Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՐԽԻՈ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ԱՆԴՐԱՆԻԿ ԱԴԱՄՅԱՆԻ ՀԵՏ

Մարտ 28,2002 00:00

ՍԵՐԽԻՈ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ԱՆԴՐԱՆԻԿ ԱԴԱՄՅԱՆԻ ՀԵՏ Ֆուտբոլասերները գիտեն, որ վերջերս Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ, 50-ամյա Անդրանիկ Ադամյանին վստահվել է գլխավորել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը, սակայն նա դեռ պաշտոնապես չի հաստատվել այդ պատասխանատու պաշտոնում, որովհետեւ հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի հերթական նիստը, որում վերջնականապես պետք է որոշվի հարցը, դեռ չի կայացել։ Նույն կարգավիճակում է նաեւ ռուսաստանցի անվանի մարզիչ Վալերի Գլադիլինը՝ «Միկայի» նոր գլխավոր մարզիչը, որին առաջարկվել է ստանձնել նաեւ Հայաստանի օլիմպիական (երիտասարդական) հավաքականի ղեկը եւ զուգահեռաբար լինել Ադամյանի խորհրդականը։ Ինչպես տեղեկացնում է DCA-ն, օրերս հայտնի է դարձել, որ Ադամյանին օգնելու է եւս մի ազդեցիկ մարզիչ-մասնագետ՝ պարագվայցի հայազգի մարզիչ Սերխիո Մարգարյանը։ Վերջերս Աթենքում նրան հանդիպել է ՀՖՖ նախագահ Սուրեն Աբրահամյանը։ Մարգարյանի մասին վերջին շրջանում «Առավոտում» բավականին գրվել է։ Հիշեցնենք, որ նրա գլխավորությամբ Պարագվայի ազգային հավաքականը աշխարհի առաջնության եզրափակիչի ուղեգիր նվաճեց։ Սակայն դրանից հետո երկրի ֆուտբոլային չինովնիկների հետ ունեցած տարաձայնությունների պատճառով մարզիչը հրաժեշտ տվեց թիմին։ Հայազգի մարզիչը հիմա մեկամյա պայմանագիր է ստորագրել Հունաստանի «Պանատինաիկոսի» հետ։ Թիմն այդ ժամանակ երկրի առաջնությունում ընթանում էր 6-րդ տեղում, իսկ հիմա Մարգարյանի ղեկավարությամբ ոչ միայն բարձրացել է 2-րդ հորիզոնական, այլեւ հաջողությամբ պայքարը շարունակում է Չեմպիոնների լիգայում։ Ս. Աբրահամյանի հետ զրույցում Մարգարյանը խոստովանել է, թե շատ քիչ գիտի հայկական ֆուտբոլի մասին, սակայն կոնկրետ ֆուտբոլիստների մասին հետաքրքրություն իր մեջ առաջացել է բոլորովին վերջերս։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Մարգարյանը որպես խորհրդական կօգնի մեր ազգային հավաքականի գլխավոր մարզչին։ Նա ընդունել է Ս. Աբրահամյանի պաշտոնական հրավերը եւ մայիսի կեսերին կայցելի իր նախնիների երկիր, որտեղ երբեք չի եղել։ Այստեղ նա ավելի մոտիկից կծանոթանա հայկական ֆուտբոլին, դասընթացներ կանցկացնի տեղի մարզիչների հետ, ներկա կգտնվի մեր ուժեղագույն ակումբների խաղերին։ Նա ՀՖՖ նախագահին տեղեկացրել է, թե բավականաչափ օգտակար ինֆորմացիա ունի Հարավային Ամերիկայում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների մասին եւ պատրաստ է այն սիրով տրամադրել ՀՖՖ ղեկավարությանն ու մարզիչներին։ Մարգարյանը խոստացել է նաեւ ներկա գտնվել հունիսին Ֆրանսիայում նախատեսվող Հայաստանի ազգային հավաքականի ուսումնամարզական հավաքին եւ տեղում օգնել Անդրանիկ Ադամյանին։ Սուրեն Աբրահամյանը իր լիակատար վստահությունն է արտահայտել Ադամյանին եւ հույս հայտնել, որ նրա եւ աշխարհի լավագույն մարզիչների շարքը դասվող Մարգարյանի համագործակցությունը կլինի արդյունավետ եւ վերջինիս հեղինակությունն ու մասնագիտական անվիճելի հմտությունները կօգնեն բարձրացնելու հայկական ֆուտբոլի հեղինակությունը։ Ի դեպ, չի բացառվում, որ այսօր եթե ՈՒԵՖԱ-ն ստիպված լինի Նիոնում ինքն անցկացնել Եվրոպայի 2004թ. առաջնության ընտրական մրցաշարում 6-րդ խմբի վիճակահանությունը, մեր հավաքականի առաջին մրցակիցը լինի հենց Հունաստանը։ Այնպես որ, Սերխիո Մարգարյանը, արդեն որպես հունական ֆուտբոլի գիտակ, կարող է անչափ օգտակար խորհուրդներ տալ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչին։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել