Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինչեւ ե՞րբ պիտի քնեք…»

Մարտ 21,2002 00:00

«Մինչեւ ե՞րբ պիտի քնեք…» Անցյալ դարի 60-ական թվականներին, առաջին անգամ Երեւանում, ֆրանսիացի դերասանուհի Մադլեն Ռոբինսոնը բեմում ներկայացրեց Ժան Կոկտոյի «Ձայն մարդկային» մեկ գործող անձով պիեսը։ Եվ ահա մեկ դար անց, «Բեմական խաչմերուկ» մշակութային կենտրոնում կայացավ Ժիրայր Անանյանի «Կեսգիշերին» մոնո պիեսի պրեմիերան։ «Բեմական խաչմերուկում» հանպատրաստից կլոր սեղանի շուրջ՝ դրամատուրգ Ժիրայր Անանյանի, ռեժիսոր Հակոբ Ղազանչյանի, դերասան Հարություն Մովսիսյանի, երգիչներ Էմմա Պետրոսյանի եւ Արամոյի հետ մեր հանդիպումը, որից ակնկալում էինք հարցազրույց, վերածվեց նրանցից յուրաքանչյուրի մենախոսության եւ շատ բնական էր, քանի որ պիեսի թեման ավելի քան արդիական է։ Ժ. Անանյան- Փառք Աստծո, մշտապես բեմադրվել եմ, բայց նմանը դեռ չէր եղել, ավելի ճիշտ՝ առաջին անգամ Երեւանում բեմադրվեց մոնո պիես։ Թատերական վառ համաձուլվածք ստեղծվեց։ Խոսքին եկան լրացնելու երգը, երաժշտությունը, պարը, իսկ դերասան Հարություն Մովսիսյանը պարզապես հիացրեց։ Նա առանց խոսելու արդեն կերպար է։ Ես տեսա իմ հերոսին այնպես, ինչպես կուզեի։ Չէ, սա գովաբանություն չէ, այլ գնահատանք։ Պիեսս յուրատեսակ ցավերգություն է։ Իմ հերոսը, ինչպես ես՝ գրող ենք, աշխարհի մի մասնիկն ենք եւ չենք կարող նեղ կռիվ տալ։ Նա առավոտից իրիկուն կռիվ է տալիս թղթերի հետ, տուն չի կարողանում պահել։ Հիասթափված է։ Էստեղ թախիծ կա, էս աշխարհը՝ մեր աշխարհը ցավի մեջ է ու նա կռվում է պարարտացված մարդկանց դեմ, ասելով. «Կգա, կգա օրը, պատասխան կտաք։ Ինձ չեք պատասխան տա, է՜, Տիրոջը պատասխան կտաք…»։ Ժամանակն է, այն վաղուց է եկել։ Հ. Ղազանչյան- Դերասան Հարություն Մովսիսյանի թեկնածությունը առաջարկեց դրամատուրգը։ Մի բան է, որ հայտնի անուն է խաղում, մի բան, որ անհայտ անուն։ Փորձեցինք ստեղծել մեր օրերի Դետոչկինին, որը մեն-մենակ դուրս է գալիս աշխարհի դեմ։ Հերոսի խոսքերը՝ «Եթե գոյացել ենք՝ մենք սիրո՞ւց չենք գոյացել։ Ուրիշ էլ ինչի՞ց։ Բա ինչի՞ համար ենք իրար ատում։ Եթե չեք սիրում, ո՞նց եք իմանում, որ ապրում եք, դա ինձ բացատրեք։ Ձեզ էլ թվում է, թե ապրո՞ւմ եք…», կամ՝ «Մի օր կանչելու է Տերը, չէ՞, բոլորիդ է կանչելու… Ումի՞ց եք գողանում՝ ձեզնից չե՞ք գողանում։ Ո՞ւմ վրա եք կրակում՝ ձեզ չե՞ք սպանում։ Բա որ սթափվեք հանկարծ… Դուք ձեզնից չե՞ք սարսափի»։ Այո, սա կռիվ է աշխարհի դեմ, բայց ոչ թե ընդդեմ, այլ՝ հանուն։ Ներկայացումը թերի կլիներ, եթե չհնչեին մեր ժողովրդական ու կոմիտասյան երգերը, որոնց լրացրին թե իրենց երգերով եւ թե կատարումներով՝ Էմմա Պետրոսյանն ու Արամոն, իսկ Նելլի Կարապետյանի ղեկավարած «Կռունկ» պարային անսամբլը մի ուրիշ համ ու հոտ տվեց։ Բեմական շարժումը Լիլիթ Ստեփանյանինն էր։ Չեմ կարող չնշել Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դերասանական երրորդ կուրսի ուսանողների աշխատանքը։ Տեղին է հիշել. մի առիթով ռեժիսոր Գոնչարովը հեռագիր է ուղարկում հանդիսասրահ, որի վրա ընդամենը երկու բառ է լինում գրված. «Հասարակություն, արթնացիր»։ Հարություն Մովսիսյան- Հիմա աշխարհում տիրում է սարսափելի լարված վիճակ՝ մեծ տերությունները զբաղված են փոքր տերությունների հարցերով։ Մի տեսակ հոգեւոր կյանքի, աշխարհի գոյության մասին մենք էլ ենք մոռացել։ Սա մեծ արհավիրք է։ Եկեք փրկենք ինքներս մեզ՝ մեկ կամ մի քանի քայլ ետ գնալով (քանի քայլ ենք ետ գնացել, Աստված գիտի), մի օր էլ կտեսնենք, ավելի ճիշտ՝ տեսնում ենք՝ ինչքա՜ն ենք նահանջել։ Հիշո՞ւմ եք, 90-ականների սկիզբն էր երեւի, Ամերիկայում ավագ Բուշի կառավարման օրոք, ընդամենը տասը սենթով պետք է թանկանար եւ ի՞նչ… ամբողջ Ամերիկան ոտքի կանգնեց, իսկ մենք քնած ենք ու քնած։ Ոչ, սա կոչ չէ։ Բավ է, մեզ հոգեւոր սնունդ է պետք։ Պիեսն ավարտվում է այսպես. «Դուք չե՞ք լսում (դրսից շան հաչոց է լսվում)։ Նա էլ լսեց, դուք չե՞ք լսում։ Հաչե՜ք, հաչե՜ք, մենակ գիշերը մի հաչեք, ցերեկն էլ հաչեք։ Շներ, լսո՞ւմ եք, լսո՞ւմ եք էդ ճիչը»։ Է. Պետրոսյան- Պիեսն այնքան արդիական էր, որ վախ կար մեջս։ Հերոսն այսպիսի խոսքեր ունի. «Էստեղ տեսակի խնդիր է։ Իմ տեսակը չես, պրծավ-գնաց»։ Ասեմ, որ հերոսը հենց իմ տեսակն է։ Համոզված եմ, որ իմ երգով լրացնում եմ հերոսին, չէ՞ որ մեր ժողովրդական երգերը, մեր Կոմիտասը գանձեր են։ Ուրախ եմ, որ հնչեց նաեւ վաղամեռիկ կոմպոզիտոր Ստեփան Լուսիկյանի երաժշտությունը։ Իմ «Օրորոցայինը», տարիներ առաջ գրված «Մոլորակ» երգերը շատ համահունչ էին պիեսին, հերոսի մտքերին. «Բարությունը մայր ունի, չարությունը մայր չունի»։ Իսկ ներկայացման լեյթմոտիվը՝ «քնա՞ծ եք», անձամբ ինձ արթնացրեց։ Արամո- Կյանքում կա ե՛ւ սպիտակ, ե՛ւ սեւ, եւ ի սկզբանե Արամից ու Եվայից խառնվեց ամեն ինչ։ Աստված ստեղծեց, իսկ իրենք խառնեցին։ Պիեսում մեր օրերի արվեստագետն է եւ ճիշտ է ասում. «Բա թրթռա՝ չիմանա՞ս ում համար է թրթռում, բա սիրտ կդիմանա՞, հողագունդը մի օր կորցնելու է իր հավասարակշռությունը, չե՞ք զգում, որ արդեն կորցնում է… Առանց էդ էլ մազից չի՞ կախված։ Էսքան ատելությանը ո՞նց կդիմանաս…»։ Հանճարեղ է գրել դրամատուրգը։ Հավատացեք, թթվածնի քաղցից չի կործանվելու աշխարհը, ատելությունից է կործանվելու։ Մարդ ինչքան էլ քնած լինի, իր ենթագիտակցության մեջ ինչ-որ տեղ զգոն է լինում։ Վաղուց արդեն պետք է արթնացած լինեինք, ուրեմն… ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել