Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«ԱՐՏԱՎԱԶԴՆԵՐԸ» ԲԱՇԽՎԵՑԻՆ

Մարտ 27,2002 00:00

«ԱՐՏԱՎԱԶԴՆԵՐԸ» ԲԱՇԽՎԵՑԻՆ Երեկ Երեւանի կոնյակի գործարանում կայացավ Թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը, նաեւ Թատրոնի միջազգային օրվան նվիրված հանդիսությունը։ Միջոցառումը հագեցած էր պարգեւներով։ Սկզբում հանրապետության թատրոնների որոշ աշխատակիցներ պարգեւատրվեցին կոնյակներով, ապա Բեյրութի ՀԲԸՄ երիտասարդական ընկերակցության կողմից Սփյուռք-Հայաստան կապերի զարգացման համար հուշանվեր հանձնվեց ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարար Ռոլանդ Շառոյանին։ Վերջինս ուրախացավ, որ գոնե Սփյուռքում իրեն գնահատում են։ Մեծ «Արտավազդ» մրցանակով հետմահու՝ «Ազգային արվեստին արժանապատիվ եւ անբասիր ծառայության համար» պարգեւատրվեց ՀՀ ժողովրդական արտիստ Ավագ Պետրոսյանը։ «Արտավազդ» մրցանակներ ստացան նաեւ Ստանիսլավսկու անվան թատրոնը՝ «Քանդած օջախ» ներկայացման համար (ռեժիսոր՝ Արմեն Էլբակյան), սիրված դերասանուհիներ Մարգո Մուրադյանը, Հեղինե Հովհաննիսյանը։ Փոքր «Արտավազդ» մեդալներ ստացան Կապանի թատրոնից՝ Վազգեն Սարգսյանը, Դրամատիկական թատրոնից՝ Հովհաննես Բաբախանյանը, Սունդուկյանի թատրոնից՝ Կարեն Ջանգիրյանը, Պարոնյանի թատրոնից՝ Բորիս Պեպանյանը, Համազգային թատրոնից՝ Դավիթ Հակոբյանը, Պատանի հանդիսատեսի թատրոնից՝ Արթուր Կարապետյանը, Ստանիսլավսկու թատրոնից՝ Ֆրեդ Դավթյանը։ Առանձնահատուկ հիշվեց Պարոնյանի թատրոնի վաստակավոր դերասանուհի Սվետլանա Գրիգորյանը, որի բեմական գործունեության 50-ամյակն է լրանում այս տարի։ Նրա մասին գրված գիրքը նվիրեցին Կոնյակի գործարանի տնօրինությանը՝ հայ մշակույթի գործիչների հանդեպ բացառիկ ուշադրության համար։ Մ. Բ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել