաբերում է ընտրություններին եւ ընտրարշավներին, ոչ մեկին էլ չեմ մասնակցելու, որովհետեւ անբարոյական եմ համարում բոլոր նրանց, ովքեր ընտրարշավներին բարեգործ ձեւանալով ՀՀ նախագահ են դառնում, բարձր ամբիոններից կաշառակերությունն են դատապարտում, ապա չարախնդրորեն ծախում են իրենց ընտրողներին։ Եվ այս ամենը այն բանի համար, որպեսզի նրանք տասնյակ միլիոններ գրպանեն, թալանեն մեզ, տարագրության ուղարկեն ազգի հսկայական զանգվածին։ Հ. Հովհաննիսյան, արվեստի մոդելավորում, 3-րդ կուրս- Որեւէ կուսակցության չեմ պատկանում։ Չեմ մասնակցելու ընտրություններին, քանի որ ինձ ծանոթ քաղաքական շրջանակներում այսօր չկա արժանի թեկնածու։ Ք. Ալավերդյան, ժուռնալիստիկայի ֆակ., 4-րդ կուրս- Հրազդանի ուսանողական միության անդամ եմ, մասնակցելու եմ ընտրարշավներին եւ ընտրելու եմ Ռ. Քոչարյանին։ Վ. Ավագյան, հոգեբանության ֆակ., 5-րդ կուրս- Կուսակցական չեմ։ Մասնակցելու եմ ընտրություններին, սակայն դեռ չեմ որոշել ում ընտրել։ Բայց միեւնույն է, ով էլ լինի՝ երկրի վիճակը նույնն է լինելու, եթե ոչ ավելի վատ։ Վ. Մանուկյան, աշխարհագրական ֆակուլտետ, 3-րդ կուրս- Ոչ մի կուսակցության չեմ պատկանում։ Քարոզարշավներին չեմ մասնակցելու, ընտրություններին՝ այո։ Սակայն դեռեւս արժանի, հայրենասեր թեկնածու չեմ տեսնում։ Գտնում եմ, որ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է մասնակցել ընտրություններին՝ արդար մղումներով։ Մեզանում ընտրություններ բառը ասոցիացվում է մեկ շիշ ձեթի, շաքարավազի, բրնձի, լոբու, կոշիկի թայի, կեղծ հոգատարության եւ 2000 դրամանոց ձայների հետ։ Մենք ամեն ինչ էլ շատ լավ գիտակցում ենք, բայց նաեւ գտնում ենք, որ մեկ ձայնը ոչինչ չի փոխի։ Հ. Հարությունյան, ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 2-րդ կուրս- Որեւէ կուսակցության չեմ պատկանում։ Ընտրելու եմ Ստեփան Դեմիրճյանին, մյուսները ավազակներ են եւ պետք է դրանց հերթով գնդակահարել։ Կ. Աղջոյան, ֆիզմաթ. ֆակուլտետ, 5-րդ կուրս- Կուսակցական չեմ եւ գտնում եմ, որ սխալ է Հայաստանի նման փոքր երկրի համար այսքան շատ կուսակցություններ ունենալը։ Վերջին տեղեկությունների համաձայն, այս հարցը պետք է կանոնակարգվի, բայց շատ ավելի լավ կլիներ, որ մենք ունենայինք մի կարեւոր ազգային հատկություն՝ համախմբվածություն եւ ոչ թե ամեն մեկը իր կողմը քաշի։ Հարցումների ընթացքում պարզվեց, որ ուսանողների մեծ մասի համար միեւնույն է, թե ով կլինի նախագահ։ Նրանցից մեկը նկատեց՝ «Ով ուզում է լինի, ինձ համար մեկ է։ Մեկ է, ով էլ լինի՝ նույն սեւ գործն է անելու»։ ԱՆՆԱ ԱԼՈՅԱՆ ուսանողուհի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել