Լրահոս
Օրվա լրահոսը

Կարճման ենթակա էլի մի դրվագ

Ապրիլ 30,2002 00:00

Կարճման ենթակա էլի մի դրվագ Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում շարունակվում է ՔՊԻ վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի դատավարությունը: Ամբաստանյալին երեկ հարցաքննում էին պետական մեղադրող պարոն Փիլոյանն ու փաստաբան Ռ.Գրիգորյանը, բայց մենք դրան, ինչպես միշտ, կանդրադառնանք առաջիկա շաբաթ օրը: Այսօր հարկ ենք համարում շարունակել հրապարակել Մ.Սաղաթելյանի փաստաբան Ռ.Գրիգորյանի տեսակետները նրա պաշտպանյալի նկատմամբ հարուցված մեղադրանքների եւ դրանց օրինականության շուրջ: Ըստ նրա, ի թիվս մեր նախորդ համարներում հիշատակված մյուս մեղադրանքների, շինծու է նաեւ Մ.Սաղաթելյանին ՔՕ 152/1 հոդվածով առաջադրված՝ պաշտոնական դիրքի չարաշահում, մեղադրանքը: Հիշեցնենք, որ ՔՕ հիշյալ հոդվածով Մ.Սաղաթելյանը մեղադրվում է այն բանում, որ 1992թ. նոյեմբերին միջնորդել է հորեղբոր որդուն՝ Հակոբ Մարտիրոսյանին ՆԳ համակարգում աշխատանքի ընդունելու հարցում՝ իմանալով, որ բուհ ավարտելու վերջինիս դիպլոմը կեղծ է: Փաստաբան Գրիգորյանի պնդմամբ, իր պաշտպանյալի գործողություններում հանցադեպ չկա: Փաստաբանը փորձեց հիմնավորել իր կարծիքը: «Նախ Հ.Մարտիրոսյանը՝ ցուցմունքներ տալով դատարանում, պարզաբանեց, որ իրեն ՆԳ համակարգում աշխատանքի անցնելու առաջարկ է արել ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանը, որ Մ.Սաղաթելյանը դրա հետ առնչություն չի ունեցել, բացի այն, որ միջնորդագիր է գրել՝ չիմանալով, որ ինքը՝ Հ.Մարտիրոսյանը, բուհական կրթություն չունի: Իսկ մեկ-երկու՝ ՆԳ համակարգում աշխատողի միջնորդություն, որքան մենք պարզեցինք, պետք է ցանկացած մեկի, որն ուզում է աշխատանքի անցնել այդ համակարգում: Մ.Սաղաթելյանն էլ՝ որպես համակարգի աշխատող, տվել է այդ միջնորդագիրը եւ այդ իմաստով պաշտոնական դիրքի չարաշահում չի արել: Ինչ վերաբերում է իր հորեղբոր որդու բուհում սովորել-չսովորելուն, Մ.Սաղաթելյանը տեղյակ չի եղել: Համենայն դեպս, այդպես են պնդում նա եւ Հ.Մարտիրոսյանը: Չկա որեւէ մեկը, որ պնդի ու ապացուցի հակառակը»: Մյուս կողմից, փաստաբանը հիշեցրեց ՆԳՆ Կադրերի վարչության պետ Գ.Մինասյանի այն հայտարարությունը, թե ՆԳ համակարգ աշխատանքի ընդունելիս նախ պարզում են հնարավոր թեկնածուի անձը, նրա հարազատների ցանկը, հետո սկսում են ստուգումներ իրականացնել, ինչը ամիսներ է տեւում: Փաստաբանը նաեւ այդ պաշտոնյայի խոսքերը մեջբերելով՝ նկատեց. «Հ.Մարտիրոսյանին ՆԳ համակարգ ընդունելու հարցում էլ ընթացակարգը նույնն է եղել, եւ այդ իմաստով Մ.Սաղաթելյանի միջնորդությունը միայն չնչին եւ ոչ լիարժեք պայման է եղել Հ.Մարտիրոսյանի աշխատանքի անցնելու հարցում: Ի վերջո, կարող էր չէ՞ ստուգումների արդյունքում պարզվել, որ Հ.Մարտիրոսյանն ամենեւին էլ այն թեկնածուն չէր, որ կարող էր աշխատել այդ համակարգում, վերջապես, կարող էր բացահայտվել կեղծիքը: Մ.Սաղաթելյանի եւ ընդհանրապես երաշխավորությունն այդ դեպքերում ոչ թե ՆԳ համակարգ ընդունելու, այլ թեկնածության հարցը քննելու հիմք են տալիս եւ վճռական դեր չեն խաղում եւ չեն խաղացել, առավել եւս, երբ Հ.Մարտիրոսյանին ՆԳ համակարգում աշխատելու է հրավիրել ՆԳ նախարարը: Ահա թե ինչու է այդ մեղադրանքը եւս անհեթեթ, եւ ահա ինչու պետական մեղադրողը շատ հանգիստ խղճով կարող է հրաժարվել նաեւ այդ մեղադրանքից»,- կարծիք հայտնեց փաստաբան Գրիգորյանը: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել