Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ՒՄ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ՅԱՍԵՐ ԱՐԱՖԱԹԸ

Ապրիլ 27,2002 00:00

Ո՞ՒՄ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ՅԱՍԵՐ ԱՐԱՖԱԹԸ Անկասկած, հրեաները վերջին շրջանում բազում հնարավորություններ են ունեցել սպանելու, բանտարկելու կամ արտաքսելու պաղեստինցիների առաջնորդ Արաֆաթին, սակայն իրականում խուսափում էին վճռական քայլ անել այդ հարցում։ Ինչո՞ւ։ Ժամանակին Ռուսաստանը հսկայական ջանքեր գործադրեց չեչեն անջատողականների առաջնորդ գեներալ Դուդաեւին հետախուզելու եւ ոչնչացնելու համար։ Բայց դրանից հետո չեչենների շարժումը դարձավ միայն ավելի ծայրահեղական եւ անկանխատեսելի, ի հայտ եկան վահաբիզմը եւ այլերկրյա վարձկաններ, ինչը, վերջիվերջո, վնասեց երկու կողմին էլ։ Իսրայելի ղեկավարները երեւի թե քաջ գիտակցում են, որ նման իրավիճակ կարող է ստեղծվել Արաֆաթին քաղաքական թատերաբեմից վերացնելու դեպքում։ Նրանք, իհարկե, պետք է ցուցադրական գործողություններ իրականացնեն Արաֆաթին չեզոքացնելու ուղղությամբ, քանզի դա է պահանջում Իսրայելի ժողովուրդը։ Վերջապես ակնհայտ է դարձել, որ հենց Արաֆաթն է կոորդինացնում ահաբեկչական կազմակերպությունների գործունեությունը։ Մյուս կողմից էլ, Արաֆաթի փոխարեն կարող են հայտնվել ավելի մարգինալ եւ ծայրահեղական առաջնորդներ, որոնց հետ ավելի դժվար կլինի ե՛ւ պայքարել, ե՛ւ բանակցել։ Այդ տեսանկյունից Յասեր Արաֆաթը՝ որպես փորձառու եւ հավասարակշռված քաղաքական գործիչ, ավելի ձեռնտու է թե հրեաներին, թե միջնորդ երկրներին եւ կազմակերպություններին։ Ուստի Իսրայելը «կզիջի» այդ հարցում ԱՄՆ-ի ճնշմանը, ինչը, սակայն, չի տարածվի պատերազմական գործողությունները ավարտելու խնդրի վրա։ Իսրայելը դուրս կբերի զորքերը ըստ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ միջազգային կազմակերպությունների պահանջի, բայց արաբները կիրագործեն նոր ահաբեկչական ակտեր, եւ հրեաները կվերսկսեն պատժամիջոցները, նպատակ ունենալով՝ տանել վերջնական հաղթանակ։ Հետաքրքիր է, որ ժամանակի ընթացքում փոփոխության է ենթարկվում առանձին մահմեդական երկրների վերաբերմունքը՝ արաբա-իսրայելյան հակամարտությանը։ Եթե առաջ, օրինակ, Թուրքիան հաճոյանալով ԱՄՆ-ին, միանշանակ կանգնած էր Իսրայելի կողմը, ապա այսօր պաշտոնական հայտարարություններ են արվում, որ Իսրայելը գենոցիդի քաղաքականություն է վարում պաղեստինցիների հանդեպ։ Փաստորեն, զգացնել են տալիս «ներքեւից» եկող ազգայնական տրամադրությունները եւ մահմեդական միասնության գաղափարը։ Ի հակառակ դրան, մահմեդական աշխարհի առաջատար Իրանը սկսել է ավելի զգույշ պաշտպանել պաղեստինցիներին։ Հարցն այն է, որ ավանդական իսլամի ջատագովը՝ Իրանը, դժգոհ է վահաբիզմի ազդեցության աճով պաղեստինյան շարժումից։ Վերջին շրջանի ահաբեկչական ակտերի ուղղվածությունը, ըստ Իրանի առաջնորդների, ոչ մի ընդհանուր բան չունի մահմեդական հավատքի հետ։ Բայցեւայնպես, եթե պատերազմը շարունակվի դեռ երկար, դա կբերի մահմեդական աշխարհի կոնսոլիդացմանը՝ ընդդեմ «ամերիկա-հրեական» ագրեսիայի։ Այդ միտումը կաճի տասնապատիկ՝ Իրաքի դեմ պատերազմական գործողություններ սկսելու դեպքում։ Վերոնշյալից ակնհայտ է, որ դա կտրականապես անընդունելի է։ Բայց փորձեք բացատրել դա ԱՄՆ-ին, որի քաղաքականությունը գնալով նմանվում է առաջին համաշխարհային պատերազմի ժամանակների գերմանական հրասայլի։ Միգուցե Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան, ՄԱԿ-ը եւ մահմեդական երկրները միասնական ջանքերով կարողանան բացատրել դա։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՂԱՄԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել