Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԿՏԵՂԱՓՈԽՎԻ՞, ԱՐԴՅՈՔ, ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՆ

Մարտ 26,2002 00:00

ԿՏԵՂԱՓՈԽՎԻ՞, ԱՐԴՅՈՔ, ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՆ «Առավոտին» հաջողվեց պարզել, որ մարտի 23-ին Երեւանի քաղաքապետարանի մի խումբ աշխատակիցներ ստուգայց են կատարել «Հաղթանակ» զբոսայգու դիմաց, Բաբայան փողոցին հարող տարածքում եւ պարզել, որ այդտեղ կատարվել են ապօրինի հողազավթումներ եւ իրականացվել է շինարարություն։ Այդ ապօրինությունները կատարել են երեք գեներալները, որոնք եւ մարտի 23-ի երեկոյան ժամը 20-ին հրավիրվել են Երեւանի գլխավոր ճարտարապետի մոտ։ Գեներալներից երկուսը, ինչպես նշել էինք, Հայկազ Բաղմանյանը եւ Սեյրան Սարոյանն են։ Երրորդի անունը մեր աղբյուրները համառորեն չեն տալիս՝ նշելով միայն, որ «նորմալ գեներալ է»։ Հանդիպմանը, որին ներկա է եղել նաեւ այգու այդ հատվածի ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանը, քննարկվել են գեներալների կողմից ապօրինի հողազավթումների փաստերը, որոնց պատճառով հնարավոր է՝ ձախողվի Հյուսիսային պողոտա եւ Հյուսիսային ճառագայթ ծրագիրը։ Ծրագրով ճանապարհը պետք է դուրս գար Կասկադի մոտ, սակայն այն հիմա դեմ է առնում գեներալ Բաղմանյանի առանձնատան պարիսպներին։ Այս հանդիպմանը դրվել է պարիսպները քանդելու հարցը։ Արդյո՞ք Հայաստանում հնարավոր կլինի գեներալի առանձնատան պարիսպ քանդել։ Եթե հաջողվի, ապա դա կլինի բանակի պարտության առաջին դեպքը։ Հայկազ Բաղմանյանն իր առանձնատունն այստեղ սկսել է կառուցել մինչեւ 1998-ը։ Ընդ որում, առանց թույլտվության. ուղղակի մտքով անցել է այդտեղ տուն կառուցել եւ կառուցել է։ Որեւէ պետական կառույց նրան այդ թույլտվությունը չէր տվել։ Պարզապես այդ անկյունում գտնվում է նրա բենզալցակայանը։ Եվ նա իր լցակայանի հարեւանությամբ էլ կառուցել է իր առանձնատունը։ Տունը կառուցելուց հետո այդ ապօրինի շինությունը օրինականացվել է։ Հետո գեներալը սկսել է ընդլայնել իր կալվածքը եւ այդ գործընթացն առայսօր չի ավարտվել։ Շուտով, ըստ երեւույթին, նրա հերթական հողազավթումը նորից կօրինականացվի եւ այսպես շարունակ. նրան կանգնեցնող չկա։ Մյուս գեներալին՝ Սեյրան Սարոյանին հողհատկացումը կատարել է քաղաքապետ Ալբերտ Բազեյանը՝ 2000 թվականին։ Սեյրան Սարոյանի հողը, ըստ փաստաթղթերի, 400 քմ է։ Այսօր նրա ցանկապատած տարածքը մի քանի հազար քմ է։ Այստեղ գտնվող բոլոր առանձնատները նույն ձեւով են կառուցվել, առանց բացառության, ոչ մեկը իրեն հատկացված տարածքի չափը չի պահպանել։ Մեր տվյալներով, այսօր տարածք է այցելելու ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ծանոթանալու Հյուսիսային պողոտայի եւ ճառագայթի կառուցման ընթացքին։ Հուսով ենք, նախագահին տեղյակ են պահել դրանց սպառնացող վտանգի մասին։ Տպագրում ենք «Առավոտի» հրապարակմանը քաղաքապետարանի պատասխանն ամբողջությամբ, քանի որ այն հզոր փաստարկ է մեր հետագա հետաքննության համար։ ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ Հետաքննող լրագրողների ընկերակցություն Հ.Գ. Ձեր թերթի 23.03.02թ. «Երեւանում ծառատունկի՞ միամսյակ է» հոդվածի կապակցությամբ «Հաղթանակ» զբոսայգու դիմաց գտնվող տարածքում կատարվող եւ նախատեսվող կառուցապատումների վերաբերյալ տրամադրվում են հետեւյալ տեղեկությունները։ Երեւանի քաղաքապետարանը վերը նշված տարածքում անց է կացրել երեք հողամասերի տրամադրման մրցույթ (երկու հողամասերը գտնվում են այգու տարածքից դուրս, իսկ մեկը՝ Հյուսիսային ճառագայթի կառուցապատման գոտում)։ 1. 14.11.2001թ. նիստում արձանագրված հողամասի վարձակալության մրցույթի հաղթող է ճանաչվել քաղաքացի Գագիկ Աբրահամյանը, որը պարտավորվել է իր միջոցների հաշվին իրականացնել Հյուսիսային ճառագայթի՝ մինչեւ 50-ամյակի կոթողն ընկած նախագծային ճանապարհի շինարարությունը, ինչպես նաեւ այգու վերակառուցումը։ Այգու վերականգնման աշխատանքներն արդեն իսկ սկսվել են եւ տնկվել է շուրջ 125 ծառ։ 2. 24.01.2002թ. նիստում արձանագրված հողամասի վարձակալության մրցույթի հաղթող է ճանաչվել «Հրաչյա Աճառյան» համալսարան» արտադրական կոոպերատիվը։ 3. 06.03.2002թ. նիստում արձանագրված հողամասի վարձակալության մրցույթի հաղթող է ճանաչվել քաղաքացի Արսեն Խաչատրյանը։ Գեներալներ Հայկազ Բաղմանյանի եւ Սեյրան Սարոյանի բնակելի առաձնատների վերաբերյալ տեղեկացնում ենք, որ Հայկազ Բաղմանյանը բնակվում է նշված տանը 1994-ից, իսկ Սեյրան Սարոյանի բնակելի տան շինարարության վերաբերյալ որոշումը կայացվել է դեռեւս 2000 թվականին՝ մինչեւ ՀՀ հողային նոր օրենսգրքի ընդունումը։ Ինչ վերաբերում է տարածքներից մեկը՝ ՀՀ նախագահի ազգականին պատկանելությանը, ապա հայտնում ենք, որ դա լրագրողներին տեղեկատվություն հաղորդած բնակիչների երեւակայության արգասիքն է։ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել