Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՄԱ ԷԼ՝ ՏԵՂՈՒՄՆԵՐԸ

Մայիս 18,2002 00:00

ՀԻՄԱ ԷԼ՝ ՏԵՂՈՒՄՆԵՐԸ Գյուղացու առօրյա խնդիրներին այս տարի անսպասելիորեն գումարվեց եւս մեկը, որը սկիզբ կարող է դառնալ բազում անցանկալի հետեւանքների։ Շաբաթներով շարունակվող տեղումները անբարենպաստ պայմաններ են ստեղծել հողի աշխատավորի համար։ Եթե ոչ վաղ անցյալում երաշտն էր ոչնչացնում դաշտի բերքը կամ էլ ցանքը ուշանում էր պետության ուղարկած սերմացուի՝ հասցեատիրոջը ոչ ժամանակին հասնելու պատճառով, ապա այս տարի այս եւ մյուս խնդիրներին ավելացել են առատ տեղումները։ Ինչպես հավաստեց Հայհիդրոմետ վարչության Սյունիքի մարզի Սիսիանի օդերեւութաբանական կայանի պետ Խաչիկ Հարությունյանը, այս տարի Սիսիանի տարածաշրջանում տեղումների քանակը ապրիլ ամսին կազմել է 48 մմ նորմայի փոխարեն՝ 116 մմ։ Պետք է նշել, որ վերջին 50 տարվա ընթացքում ապրիլ ամսին տեղումների այսպիսի քանակ չի արձանագրվել։ Տարվա այն եղանակին, երբ հարկավոր է ոռոգել ցանքատարածությունները, տեղումներ չեն լինում, իսկ երաշտի հասցրած վնասները փորձում են մեղմել պարբերաբար ստացվող «կցկտուր» օգնությունները։ Իսկ այս տարվա վնասների քանակը դեռ հայտնի չէ, ինչպես նաեւ հայտնի չէ, թե ով է գյուղացուն այս անգամ սատար կանգնելու։ Ըստ մարզպետարանի գյուղվարչության պետ Քաջիկ Խաչատրյանի, այս տարի մարզում 7000 հա հատիկային եւ 4000 հա բանջարաբոստանային կուլտուրաների գարնանացանի փոխարեն կատարվել է միայն 2000 հա հատիկային, իսկ Սիսիանի տարածաշրջանում 4000 հա եւ 1250 հա բանջարաբոստանայինի փոխարեն կատարվել է միայն 1300 հա հատիկային (հաճար եւ գարի), այն էլ՝ բարձր գոտիներում։ Եթե գյուղացին անցյալ տարի երկնքից մի կաթիլ ջուր էր հայցում, ապա այժմ արեւի շողերին է կարոտ։ Հուսահատ գյուղացուն սպառնում է սովի վտանգը, քանզի որպես գոյատեւման միջոց՝ հացն ու կարտոֆիլն են նվազագույն պայմաններ ապահովում։ ԱՐՏՈՒՇ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել