Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՌԱՄ ԳԱԼՍՏՅԱՆԸ ՑՈՒՑՄՈՒՆՔ Է ՏԱԼԻՍ

Մարտ 19,2002 00:00

ՎՌԱՄ ԳԱԼՍՏՅԱՆԸ ՑՈՒՑՄՈՒՆՔ Է ՏԱԼԻՍ Ստելու առաջին քայլն արեց Ավարտելով դատաքննական ցուցմունք տալը, «Հոկտեմբերի 27» քրգործով ամբաստանյալ Վռամ Գալստյանը երեկ հայտնեց, որ չի ծանոթացել քրգործի նյութերին, քանի որ «իր համար հետաքրքիր չէր»։ Անշուշտ, ամբաստանյալը ստեց։ Ստեց, քանի որ դեռ անդրանիկ նիստերից մեկի ժամանակ այս ամբաստանյալը հայտնել էր, որ ծանոթացել է քրգործի նյութերին։ Իմիջիայլոց, ամբաստանյալը քաջածանոթ է, որ սուտ ցուցմունք տալու համար ինքը պատասխանատվության կարող է ենթարկվել։ Ի դեպ, մանրուք թվացող այս պատճառաբանությունն էլ հետագայում ամբաստանյալի ցուցմունքների հավաստիության խնդիր կարող է առաջացնել։ Ինչեւէ։ Նա թվով 5-րդ ամբաստանյալն է (Նաիրի եւ Կարեն Հունանյաններից, Էդիկ Գրիգորյանից, Դերենիկ Բեջանովից հետո), որ դատարանում ցուցմունքներ տվեց։ Այն ավարտվեց, դրանք կհրապարակվեն մյուս 6 ամբաստանյալների համար եւ ապա կհետեւի հարցաքննությունը։ Ի դեպ, ամբաստանյալ Վռամ Գալստյանը խոստացավ, որ կպատասխանի անգամ… մեղադրողների հարցերին։ «Մակերեսային» հեղաշրջում Ամբաստանյալը երեկ իր ցուցմունքները սկսեց կենսագրությունից, որից ուշագրավ էր այն, որ նա 1981-ին աշխատել է Մարտունու հրշեջ ծառայությունում որպես ջոկատի հրամանատար։ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Սամվել Ուզունյանը, երբ փորձեց ճշտել, թե «այսինքն ՆԳ համակարգո՞ւմ», ամբաստանյալը դժվարացավ պատասխանել, ասելով, որ «չի իմացել»։ Իմիջիայլոց, ամբաստանյալը շատուշատ հարցերի մասին էլ չէր իմացել, ինչպես չէր իմացել, թե հոկտեմբերի 24-ին ինչո՞ւ եւ ի՞նչ նպատակով Հունանյանները բերեցին իրեն Մարտունիից Երեւան։ «Հոկտեմբերի 25-ին ամբողջ օրը տանն եմ եղել։ Չեմ բացակայել։ Ինչքան հիշում եմ, Նաիրին է տնից բացակայել, բայց Կարենը տանն է եղել։ Միայն կարող եմ ասել, որ Նաիրիենց տուն Էդիկն է եկել», շարունակում էր ամբաստանյալը՝ ձեռի հետ նայելով իր գրառումները։ Ամբաստանյալը հիշեց, որ հոկտեմբերի 26-ին վարսավիրանոց է մտել (այս դրվագը կարեւորվում է նրանով, որ ամբաստանյալ Ն. Հունանյանն էլ ոճրագործության օրը «նախապատրաստական» աշխատանքների մեջ չէր մոռացել բաղնիք մտնելը…)։ Ամբաստանյալը ներկայացրեց ոճրագործության նախօրեն, երբ «տարբեր թեմաներով զրույցներ» է ունեցել Հունանյանների տուն եկած Կամոյի հետ։ Ուշադրության արժանի է այն, որ ամբաստանյալի եւ ոչ մի արտահայտության մեջ չհնչեց արտահայտություն Հունանյանների տան 3-րդ բնակչի՝ նրանց հոր մասին։ «Բազմաթիվ զրույցների» մեջ ակնարկ չկար, թե նա «հեղաշրջման» (այս ամբաստանյալի համար էլ «հեղաշրջում» է իրականացվել) օրը կամ նախորդ օրը տա՞նն էր արդյոք հայրը։ «Վեճ» է եղել Ամբաստանյալը հայտնեց, որ Նաիրին «սկսեց խոսել ժողովրդի ծանր տնտեսական վիճակից» եւ ասել էր իրեն, որ «միայն հեղաշրջումով կարելի է վերականգնել ամեն ինչ»։ Վ. Գալստյանն ասաց, որ «վիճել ենք այդ հարցի շուրջ։ Ես դեմ էի նրա այդ մտածելակերպին»։ Կամ «երկար վիճեցի» եւ՝ «նորից վիճաբանություն սկսվեց Նաիրիի հետ, բայց նա ասաց, որ մենք անում ենք ժողովրդի համար»։ Ըստ ամբաստանյալի, Նաիրին ասել էր, որ առաջինը ինքն է դահլիճ մտնելու, որ ծրագիր ունի, որ դահլիճ մտնելուց ինքը ուղիղ եթերով պիտի դիմի ժողովրդին։ Այն, որ գծագիր եղել է, հաստատեց ամբաստանյալը։ Վերջինս հայտնեց, որ իրեն բացատրել էր, թե որտեղ է դահլիճը։ Ամբաստանյալը նկարագրեց ԱԺ նիստերի դահլիճ մտնելը, մուտքի մոտ Նաիրի Բադալյանին հանդիպելը։ Ուշագրավ մի դրվագ ներկայացրեց նա. «Հասնելով ԱԺ շենք, տեսնելով, որ ժողովուրդ չկա հավաքված, ես երկմտեցի։ Կասկածում էի Նաիրիի ասածների վրա, բայց չէի արտահայտվում»։ Մինչեւ երեկ մենք գիտեինք, որ ժողովուրդը նախատեսված էր հավաքել ԱԺ զարգացումներից հետո։ Եվ ոչ առաջ, նախապես… Նկարագրելով ԱԺ տարածք մտնելը, քեռին կարծես «մոռացավ» զուգարանի մոտ Նաիրիի գործողությունները. «հասա աստիճանների մոտ, Կարենը զենքը արդեն հանել էր եւ գնում էր դահլիճի կողմը։ Նա ինձ ասաց, որ կտրող գործիքը գցել է աստիճանների ձախ կողմը։ Նաիրին եւ մյուս տղան (Բադալյանը) գտնվում էին կարմիր նախասրահում»։ Թեեւ ամբաստանյալն ասաց, թե չէր կողմնորոշվում ինչ պիտի աներ, այնուհանդերձ, ներկայացրեց, որ օգնել է «դեմքից վիրավորին», դուրս է հանել 2 կին պատգամավորի, որոնցից մեկը, ըստ նրա՝ «չգիտես ինչու ճակատս համբուրեց, ասաց, ապրես, տղա ջան»։ Նա հսկել է ԱԺ դահլիճի վերջին դուռը, թույլ է տվել 2 գեներալների մտնել դահլիճ, 40-45 րոպե զրուցել է պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հետ, թույլատրել է դաշնակցական Ռոլանդ Շառոյանին գնալ, քանի որ թեւն էր ցույց տալիս եւ ասում էր, որ ներարկումներ է արել։ Ամբաստանյալը «այս ի՞նչ արեցիք» հարցը ուղղել է եւ Նաիրի Հունանյանին, եւ Էդիկ Գրիգորյանին, որոնք ասել էին. «Մենք էլ նման բան չէինք սպասում»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել