Լրահոս
Օրվա լրահոսը

Փակելու որոշումն ընդունված է

Մարտ 27,2002 00:00

Փակելու որոշումն ընդունված է Երեկ, պատասխանելով եթերային 37-րդ հաճախականության աղոտ ապագայի մասին հարցին, նախագահն, ըստ էության, որոշեց «Ա1+»-ի ճակատագիրը. «Մի բան հստակ է ինձ համար, որ մենք մինչ այժմ չենք ունեցել օրենք, որը կարգավորում էր այս դաշտը։ Նույն ընկերությունը (խոսքն «Ա1+»-ի մասին էր- Մ. Բ.) այդ հաճախականությունը ստացել է կապի նախարարի հրամանով՝ 97-ի հունվարին։ Չի եղել մրցույթ։ Եթե այսօր մնար նույն իրավիճակը, շատ հանգիստ կապի նախարարը նախագահի միջամտությամբ կամ ոչ, կարող էր ինքը որոշել՝ ո՞ւմ տրամադրել այս կամ այն ալիքը։ Չեմ կարծում, որ ճիշտ քաղաքականություն կլիներ, եթե թողնեինք այն իրավիճակը, որը եղել է։ Այդ նպատակով ընդունվեց օրենքը, որը նաեւ Եվրախորհրդի մեր անդամակցության պահանջներից մեկն էր, որը այս դաշտը կարգավորում է եվրոպական չափանիշներով։ Ստեղծվեց անկախ հանձնաժողով, որը տվյալ որոշումը կայացնելու է, բայց որոշումը կկայացնի օբյեկտիվ չափորոշիչների վրա հիմնվելով»։ Հետեւեց ռեպլիկ՝ տեսակետ կա, որ նախագահի աշխատակազմում է վճռվում այդ հարցը։ Նախագահը պատասխանեց. «Սխալ տեսակետ է։ Եթե նախագահը ցանկություն ունենար իր աշխատակազմում նման հարցեր լուծելու, նախագահն ինքը նախաձեռնող չէր լինի այդ օրենքի ընդունմանը։ Ամեն ինչ լինելու է բաց եւ թափանցիկ։ Կան առաջարկներ, որոնք հրապարակվելու են, եւ ոչ մի հանձնաժողով ի վիճակի չի լինելու հաճախականությունը տրամադրել այն կազմակերպությանը, որի առաջարկությունը վատն է լինելու։ Նույնիսկ ենթադրենք՝ նախագահը ցանկություն ունի, բայց նախագահը ո՞նց պիտի հանրությանը մատուցի դա, կամ հանձնաժողովը ո՞նց պիտի բացատրի, որ ինքը՝ շատ ավելի լավ առաջարկի տեղը, ալիքը տվել է այլ ընկերության: (…): Քանի որ խոսքը «Ա1+»-ի մասին է, օրինակ, «Ա1+»-ի լրատվական ծրագիրը ես հավանում եմ, լավն է, բայց դա չի նշանակում, որ «Ա1+»-ը պետք է մրցույթից դուրս լինի։ Մի բան կարող եմ վստահեցնել, որ նախագահի, նախագահի աշխատակազմի կողմից որեւէ միջամտություն այս հարցում չի լինելու։ Երբե՛ք։ Կբացվեն ծրարները, բոլորդ կտեսնեք ինչպիսի առաջարկներ կան, ավելի պարզ կլինի։ Ես չեմ հասկանում այսօրվա անհանգստությունը։ Ոչ ոք չգիտի՝ ի՞նչ առաջարկներ են ծրարների մեջ, բայց այսօր արդեն ինչ-որ շանտաժների փորձ է կատարվում, ինչն ինձ համար անհասկանալի է։ Սա մի այլ ճնշման ձեւ է անկախ հանձնաժողովի վրա»։ Մ. Բ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել