Լրահոս
Օրվա լրահոսը

Շուտով կարելի է խեղդվել

Ապրիլ 05,2002 00:00

Շուտով կարելի է խեղդվել Քաղաքների մթնոլորտային օդը քիմիական վնասակար նյութերով աղտոտվելուց պաշտպանելը կարեւոր խնդիր է։ Քաղաքների օդն աղտոտում են ավտոտրանսպորտի ներքին այրման շարժիչների արտազատած գազերը։ Դրանք պարունակում են լրիվ եւ ոչ լրիվ այրումից առաջացած մեծ քանակությամբ տարբեր քիմիական միացություններ (200-ից ավելի), նաեւ քաղցկեղածին նյութեր՝ տիրան, բենզոպիրեն եւ բենզպերիլին, որոնք փորձարկման ժամանակ առնետների օրգանիզմում առաջացնում են նորագոյացություններ։ Նշված գազերից հիմնականը ածխածնի օքսիդն է։ Մարդատար մեքենան քաղաքում երթեւեկելիս կարող է ժամում արտազատել միջինը 3.4, իսկ բեռնատար մեքենան՝ 6.8 կգ ածխածնի օքսիդ։ Այդ նպատակով քաղաքի տարբեր կետերից վերցվել են օդի նմուշներ, որոնք ուսումնասիրվել են Հայաստանի հանրապետական հիգիենիկ համաճարակային ծառայության աշխատակիցների կողմից։ Մթնոլորտային օդի նմուշ վերցվել է օրվա տարբեր, հիմնականում կեսօրին մոտ ժամերին՝ ավտոմոբիլային տրանսպորտի ինտենսիվ եւ սահմանափակ երթեւեկություն ունեցող փողոցներից, այգիներից, մայրուղիների շրջակայքում գտնվող պուրակներից։ Նմուշը վերցվել է գետնից 1.5 մ բարձրությունից՝ մեկ օրվա ընթացքում առանձին կետերից 3-4 անգամ։ Դրա նպատակն էր հաստատել օրվա ընթացքում ածխածնի օքսիդի խտության գործակցի փոփոխությունները։ Ստացված տվյալները ցույց են տալիս, որ Երեւանի օդում ածխածնի օքսիդի թույլատրելի սահմանային խտությունը օրվա միջին նորման գերազանցում է մոտավորապես 6 անգամ։ Գարնան, ամռան ամիսներին, երբ ծառերի տերեւները այգին պաշտպանում են աղտոտվելուց, գազի խտությունը նվազում է՝ հասնելով 2.8 մգ/խմ-ի։ Սա մեկ անգամ եւս ապացուցում է, որ կանաչապատումն ունի պաշտպանական մեծ նշանակություն։ 90-ականներին, երբ Հայաստանը գտնվում էր շրջափակման մեջ, հանրապետության ողջ տարածքում զանգվածային ծառահատում կատարվեց։ Ցավոք, այս խնդիրը, ինչպես նաեւ էկոլոգիական մյուս խնդիրները չեն գտնվում կառավարության ուշադրության կենտրոնում եւ մինչեւ օրս տնկված ծառերի չնչին մասն է խնամվել ու կանաչել։ Մնացածն էլ մատնվել է անուշադրության. հատվում են կրկին եւ փոխարենը կառուցվում բենզալցակայաններ, խանութներ, հյուրանոցներ եւ այլ շինություններ։ Ստացված տվյալները թույլ են տալիս առաջարկելու Երեւանում ավտոմոբիլային տրանսպորտից արտազատված գազերից օդի կեղտոտվածության աստիճանը նվազեցնելու մի շարք միջոցառումներ՝ պետական ավտոտեսչության եւ հիգիենիկ համաճարակային ծառայության կողմից սահմանել հսկողություն, որպեսզի մեքենաները երթի դուրս գան սարքին վիճակում, պատասխանատվության ենթարկել այն վարորդներին, ովքեր խախտում են ավտոմեքենայի շահագործման կանոնները, հատկապես քաղաքի տարածքում հանձնարարել պետավտոտեսչությանը՝ արգելել ծուխ արձակող ավտոմեքենաների երթը եւ վարորդներին ենթարկել պատասխանատվության, կանաչապատել փողոցների եւ հատկապես գլխավոր ավտոմայրուղիների շրջակայքը, ներքաղաքային ավտոտրանսպորտը հնարավորին չափ փոխարինել էլեկտրականությամբ աշխատող տրանսպորտով։ ԱՐՍԵՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ՀՊՃՀ էներգետիկայի ֆակուլտետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930