Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՐԳՈՐԾԻՆ ԿՑՎԵԼ Է ԿԵՂԾ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

Մարտ 29,2002 00:00

ՔՐԳՈՐԾԻՆ ԿՑՎԵԼ Է ԿԵՂԾ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ Երեկ շարունակվեց ՔՊԻ վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի դատավարությունը, որը սկսվեց տուժողի՝ փախուստի դիմած դատապարտյալ, Գորիսի բանտում մահացած կալանավոր Ռաֆայել Զորոյանի իրավահաջորդի՝ նրա կնոջ ցուցմունքով: Վերջինս՝ Գոհար Հարությունյանը, հայտարարեց, թե դատարան գալու իր միակ նպատակը ամուսնու դիակը վերջապես ստանալն է: Այդ պահանջով նա բազմիցս է դիմել ՆԳՆ-ին եւ դատախազությանը, բայց նրան մերժել են: Այդօրինակ դիմումներից մեկին պատասխանել է Մ.Սաղաթելյանը եւ հայտնել, թե քանի որ Ռ.Զորոյանը մեղադրվել է ծանր հանցագործության մեջ, նրա դիակը հանձնել չեն կարող: Ամբաստանյալի պաշտպանն «Առավոտի» համար պարզաբանեց, որ մահից հետո էլ պատժելու այդ դաժան տարբերակը ժառանգություն է մնացել դեռ խորհրդային տարիներից: Իսկ Մ.Սաղաթելյանը թեեւ ինքն է ստորագրել կոնկրետ պատասխանը, բայց նման որոշում կայացվել է հատուկ հանձնաժողովի կողմից: Տուժողի իրավահաջորդը Մ.Սաղաթելյանին ոչ մի պարտք ու պահանջ չներկայացրեց՝ հայտարարելով, որ միգուցե նա նույնիսկ հանիրավի է հայտնվել մեղադրյալի աթոռին: Պատասխանելով ամբաստանյալի այն հարցին, թե ինքը 2001-ի նոյեմբերին հեռագիր ուղարկե՞լ է դատախազություն՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել Մ.Սաղաթելյանին, Գ.Հարությունյանը հստակ հայտարարեց՝ ես ոչ մի հեռագիր էլ չեմ տվել: Մ.Սաղաթելյանը ստիպված եղավ հայտարարել, որ դատախազությունը քրեական գործին կցել է կեղծ փաստաթուղթ: Երեկ տուժողների հարցաքննությունը սրանով ավարտվեց: Դատարանն անցավ վկաների ցուցմունքներին: Որպես վկա հանդես եկավ «Շեյթան» մականունով ՆԳՆ գործակալ Հարություն Գրիգորյանը, որին լսելուց հետո դահլիճը եկավ այն միանշանակ համոզման, որ նա խարդախ, խաբեբա /աֆերիստ/ մարդու եւ դրամաշորթի դասական օրինակ է: Այդ եւ այս շաբաթվա ընթացքում տեղի ունեցած դատավարության մասին կարդացեք վաղվա համարում: Ն. ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել