Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտադրված համերգ

Մարտ 30,2002 00:00

Պարտադրված համերգ ՀՀ Պետական ակադեմիական երգչախմբի մասին վերջերս տպագրված քննադատական հոդվածներին հակակշիռ պետք է լիներ մարտի 28-ի համերգը, բայց հոգեբանական նման ճգնաժամի մեջ հայտնված երգիչները չէին կարող ամբողջությամբ տրվել նորին մեծություն Արվեստին եւ գոնե մասամբ ներկայացնել իրենց կարողությունները։ Գլխավորը պատրանք ստեղծելն է, թե դուք գրում եք, իսկ ես՝ Հ. Չեքիջյանս, շարունակում եմ համերգներ ղեկավարել, «արժեքներ» ստեղծել։ Վերջին երկու տարում երգիչներին հասանելիք ամսական 100-ական դոլար գումարը վճարելուց թերանալու պարագայում, ըստ երեւույթին, հնարավորությունները մեծացան։ Այլապես ինչպե՞ս բացատրել վերջին մեկ ամսվա ընթացքում կապույտ էկրանին մաեստրոյի այդքան հաճախ երեւալը։ Ճիշտ է, էկրանից աճպարարության նմուշներ է ցուցադրում, դա չէ կարեւորը, կարեւորն այն է, որ նրա երկրպագուները պետք է երջանիկ լինեն, որ նա կա։ Եվ այսպես. գրական-երաժշտական միջոցառում՝ ասմունքողներ, դուդուկահարներ, երգ, մոտ 200-ի չափ ունկնդիր՝ ըստ երեւույթին ուսանողների ազգականներ։ Շատ հուզումնալից մտքեր էին հնչում ասմունքողների շուրթերից՝ հայրենասիրության մասին, հայրենիքը չլքելու, ուրիշ երկրներ չմեկնելու կոչեր… Այս բոլորին իրենց մասնակցությունն էին բերում երգչախմբի հիասթափված, խաբված երգիչները (ի դեպ, վերջին ժամանակներս արդեն սովորական է դարձել վատառողջության պատճառով համերգի ընթացքում խմբի որեւէ անդամի բեմից հեռանալը)՝ իրենց ղեկավարի հրամանատարությամբ, որը մի քայլով առաջ է տարել հայաթափության գործընթացը՝ երգիչներին հասանելիք գումարները կրճատելով մինչեւ նվազագույնս։ Այս կոլեկտիվի կենսամակարդակի տվյալները, եթե լուսաբանենք, կստացվի աղքատության մի աստիճան, որը դժվար թե նշված լինի ՄԱԿ-ի համապատասխան փաստաթղթերում։ Դատեք ինքներդ՝ պաշտոնական աշխատավարձը՝ 6700 դրամ, որը տրվում է 3-4 ամիսը մեկ։ Բայց նույնիսկ այս թշվառ պայմաններում արտիստները, դեռ հավատարիմ իրենց կոչմանը, չեն լքում երգչախումբը, չնայած երբ պահանջում են իրենց հասանելիք գումարները՝ հովանավորի կողմից տրամադրած, նրանց իսկույն ցույց են տալիս ելքի դուռը՝ «մեզ մոտ աշխատավարձը 6700 դրամ է, ձեռք չի տալիս՝ կարող եք ազատվել»։ Եվ դա առաջարկում են ըմբոստացած, իրենց գումարները պահանջող առաջատար երգիչներին։ Երիտասարդ երգիչները պարզապես վախենում են իրենց կարծեցյալ տաքուկ տեղը կորցնելուց։ Օ՜, միամիտներ, դեռ ակնկալիքներ ունեն։ Թող Աստված իրականացնի նրանց իղձերը։ Մենք՝ աշխատանքային երկարամյա փորձ ունեցող համեստ մշակներս, կանենք ամեն հնարավորը նրանց համար, բայց կցանկանայինք, որպեսզի այս պատմությունը նրանց մղեր ազնվորեն ծառայելու արվեստին, գլխավորը՝ ապրել արժանապատվությամբ, անել ամեն ինչ, որ Լ. Տոլստոյի պատգամի համաձայն՝ արվեստի տաճարից դուրս շպրտվեն առեւտրականները։ Պետական ակադեմիական երգչախմբի առաջատար երգիչներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031