Լրահոս
Օրվա լրահոսը

Վերադարձ դեպի արվեստ

Մարտ 19,2002 00:00

Վերադարձ դեպի արվեստ Մշակույթի հայկական ֆոնդում (ՄՀՖ) տեղի ունեցած հանդիպման ժամանակ արվեստագետներին ու արվեստասերներին իր գործերը ներկայացրեց նկարչուհի Մարգարիտա Խաչատրյանը։ Լրանում է տասը տարին, ինչ երբեմնի պարուհին ձեռքն է առել վրձինը եւ սկսել նկարել… – Երեւանի պարարվեստի ուսումնարանում եմ սկսել իմ առաջին քայլերը։ Ուսումնարանն ավարտելուց հետո նշանակվեցի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում՝ որպես բալետի դերասանուհի։ Առաջին փայլուն դերակատարումն էլ («Ժիզել» բալետում) ճանապարհ է հարթում եւ հնարավորություն տալիս պարուհուն կարողությունները ցուցադրել «Կարապի լիճ», «Գայանե», «Սպարտակ», «Անտունի», «Անուշ», «Դավիթ Բեկ», «Ալմաստ» օպերաներում, որոնց բեմադրությունների ընթացքում էլ ցուցաբերում է պրոֆեսիոնալ բարձր կատարողականություն։ Սակայն շուտով ամուսնանալով, թողնում է բեմը։ 1973 թվականից զբաղվում է մանկավարժությամբ՝ Ալբերտ Ազարյանի մասնագիտացված սպորտդպրոցում դասավանդելով պար եւ ռիթմիկ մարմնամարզություն։ 1991թ. գարնանային մի պայծառ առավոտ Մարգարիտան ներքին ձայնի թելադրանքով ձեռքն է առնում վրձինը եւ թղթին հանձնում իր առաջին աշխատանքը՝ «Մարտիրոս Սարյանի դիմանկարը»։ Այնուհետեւ, մեկը մյուսի հետեւից ստեղծվում են «Կենաց ծառ», «Ես», «Աղոթք», «Մահ», «Կյանք», «Ծաղիկներ», «Արեւածաղիկ» կտավները, որոնցում իշխում է սարյանական շունչն ու ոգին։ – Չանցնելով նկարչության եւ ոչ մի դասընթաց, ինքնաբերաբար սկսեցի նկարել,- ասում է Մարգարիտա Խաչատրյանը։ Ննջող երազները պոռթկացին նրա գործերում։ Նրա մտքերն ու զգացմունքները իմաստավորվեցին գույների լեզվով… Գույների ներդաշնակ, ազդեցիկ ու տրամադրող մի աշխարհ, որ գրավում է իր յուրօրինակությամբ։ Պարզություն, ճշմարտություն եւ բնականություն. գեղեցիկի երեք մեծ սկզբունքներ, որոնք արտահայտված են նկարչուհու գործերում։ Ասում են՝ նկարելով ճյուղը՝ պետք է լսել, թե ինչպես է սուլում քամին… Ջերմացնող է նկարչուհու նկարած արեւը, իսկ ծաղիկները՝ քնքշաբույր։ ՀՌԻՓՍԻՄԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել