Լրահոս
Օրվա լրահոսը

«Զվարթնոցի» անզվարթ վարքուբարքերը

Ապրիլ 03,2002 00:00

«Զվարթնոցի» անզվարթ վարքուբարքերը Ցավոք, պետք է ասել, որ «Զվարթնոց» օդանավակայանի ուղեւորներին սպասարկող անձնակազմերն անհրաժեշտ բարձրության վրա չեն գտնվում։ Օրինակներ ինչքան ասես կարելի է բերել. ինքս եմ տեսել կամ ինձ հետ է կատարվել եւ ուրիշներից լսել նման տհաճ դեպքերի մասին։ Անցյալ տարի սեպտեմբերի 11-ի ուշ գիշերին գնացել էի օդանավակայան՝ դիմավորելու Ցյուրիխից եկող բարեկամիս։ Ինքնաթիռը եկավ ժամանակին, սակայն ուղեւորներին բաց թողեցին 2-2,5 ժամ հետո միայն, քանի որ անձնագրերի ստուգման եւ մուտքի վիզաների ձեւակերպմամբ մեկն էր միայն զբաղվում։ Ուղեւորները երկար ժամանակ հերթի կանգնած անհանգստանում, դժգոհում էին, ինչպես նաեւ՝ նրանց դիմավորողները։ Օդանավակայանի ծառայողներից եւ ոչ մեկը նույնիսկ չմտածեց պատճառած տհաճության համար ներողություն խնդրել։ Օդանավակայանում տիրող վարքուբարքերից առավելապես տուժում ենք տեղացիներս։ Քրոջս ճանապարհում էի Մոսկվա։ Օդանավակայանում ճամպրուկները տեղափոխելու համար 1000-1500 դրամ են պահանջում։ Եվ քանի որ ազատ սայլակներ չկային, դրանք ստիպված ինքներս մի կերպ տեղափոխեցինք տոմսերի ձեւակերպման սրահ։ Ուղեբեռի ձեւակերպման ժամանակ հաճախ քաշն ավելի են գրում եւ թեեւ ուղեւորները բողոքում են, բայց անօգուտ, եւ ստիպված վճարում են ավելացածի համար։ Նոր փորձանքներ են մարդկանց սպասում նաեւ դեպի ինքնաթիռ գնացողների կամ ինքնաթիռից իջնողների համար։ Մեկ էլ մոտենում են ուղեւորին եւ ականջին փսփսում, թե ինչքան գումար է մոտը կամ ինչ կա ճամպրուկում, անձնագրի թարգմանություն ունի՞, թե՞ ոչ, ձեռքի ծանրոցը 5 կգ-ից ավելի՞ քաշ ունի եւ նման կերպ կարողանում են շատերից գումարներ շորթել։ Սպասարկման սրահներում չկան ցուցակներ իրերի եւ մթերքների տանել-բերելու թույլատրելի քանակի մասին։ Որոշ ուղեւորներ կարող են տանել-բերել ինչ եւ ինչքան ուզենան՝ օգտվելով օդանավակայանում աշխատող ծանոթ-բարեկամների աջակցությունից։ Հաղթահարելով բոլոր արգելքները, ուղեւորները վերջապես բարձրանում են ինքնաթիռ եւ այստեղ միայն որոշ հանգստություն ստանում, զգալով ուղեկցորդուհիների ժպտադեմ հայացքները եւ հոգատար վերաբերմունքը։ Օդանավակայանի ներսում նրանք տեսնում էին միայն խստադեմ կամ անդեմ մարդկանց, որոնց միայն փողն էր հետաքրքրում եւ ոչ թե ուղեւորներին քաղաքակիրթ ձեւով սպասարկելը։ Օդանավակայանի հետ առնչվող մի խնդրի մասին եւս նշեմ։ Օրվա բոլոր ժամերին օդանավակայանը մասնավոր, չգրանցված տաքսիների շրջապատման մեջ է։ Դրանց վարորդներն ուղղակի կպչում են ուղեւորներին՝ առաջարկելով իրենց ծառայությունը, «չամռվելով», թե ուր են գնում, ինչքան բեռ ունեն, էժան կտանեն եւ այլն։ Իսկ էժանը 2000 դրամն է, հիմնականում կրկնակի կամ եռակի ավելի են վերցնում, ասելով, թե օդանավակայանի ոստիկաններին են տալիս կամ ավտոտեսուչներին, որոնք մատների արանքով են նայում այդ ամենին։ Օդանավակայանը սպասարկող ավտոբուսներն առավոտյան ժամը 7-ից մինչեւ երեկոյան 7-ն են աշխատում։ Ուշ ժամերին ուղեւորները մնում են մասնավոր մեքենաների հույսին։ Դժվար թե «Զվարթնոց» օդանավակայանի տարբեր ծառայությունների ղեկավարները տեղյակ չլինեն իրենց աշխատակիցների կողմից կատարվող անօրինականություններին ու ուղեւորների իրավունքները ոտնահարողներին։ Եթե գիտեն ու լռում են, ապա իրենք էլ մեղսակից են, իսկ եթե դեմն առնել չեն կարողանում, ուրեմն անընդունակ են այդ պաշտոններում աշխատելու։ ԴԵՐԵՆԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930