Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Մարտ 16,2002 00:00

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ Սեպտեմբերի 11-ից հետո Հայացք Ադրբեջանից Չարժե զարմանալ, որ Հարավային Կովկասում համագործակցության եւ անվտանգության կոնցեպցիաների ընկալումները Բաքվում եւ Երեւանում, Թբիլիսիում եւ Երեւանում միշտ տարբեր են եղել: Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտոլոգիայի դեպարտամենտի տնօրեն Արիֆ Յունուսովի կարծիքով, դա մեծապես բխում էր երեք երկրների արտաքին քաղաքական խնդիրների տարբերությունից: «Բոլորի թիվ մեկ խնդիրը անկախ պետության կառուցումն է,- նշում է նա:- Տարածաշրջանում ՌԴ-ի ազդեցության ընդլայնմանը դիմակայելու համար Ադրբեջանում առաջնահերթային էր արեւմտյան ուղղությունը: Վրաստանի դիրքորոշումը պրակտիկորեն համընկնում էր ադրբեջանականի հետ, թեեւ կային իրավիճակի որոշ նրբերանգներ: Վրաստանը որպես ազգային պետություն դեռեւս չի ձեւավորվել եւ գոյություն չունի որպես կենտրոնացված միասնական պետություն: Հետեւաբար, Ռուսաստանի նկատմամբ Թբիլիսիի տրամադրվածությունն ավելի արմատական է, քան ասենք՝ Ադրբեջանինը: Այսինքն, Բաքուն մանեւրելու, ՌԴ-ի նկատմամբ խաղ վարելու ավելի մեծ հնարավորություններ ունի, եւ վարում է այդ խաղը: Լավ է դա անում, թե վատ, ուրիշ հարց է, բայց խաղը վարում է: Հայաստանում իրավիճակը միշտ այլ է եղել, Հայաստանն ավելի կախյալ վիճակում է Ռուսաստանից: Ընդ որում՝ այդ կախվածությունը ոչ թե պարտադրված էր, այլ բնական, քանի որ հայերն արդեն 200 տարի են կողմնորոշված դեպի Ռուսաստանը: 2001թ. սեպտեմբերի 11-ից հետո Հայաստանի համար նորն այն է, որ որոշ ուժեր փորձում են կողմնորոշվել իրավիճակում եւ հաստատել արեւմտյան աշխարհի՝ ԱՄՆ-ի, հետ ինտերգրացիոն հարաբերություններ: Այսինքն՝ ծայրահեղ դեպքում պոկվել Ռուսաստանից: Կան այս միտումները»: Աբխազիան ՌԴ կազմո՞ւմ Ըստ քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովի, սեպտեմբերի 11-ի իրադարձությունները փոփոխեցին ոչ միայն Կենտրոնական Ասիայի, այլեւ Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականությունը: Ինչպես հայտնի է, ռուսաստանյան իստեբլիշմենտի մի մասի արձագանքը բավական խիստ էր, եւ անգամ նախաձեռնվեց Պետդումայում Աբխազիայի ՌԴ կազմ մտնելու հարցի քննարկումը: Բաքվի պետհամալսարանի ամբիոնի վարիչ, Ադրբեջանի ԳԱԱ Մարդու իրավունքների ինստիուտի փորձագիտական խորհրդի անդամ Քյամիլ Սալիմովի խոսքերով՝ Հարավային Կովկասում կոնֆլիկտների հաղթահարումն անհնարին է այնքան ժամանակ, քանի դեռ դրանք «խրախուսվում են, ֆինանսապես օժանդակվում ու քաղաքականապես ամրապնդվում»: «Անհասկանալի է, օրինակ, ՌԴ Պետդումայի դիրքորոշումը: Ինչպե՞ս է նա հանկարծ քննարկում Աբխազիայի Ռուսաստանի կազմ մտնելու հարցը: Այդ դեպքում Վրաստանն էլ կարող է ընդունել Չեչնիային: Ռուսաստանի որոշ պետական գործիչների նման դիրքորոշումը, որը նաեւ դեմ է նախագահ Վ.Պուտինի գծին, տանում է դեպի քաղաքական լարվածություն»: Արդյունքում, գտնում է փորձագետը, ոչ մեծ պետությունները՝ Վրաստանը, Ադրբեջանը, ի դեմս արեւմտյան երկրների ստիպված են փնտրել նոր ռազմավարական գործընկերներ: Նրանք, ովքեր քննադատության տարափ տեղացին Վրաստանի հասցեին, մոռանում են, որ այն ինքնիշխան պետություն է: «ՄԱԿ-ի 8-րդ Կոնգրեսը, ինչպես նաեւ Անվտանգության խորհրդի մի շարք որոշումները խրախուսում են ահաբեկչության դեմ պայքարի կոչված երկկողմ, եռակողմ եւ բազմակողմ համաձայնագրերի կնքումը: Վրաստանն օգտվեց միջազգային իր այս իրավունքից, ուրեմն ինչի՞ համար կարելի է նրան մեղադրել»- բարձրացնում է փորձագետն այս տրամաբանական հարցը: Կոնֆլիկտները չեն կարող տասնամյակներ տեւել: «Դրանք արդեն վտանգ են, ընդ որում ոչ միայն տարածաշրջանի համար, այլեւ կարող են դառնալ համաշխարհային վտանգ: Այդ պատճառով մենք արդարացված ենք համարում արեւմտյան պետությունների դիրքորոշումը, որոնք այդ կոնֆլիկտների վերացման համար փորձում են օգնել միջազգային իրավունքի շրջանակներում: Աշխարհը փոխվել է, փոխվել են պետությունների դիրքրորոշումները: Այժմ միայն ու միայն խաղաղասեր քաղաքականության միջոցով է կարելի հաստատել աշխարհաքաղաքական սեփական ներկայությունը, եւ ոչ մի դեպքում՝ շանտաժի ու ռազմական բռնության միջոցով»: Ադրբեջանական գործոնը ահաբեկչության դեմ պայքարում – Չնայած արտաքին քաղաքական խնդիրների տարբերությանը, Հարավային Կովկասի երեք պետությունները փոխկապված են, – գտնում է Ա.Յունուսովը: Միեւնույն ժամանակ ադրբեջանական գործոնն անկասկած հատուկ նշանակություն ունի տարածաշրջանում: Հարավային Կովկասի երեք երկրներից Ադրբեջանն է իսլամական պետությունը: «ԱՄՆ-ի համար մենք ենք Կենտրոնական Ասիա տանող կամուրջը, հետեւաբար՝ առանց մեզ անհնարին է լուծել ահաբեկչության խնդիրը: Ինքնաթիռները թռչում են մեր տարածքների վրայով: Ադրբեջանի դիրքորոշումը կարող է վճռական դեր խաղալ մուսուլմանական Արեւելքում ԱՄՆ գործողությունների համար: Մենք մուսուլմանական երկիր ենք եւ Թուրքիայից հետո, փաստորեն, երկրորդ մուսուլմանական աշխարհիկ պետությունը, որը կարող է ունենալ մեծ դեր Արեւելքում նախատեսվող ռազմական գործողություններում: Առանց մեր օդանավակայանների, առանց մեր նավթի չի լինի դա»: Քաղաքագետ Ռ. Մուսաբեկովի կարծիքով, ադրբեջանական գործոնը տարածաշրջանային գործընթացներում այն է, որ հենց ադրբեջանական ածխաջրածնային հանքավայրերն են դարձել արեւմտյան պետությունների տարածաշրջանի վրա ուշադրություն դարձնելու գլխավոր պատճառը: «Ադրբեջանն այսօր բոլոր այն ծրագրերի հիմնական բաղկացուցիչն է, որոնք կապված են տրանսպորտային հաղորդակցությունների ընդլայնման հետ՝ ՏՐԱՍԵԿԱ, Մետաքսի ճանապարհ, Հյուսիս-հարավ (նկատի է առնվում այն ծրագիրը, որը պետք է Հյուսիսային Եվրոպան Ռուսաստանով ու Ադրբեջանով կապի Հնդկաստանի հետ)»: Մուսաբեկովն ուշադրությունը հրավիրում է այն հանգամանքի վրա, որ եթե Վրաստանն օժտված է զարգացման պոտենցիալով (թեկուզ միայն այն տեսանկյունից, որ Վրաստանն ունի դեպի Արեւմուտք հասցնող բաց հաղորդակցություններ), ապա Հայաստանը նման հնարավորություններ չունի: «Այսօրվա իրականությունն այն է, որ տարածաշրջանային համագործակցությամբ շահագրգռվածն ավելի շատ հենց Հայաստանն է, որը հարեւանների նկատմամբ իր քաղաքականության պատճառով փաստորեն դուրս մնաց բոլոր ծրագրերից: Եվ եթե Հայաստանը չի ուզում մնալ լուսանցքում, պետք է ուղղումներ մտցնի հարեւանների, նախեւառաջ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ իր հարաբերություններում: Այլապես, որքան էլ խոսեն տարածաշրջանային համագործակցության փոխադարձ օգտակարության մասին, պահպանելով գրավված ադրբեջանական տարածքների վրա իր հսկողությունը՝ Հայաստանն այդ համագործակցության մեջ ներգրավվել երբեք չի կարողանա»: Անջատողականություն եւ ահաբեկչություն Բաքվի համալսարանի ամբիոնի վարիչ Քյամալ Սալիմովը գտնում է, որ Հարավային Կովկասում անվտանգության խնդիրը պետք է դիտարկվի տարածաշրջանում եւ նրանից դուրս (Հյուսիսային Կովկաս, Կենտրոնական Ասիա) ընթացող իրադարձությունների, խնդիրների համատեքստում: Կոնֆլիկտների հաղթահարման համար պետությունները պետք է ձեռնարկեն համատեղ ջանքեր: Ներկայումս աշխարհում կան անջատողական նկրտումներով պայմանավորված մոտ 30 կոնֆլիկտներ: «Աշխարհում կատարվող բոլոր ահաբեկչական գործողությունների 70%-ը, այսպես թե այնպես, կապված են այդ կոնֆլիկտների, անջատողականների գործունեության հետ»: Այդ պատճառով, Սալիմովը հավանություն է տալիս «ահաբեկչության դեմ գլոբալ կոալիցիայի ստեղծմանը, հակաահաբեկչական գաղափարախոսության ձեւավորման գործընթացին, որ սկսվեց սեպտեմբերի 11-ից հետո»: Նշելով, որ Ադրբեջանը հանդես է գալիս անջատողականության, էքստրեմիզմի դեմ, գիտնականը հատուկ ընդգծում է, որ հայ եւ ադրբեջանական ժողովուրդները պետք է միասին ապրեն: Հենց այդ պատճառով, ադրբեջանցի մասնագետներն աշխատում են Լեռնային Ղարաբաղի տնտեսական վերականգման ծրագրի վրա: «Խոսքը կոնկրետ ծրագրերի մասին է, որ պետք է իրականացվեն ԼՂ-ում, եւ որոնք գլխավորապես պետք է ապահովեն Լեռնային Ղարաբաղի տնտեսական կտրուկ աճը»: Միաժամանակ, Ադրբեջանը կշարունակի դիվանագիտական ճնշումների, ԼՂ-ում ցանկացած անօրինական կազմավորումների վրա ազդելու որոշակի մեթոդների քաղաքականությունը: Քանի որ մենք գիտակցում ենք, որ չի կարելի քանդել կամուջները, երբ խոսքը տարածքային ամբողջականությանն է վերաբերում»: Պատ.՝ ՄԱՄԵԴ ԲԱՂԻՐՈՎԸ Հատուկ «Հետքի» համար Հոդվածն ամբողջությամբ կարդացեք Հետաքննող լրագրողների ընկերակցության www.hetq.am/russian/region էջում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել