Լրահոս
Օրվա լրահոսը

Դեռ կհասցնի սովորել

Մայիս 15,2002 00:00

Դեռ կհասցնի սովորել «Առավոտում» տպագրված «Ո՞ւմ դեմ է պայքարում ԵՊՀ-ի ռեկտորատը» հոդվածի վերջում գրել էինք, որ թերթի ուշադրության կենտրոնում է գտնվում այս գործը։ Հոդվածը Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնի շրջանավարտ, բացարձակ գերազանցիկ, կարմիր դիպլոմակիր Աղավնի Կարապետյանին մագիստրատուրայի անվճար համակարգում չընդգրկելու մասին էր։ ԵՊՀ-ի ռեկտորատը խախտել է ՀՀ «Կրթության մասին» օրենքը, ավելացրել մի կետ, ըստ որի, մրցույթի առկայության դեպքում հաշվի են առնվում նաեւ քննությունների վերահանձնումները։ Աղավնին մեկ առարկայից ունեցել է վերահանձնում։ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Ռ. Ներսիսյանը պաշտպանեց աղջկա ոտնահարված իրավունքները, բավարարեց հայցը եւ վճռեց՝ անվավեր ճանաչել ԵՊՀ-ի 2001-2002 ուստարվա մագիստրատուրայի ընդունելության կանոնագրի 6-րդ կետի «ա» ենթակետի «վերահանձնումների» մասը։ Անվավեր ճանաչեց նաեւ մագիստրատուրայի հանձնաժողովի 12.06.2001թ. արձանագրային որոշումը՝ Աղավնի Կարապետյանին վճարովի համակարգում ընդգրկելու մասով, պարտավորեցնելով ԵՊՀ-ի ռեկտորատին, մագիստրատուրայի մանդատային հանձնաժողովին՝ նրան ընդգրկել անվճար համակարգում։ ՀՀ վերաքննիչ դատարանը մերժեց աղջկա հայցը։ Պայքարը հասավ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ տնտեսական գործերով պալատ։ Նախագահ Ա. Մկրտումյանին հետաքրքրում էր, թե չորս «գերազանց» հավակնորդներից մագիստրատուրայի անվճար համակարգում կա՞ր հինգերորդը, թե՞ ոչ։ «Հինգերորդի դեպքում ոչ ոք չէր առարկի, որ հինգերորդը կլինի Աղավնի Կարապետյանը»,- նիստի ժամանակ հայտարարեց նա։ Թվում էր, որ հայտարարությունը կսթափեցներ ԵՊՀ-ի լիազոր ներկայացուցիչ, իրավաբան տիկին Մինասյանին, որը կասեր ճշմարտությունը, թյուրիմացության մեջ չէր գցի պալատի հինգ ճանաչված դատավորներին։ Դա տեղի չունեցավ։ ՀՀ վճռաբեկ դատարանի արձակած վճռից հետո ստուգեցինք ԵՊՀ-ի ներկայացրած փաստերը։ Պարզվեց, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ տնտեսական գործերով պալատի նախագահ Ա. Մկրտումյանի կանխազգացումը խաբուսիկ չէր։ Արաբագիտության բաժնի մագիստրատուրայի անվճար համակարգում ընդգրկվել էր ոչ թե 4, այլ 5 հավակնորդ։ Հինգերորդը ոչ թե մեկ, այլ երկու առարկայից է ունեցել «վերահանձնում», առավելությունը՝ ծնողների դասախոս լինելն է։ Նույն ֆակուլտետի թուրքագիտության բաժնի երկու գերազանցիկների համար երեք տեղ են հատկացրել։ Նոր փաստեր հայտնաբերելուց հետո սպասում էինք, որ Աղավնի Կարապետյանը նոր հայց կներկայացնի ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ տնտեսական գործերով պալատին։ Սակայն այդ մասին մեր հարցին նա պատասխանեց. «Հինգերորդի դեմ պայքարել չեմ ուզում։ Նա իմ մանկության ամենամոտ ընկերուհին է։ Նրան կորցնել չեմ ուզում, սովորել՝ կհասցնեմ»։ Իհարկե, Աղավնին կհասցնի սովորել, բայց ինչո՞վ է համոզված, որ նույն ԵՊՀ-ի ռեկտորատը նորից չի խախտի անուշադրության մատնված ՀՀ «Կրթության օրենքը»։ ԺԵՆՅԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել